Skip to content

ԵՄ – ԱՄՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵ՞Ր, ԹԵ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ

Փետրվարի 14-16-ին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովը շոկային էր միջազգային քաղաքականության համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը, որով Վաշինգտոնի ներկայացուցիչը կոշտ քննադատության ենթարկեց Եվրոպայի քաղաքականությունը,  եւ եվրոպական լիդերների ոչ պակաս կտրուկ արձագանքը, շատ վերլուծաբանների հիմք տվեց մտածելու, որ եվրաատլանտյան համագործակցությունը աննախադեպ արժեքային եւ աշխարհայացքային ճգնաժամի առաջ է կանգնած։ Վաշինգտոնը Թրամփի երկրորդ պաշտոնավարմամբ տրամագծորեն փոխել է իր մոտեցումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում՝ փորձելով վերաշարադրել վերջին մի քանի տարիների իրադարձությունների ընկալումն առհասարակ, եւ բանակցություններ է սկսել Մոսկվայի հետ՝ անտեսելով  եվրոպական մայրաքաղաքների դիրքորոշումը։ Այս պայմաններում Եվրոպան փորձում է վերադիրքավորվել եւ վերանայել անվտանգության ճարտարապետության մասին մինչ այս գոյություն ունեցող պատկերացումները։

Արդյո՞ք այս գործընթացը կարելի է համարել Եվրոպայի եւ Ամերիկայի ապահարզան, թե՞ դեռ հնարավոր է փրկել միությունը։ Ի՞նչ հետեւանքներ կունենան այս փոփոխությունները Հարավային Կովկասում եւ, մասնավորապես, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վրա։ Կարո՞ղ է, արդյոք, «հավաքական Արեւմուտքի» պասիվացման ֆոնին կրկին ակտիվանալ Ռուսաստանի դերակատարությունը, թե՞ «սուրբ տեղը» կփորձեն լցնել տարածաշրջանային եւ գլոբալ այլ խաղացողներ։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Շփման գիծ․ Արդիական թեմա» հաղորդման շրջանակներում «ՍիվիլՆեթի» եթերում զրուցել են քաղաքագետ, Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը եւ Թոփչիբաշեւի վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ։