Անցած շաբաթ շարունակվում էր Բաքվում պահվող հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության նկատմամբ դատավարությունը, որը Հայաստանում բուռն էմոցիոնալ արձագանքներ է գտնում՝ ստիպելով քաղաքական եւ հասարակական լայն շրջանակներին՝ պահանջել ՀՀ կառավարությունից, որ գերիների հարցին հայ-ադրբեջանական բանակցություններում առանձնահատուկ եւ կարեւոր տեղ հատկացվի։ Ադրբեջանական հասարակությունում համարում են, որ «անցումային արդարադատությունը» կարեւոր է՝ նախորդ 30 տարիների իրադարձություններին համարժեք գնահատական տալու համար։ Հայաստանում կարծում են, որ կոնֆլիկտի ընթացքում տեղ գտած ռազմական կամ այլ հանցագործությունների մեջ նույն հաջողությամբ կարող են մեղադրվել ադրբեջանական կողմի տասնյակ ներկայացուցիչներ։ Արդյո՞ք անցյալի դրվագների վրա կենտրոնանալը կնպաստի խաղաղությանը, թե՞ հակառակը՝ կբարդացնի առանց այդ էլ բարդ ճանապարհը։
Շարունակվում է քննարկման առարկա մնալ երկու երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Կողմերը դեռ չեն կարողանում մոտեցնել տեսակետները ճանապարհների բացման հաջորդականության եւ դրանց ապագա աշխատանքի ռեժիմները որոշելու հարցում։
Սիրիայում վերջերս տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էլ արյունահեղությունն ու քաղաքացիական անձանց դեմ բռնությունները չեն դադարում այդ երկրում։ Օրերս աշխարհը կրկին սահմռկեցուցիչ լուրեր էր ստանում երկարամյա պատերազմից բզկտված արաբական հանրապետությունից։ Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սիրիական իրադարձությունները մեր տարածաշրջանի վրա։
«ՍիվիլՆեթի» եթերում «Շփման գիծ․ շաբաթվա իրադարձություններ» հաղորդման հերթական թողարկման ընթացքում այս եւ այլ հարցեր են քննարկել քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ահմեդ Ալիլին։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ։