Skip to content

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ․ «ՇՓՄԱՆ ԳԾԻ» ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնությունը, որը մեկնարկեց 2023-ի դեկտեմբերին, լուրջ արդյունքներ է գրանցել։ Բավական է միայն նշել, որ շուրջ մեկ տարվա ընթացքում հեռարձակված 45 հաղորդումները ընդհանուր 1,2 միլիոն դիտում են ունեցել։ Հաղորդաշարի հիմնական սկզբունքն է՝ փորձագետները կարող են ազատորեն ներկայացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների այս կամ այն ասպեկտին վերաբերող իրենց տեսակետները, բանավիճել զրուցակցի հետ, սակայն միեւնույն ժամանակ փորձել խուսափել փակուղի տանող փոխադարձ մեղադրանքներից եւ լուծումներ առաջարկել։

2025-ի սկզբից «Շփման գիծը» շարունակում է հայ-ադրբեջանական փորձագիտական երկխոսությունը։ Այժմ ոչ միայն երկխոսության ձեւաչափն է ընդլայնվել, այլեւ նախագիծը ստացել է պարբերական բնույթ։ Յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին Բաքվի PressKlub TV եւ երեւանյան CivilNet յութուբյան ալիքներով հեռարձակվում են «Շաբաթվա իրադարձությունները» եւ «Արդիական թեմա» խորագրով հաղորդումները։ Իր պարբերականությամբ, ձեւաչափով ու աշխատանքները համատեղ կազմակերպելու բնույթով, այս նախաձեռնությունը կարելի է բացառիկ համարել մեդիայում հայ-ադրբեջանական երկխոսության նախկին ու ներկա փորձառության մեջ։

Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների ղեկավարները՝ Բորիս Նավասարդյանը եւ Արիֆ Ալիեւը զրուցել են ծրագրի գրանցած արդյունքների եւ հեռանկարների մասին։ Զրուցակիցները համաձայն են այն հարցում, որ ներկա աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունները հաստատում են հին ճշմարտությունն այն մասին, որ «խեղդվողների փրկությունը նրանց իսկ ձեռքերում է»։