ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզարշավը քիչ ավելի հետաքրքիր է դառնում: Դրա լուսաբանումն էլ՝ համապատասխանաբար:
Հայաստանի համազգային հեռուստաալիքներում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության լուսաբանման մոնիտորինգը, որն իրականացվում է Երևանի մամուլի ակումբի կողմից, հետազոտության երկրորդ փուլում թե բացահայտումներ է կատարում, թե հաստատում է առաջին փուլի բացահայտումները:
Առնվազն մոնիտորինգի առաջին փուլի համեմատությամբ (2015թ. հոկտեմբերի 26 – նոյեմբերի 5), հաջորդ երկու շաբաթները շատ ավելի հագեցած են եղել նախ՝ խմբագրական նյութերով ու նաև՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների օգտին կամ դեմ քարոզչությամբ:
Հանրաքվեի թեմայի լուսաբանման ինտենսիվության համեմատական աճը մոնիտորինգի երկրորդ փուլում առավել տեսանելի է դարձրել այն խնդիրները, որոնք առկա են հանրաքվեների քարոզարշավների նորմատիվ-օրենսդրական կարգավորման և իրավակիրառ պրակտիկայի ոլորտներում ընդհանրապես:
Եթե առաջին փուլում (հոկտեմբերի 26 – նոյեմբերի 5) խորհրդարանական խմբակցությունների եթերային լուսաբանումը հանրաքվեի համատեքստում ավելի հավասարակշռված է եղել, ապա նոյեմբերի 6-19-ն ընկած ժամանակահատվածում հետազոտված հեռուստաալիքներում պակասել է հանրաքվեի թեմաներով իրենց դիրքորոշումներն արտահայտելու՝ նրանց հնարավորության տրամադրումը:
«Այո»-ի ճակատից հանրությանը սեփական դիրքորոշումը բացատրելու հիմնական ծանրությունը ինքնակամ տարել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ): Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) լրատվամիջոցներում կարելի է ասել քարոզարշավ չի էլ իրականացնում:
Որքան էլ «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչները պարբերաբար դժգոհում են հեռարձակվող լրատվամիջոցներում իրենց երևալու հնարավորություններից, այնուամենայնիվ, ԵՄԱ հետազոտության երկու փուլերում էլ (հոկտեմբերի 26 – նոյեմբերի 19) խմբագրական եթերաժամանակի գումարային ամենամեծ ծավալը հակադիր ճամբարից հենց ՀԱԿ-ինն է: «Նրան հետևող «Օրինաց երկիր» (ՕԵԿ) և «Ժառանգություն» կուսակցությունները, հետազոտված հեռուստաալիքներում նույնիսկ երկուսին տրամադրված ժամանակի գումարով, էականորեն հետ են մնում ՀԱԿ-ից»,- արձանագրում է մոնիտորինգի միջանկյալ հաշվետվությունը:
Որքան Սահմանդրության փոփոխություններին «այո» ասող խորհրդարանական ուժերը շատ են հայտնվել հայաստանյան եթերում (իսկ նրանք ավելի շատ են հայտնվել, քան «ոչ» ասող խորհրդարանականները) նրանց խոսքն էլ բնականաբար ավելի համեմված է եղել հօգուտ «այո»-ի:
Իսկ, այ, անկախ պատգամավորներ/արտախորհրդարանական կուսակցություններ, քաղաքացիական հասարակություն/փորձագիտական հանրություն/ոչ ֆորմալ քաղաքացիական ակտիվիստներ, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների կապակցությամբ ձևավորված նախաձեռնությունների անդամներ խմբերի ներկայացուցչները ավելի շատ բացասական արտահայտություններ են արել:
Հայաստանյան այն վեց հեռարձակողները, որոնց եթերը ենթարկվել է հետազոտության ԵՄԱ-ի կողմից, նոյեմբերի 6-19-ն ընկած ժամանակահատվածում շարունակել են և նույնիսկ խորացրել անցյալ փուլի իրենց անուշադրությունը Սահմանադրության փոփոխությունների կապակցությամբ ձևավորված նախաձեռնությունների նկատմամբ: Օրինակ, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչները երկու շաբաթվա ընթացքում հետազոտված հաղորդումներում ընդհանրապես եթերաժամանակ չեն ստացել:
«Այս հանգամանքը կարելի է գնահատել որպես անուղղակի ապացույց նորմատիվ-օրենսդրական հիմքի անկատարության, որը հեռարձակվող ԶԼՄ-ներում որպես քարոզարշավի մասնակից դիտարկում է գրեթե բացառապես խորհրդարանական խմբակցություններին»,- եզրակացանում է ԵՄԱ հաշվետվությունը:
Մի առանձին՝ ոչ պակաս հետաքրքիր թեմա է քարոզարշավի համար տրամադրված վճարովի եթերաժամանակի բաշխումը: «Այն ավելի է խորացրել երկու ճամբարների միջև անջրպետը. փոփոխությունների կողմնակիցներն իրենց ընդդիմախոսների վճարովի եթերից ծավալով 26 անգամ ավելի շատ են օգտվել քարոզարշավի անցկացման այս հնարավորությունից: Միայն ՀՀԿ-ն ավելի քան 10 անգամ շատ է վճարել քարոզչական ժամանակի համար, քան խորհրդարանական մյուս բոլոր 5 խմբակցությունները՝ միասին վերցրած»,- արձանագրում է հաշվետվությունը: Եվ փաստում, որ «համեմատելի չեն իշխող քաղաքական ուժի և բոլոր մյուսների տիրապետության տակ գտնվող ֆինանսական ռեսուրսները»:
Անշուշտ այստեղ նույնպես դեր է խաղում քարոզարշավը խորհրդարանական խմբակցություններով սահմանափակելու օրենսդրական անկատարությունը:
Սա տեղիք է տալիս ենթադրելու, որ հեռուստաալիքները ԿԸՀ-ի կողմից հաստատված կարգի համապատասխան դրույթն ընկալել են որպես արգելք՝ վճարովի քարոզարշավի բլոկներում ժամանակ տրամադրել ցանկացած այլ շահագրգիռ քաղաքացիների և նրանց միավորումներին : Ինչն, իրոք, այս քարոզարշավի ամենալուրջ խնդիրներից մեկն է:
Գործընկերների կապակցությամբ հպարտությունը շարունակվում է:
ԶԼՄ-ների ներկայացուցիչները, լրագրողները, ինչպես առաջին փուլում էր, հանրաքվեի թեմայով ամենաքիչն են արտահայտվել: Իսկ եթե նույնիսկ արտահայտվում էին, ապա դա անում էին պահպանելով լիակատար չեզոքություն:
Այն դեպքում, երբ միջպետական կառույցների ներկայացուցիչները չէին դիմանում և մի քանի անգամ արտահայտվում էին Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին, ընդ որում՝ նաև դրական:
Բովանդակային առումով հետազոտության երկրորդ փուլը Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեի լուսաբանման բազմազանություն է արձանագրում: «Եթե նախորդ 11 օրերին բանավեճն ընթանում էր հիմնականում կառավարման խորհրդարանական ձևին անցնելու կամ քվեարկության ընթացակարգային հարցի շուրջ, ապա հաջորդող երկու շաբաթների ընթացքում շոշափվում էին Հիմնական օրենքի փոփոխությունների նախագծի նաև այլ ասպեկտներ»:
Լուսանկարը՝ transparency.am կայքից:
[…] Աղբյուրը՝ Երևանի մամուլի ակումբ […]