Վերջին մի քանի տարիներին հայ-ադրբեջանական բանակցային սեղանին եւ դրա շուրջ, ինչպես նաեւ հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերում, շատ բան է փոխվել։ Սակայն մեկ բան մնացել է անփոփոխ՝ հասարակությունները պետք է սովորեն շփվել միմյանց հետ, փորձեն հասկանալ իրար եւ հնարավորինս հետ մղել նոր էսկալացիաների հավանականությունը։
Արցախյան երկրորդ լայնածավալ պատերազմից ու դրան հաջորդած մի քանի արյունոտ դրվագներից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները զգուշորեն փորձում են վերականգնել «ժողովրդական դիվանագիտության»՝ հանրությունների մակարդակում երկխոսության փորձերը։ Ինչպե՞ս եւ ինչի՞ մասին երկխոսել՝ արդյո՞ք պետք է բարձրացնել ցավոտ հարցեր ու ակնկալել պատասխաններ, թե՞ ցանկալի է չբացել դեռ թարմ վերքերն ու առայժմ խուսափել սուր անկյուններից։ Արդյո՞ք Track 2 մակարդակում երկխոսության մասնակիցները պետք է հավակնոտ նախաձեռնությունների մասին մտածեն, թե՞ ցանկալի է զգուշորեն հետեւել պետությունների գործողություններին եւ շարժվել համընթաց։
Այս եւ այլ հարցերի մասին «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում զրուցել են բնապահպան ակտիվիստ Գոռ Հովհաննիսյանը եւ քաղաքագետ Օրհան Նաբիեւը, որոնք վերջերս մասնակցել են Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների կազմակերպած հայ եւ ադրբեջանցի հասարակակ3ան գործիչների միջեւ ներկայացուցչական հանդիպմանը Թբիլիսիում։
Հաղորդումը պատրաստվել է ԵՄԱ եւ ԲՄԱ «Շփման գիծ» նախաձեռնությամբ «Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ բովանդակային, համակողմանի եւ հանգամանալից երկխոսության ընդլայնում» ծրագրի շրջանակներում։