2024-ի նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները զգալի առավելությամբ հաղթանակ պարգեւեցին նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որը նաեւ օրենսդիր մարմնում ապահովված կլինի հանրապետական մեծամասնության զգալի ներկայությամբ։ Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ ընտրություններին հետեւում էին՝ հաշվի առնելով երկու թեկնածուների եւ առհասարակ, դեմոկրատների եւ հանրապետականների ավանդական արտաքին քաղաքական ավանդույթները։ Ընտրյալ նախագահ Թրամփն իր նախորդ ժամկետի օրոք աչքի էր ընկնում ընդգծված իզոլյացիոնիստական քաղաքականությամբ՝ կենտրոնանալով ԱՄՆ ներքին խնդիրների վրա եւ երկրորդական պլան մղելով արտաքին քաղաքական շատ հարցեր։ Բացի դրանից, Թրամփի «առաջին» վարչակազմը ընդգծված հակաիրանական եւ պրոիսրայելական դիրքորոշում ուներ։
Տարածված կարծիքի համաձայն, Հարավային Կովկասում Թրամփի հաղթանակին ավելի շատ սպասում էին Բաքվում, իսկ Երեւանում, հակառակը, «աջակցում էին» դեմոկրատ Քամալա Հարիսին, այն հույսով, որ նա կժառանգի հեռացող վարչակազմի ջերմ հարաբերություններւ Հայաստանի հետ։
Արդյո՞ք 47-րդ նախագահ Թրամփը նույն արտաքին քաղաքականությունը կվարի, որքան 45-րդ նախագահ Թրամփը, ի՞նչ կշահեն կամ կկորցնեն հակամարտող կողմերը ամերիկացիների ընտրություններից եւ առհասարակ, ի՞նչ կշահի կամ կկորցնի բանակցային գործընթացը։
Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության եւ «Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ բովանդակային, համակողմանի եւ հանգամանալից երկխոսության ընդլայնում» ծրագրի շրջանակներում այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել են քաղաքագետներ Բենիամին Պողոսյանը եւ Ահմադ Ալիլին։