Ինքնակարգավորման նախաձեռնություն. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին

2007թ. հունվարի 9-ին Երևանի մամուլի ակումբը տարածեց Հայաստանի լրագրողական համայնքին ուղղված դիմում, որում առաջարկ էր արվում համատեղ մշակել մասնագիտական էթիկայի հիմնական նորմերը: ԵՄԱ-ն ցանկություն էր հայտնել, որ «այդ նորմերն ընդունելի լինեն ԶԼՄ-ների և լրագրողների հնարավորինս մեծ թվի կողմից և կիրառվեն նրանց առօրյա գործունեության ընթացքում»:

2007թ. փետրվարի 2-ին ԵՄԱ-ի նախաձեռնությանը հավանություն տված ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձևավորվեց աշխատանքային խումբ, որը մշակեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը և դրան կից Հռչակագիրը` ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման սկզբունքների վերաբերյալ:

2007թ. մարտի 10-ին վերոնշյալ փաստաթղթերն ընդունվել և ստորագրվել են ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը:

2007թ. մարտի 10-ի խորհրդակցությանը ընտրվել է նաև ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին (ԴՄ), որի կազմում ընդգրկված էին 7 հոգի:

2011թ. դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների ժողովում որոշում կայացվեց ընդլայնել ԴՄ-ի կազմը մինչև 14 անդամ (ընդ որում, ԴՄ-ի յուրաքանչյուր նիստին ռոտացիոն սկզբունքով մասնակցում է 7 անդամ):

2016թ. փետրվարի 28-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների հերթական ժողովում ԴՄ-ի կազմում տեղի ունեցան աննշան փոփոխություններ:

Այսօրվա դրությամբ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կազմը հետևյալն է`

Գեղամ Բաղդասարյան, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր

Ագնեսա Խամոյան, Yerkir.am-ի պատասխանատու խմբագիր

Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ

Մեսրոպ Հարությունյան, մամուլի փորձագետ

Արա Ղազարյան, իրավաբան

Գեղամ Մանուկյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Մեսրոպ Մովսեսյան, «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն

Գնել Նալբանդյան, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր

Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արա Շիրինյան, «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար

Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Օլգա Սաֆարյան, իրավաբան

Գեղամ Վարդանյան, Media.am-ի պրոդյուսեր:

Ավելի վաղ 2015թ. մայիսի 16-ի ժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը ենթարկվեց խմբագրական փոփոխության և անվանափոխվեց: Բացի դրանից, նախկինում Վարքականոնին կից Հռչակագիրը` ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման սկզբունքների վերաբերյալ, դարձավ Կանոնագրի մի մասը (7-րդ բաժին).

Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր

Այսօրվա դրությամբ ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողների Կանոնագիրը ստորագրել է Հայաստանի 44 լրատվամիջոց, իսկ նախաձեռնությանը սատարում է  լրագրողական 8 միություն:

Կանոնագիրը ստորագրած ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ընդունում են Դիտորդ մարմնի իրավասությունը` քննելու իրենց գործողությունների և հրապարակումների համապատասխանությունը Կանոնագրի դրույթներին, ինչպես նաև պատրաստակամ են իրենց լրատվամիջոցում հրապարակելու Դիտորդ մարմնի որոշումները:

Դիտորդ մարմնի առաքելությունն է` քննել Կանոնագրի խախտման վերաբերյալ բողոքները և քննության արդյունքներով ընդունել եզրակացություններ:

Դիտորդ մարմնի աշխատակարգը ընդունվել է 2009թ. դեկտեմբերի 13-ին: 2011թ. դեկտեմբերի 24-ին Աշխատակարգում կատարվել են որոշ փոփոխություններ:

Դիտորդ մարմնին կարող եք դիմել` meo@ypc.am, հեռախոս` +374 10 53 76 62, 53 35 41, 53 00 67, ֆաքս` +374 10 53 56 61: