ՌԵՖՈՐՄԻ ԹԵՄԱՆ՝ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՂ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ

New Picture (14)«Հետազոտված հայաստանյան վեց համազգային հեռուստաալիքների կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեին նախորդած քարոզարշավի լուսաբանումն ընդհանուր առմամբ կատարվել է հանրաքվեի մասին ՀՀ օրենսդրության շրջանակներում»,- իր հետազոտության վերջնական հաշվետվության մեջ արձանագրում է Երևանի մամուլի ակումբը: Իհարկե, եղել են նաև համապատասխան կարգավորող ակտերով նախատեսված հավասարակշռված լուսաբանումից որոշակի շեղումներ, սակայն դրանք բացատրվում են քարոզարշավի որոշ մասնակիցների պասիվությամբ և «ԶԼՄ-ների հետ երկրի ղեկավարի շփման բոլոր հազվադեպ առիթների լայն լուսաբանման ավանդույթներով»:

Մոնիտորինգի հեղինակները գտնում են, որ Սահմանադրության փոփոխությունների թեմայով հետաքրքրվող հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու երկրի Հիմնական օրենքում նախատեսված փոփոխությունների մասին տարբեր կարծիքների և դիրքորոշումների: Այսպիսի եզրակացության համար հիմք է հանդիսացել այն դիտարկումը, որ հեռարձակողները ձգտում էին այնպես կազմել իրենց ծրագրերը, որ նախագծի նկատմամբ արտահայտված դիրքորոշումները հավասարակշռվեին հակառակ կարծիքներով: Դրան մեծապես նպաստել է «Արմնյուզ» և «Ա1+» հեռուստաընկերությունների նախաձեռնած «Այո և Ոչ» ռեալիթի շոուի լուսաբանումը մոնիտորինգի ենթարկված երկու հեռուստաալիքներում (Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք և «Արմենիա»): Հետաքրքիրն այն է, որ դրանում կողմերի ներկայացվածությունը, միևնույն է, հարցեր է առաջացրել: Սակայն դա ոչ նախաձեռնող, ոչ էլ լուսաբանող ԶԼՄ-ների մեղքով չէ, այլ այն պատճառով, որ քարոզարշավի որոշ սուբյեկտներ չեն ցանկացել մասնակցել ռեալիթի շոուի նախագծի:

Հետազոտված ԶԼՄ-ները հիմնականում քարոզարշավը լուսաբանում էին և նորությունների, և հարցազրույցների, և թեև հազվադեպ, բայց նաև՝ բանավեճի ձևաչափով: «Լրագրողներն իրենց առջև նպատակ էին դնում բանավեճը բերել բովանդակային հարթություն»,- նշում է հետազոտությունը:

Սա նշանակալից է այն պատճառով, որ եթե մոնիտորինգի առաջին փուլում գերակշռում էին ընդհանուր քաղաքական բնույթի հայտարարությունները և հանրաքվեի նախապատրաստության և քվեարկության ընթացակարգերի գնահատականները, ապա հետագայում ավելի շատ ուշադրություն է դարձվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի բովանդակային կողմի վրա:

Այն, որ քարոզարշավի պաշտոնական սկիզբը հոկտեմբերի 10-ին էր, սակայն հեռուստատեսությամբ դրա մեկնարկը փաստորեն տրվեց գրեթե մեկ ամիս անց, պատճառ դարձավ, որ եթերում քարոզարշավը լինի ավելի կարճ, քան անհրաժեշտ էր երկրի Մայր օրենքի փոփոխությունների գործընթացում առավելագույն թվով ՀՀ քաղաքացիների ներգրավելու համար:

Իհարկե լրատվամիջոցներին ոչինչ չէր խանգարում խմբագրական եթերում լուսաբանել ռեֆորմի թեման, սակայն ՀՀ ԿԸՀ-ի կողմից սահմանված կարգով, հանրային հեռարձակողի եթերում քարոզարշավի անցկացման համար վճարովի և անվճար ժամանակ հատկացվել է միայն նոյեմբերի 6-ից սկսած: Եվ սա, չգիտես ինչու, դարձավ գործողությունների յուրօրինակ ուղեցույց բոլո՛ր հեռուստաընկերությունների համար:

Եվ միայն քարոզարշավի վերջին երկու շաբաթներում Սահմանադրության փոփոխությունների թեման համազգային ալիքներում դարձավ հիմնական:

«Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի լուսաբանման մոնիտորինգի հաշվետվություն» հետազոտությունն՝ ամբողջությամբ:

Նկարը՝ tna.am կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.