1999

«Տեղեկատվության ազատությունը և ԶԼՄ-ների համագործակցությունը Հարավային Կովկասում». 1999թ., նոյեմբերի 18-21, տարածաշրջանային սեմինար Բաքվում (Ադրբեջան): Կազմակերպիչ` Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ (Գերմանիա), Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ և Ժողովրդավարության զարգացման ադրբեջանական հիմնադրամ՝ Երևանի մամուլի ակումբի աջակցությամբ՝ «Տնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը Հարավային Կովկասում» համաժողովների ցիկլի շրջանակներում: 60 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Գերմանիայի ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ-ների դերը հակամարտությունների կարգավորման և տարածաշրջանային համագործակցության հաստատման գործում, տարածաշրջանում միասնական տեղեկատվական տարածքի ստեղծման հնարավորություններ:

«Քաղաքական և առևտրային գովազդի դերը Հայաստանի ԶԼՄ-ներում». 1999թ., հոկտեմբերի 15-17, սեմինար Բյուրականում: Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների և խոշոր գովազդային գործակալությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`օրենսդրական, այդ թվում՝ քաղաքական գովազդին առնչվող, դաշտի անկատարությունը, գովազդի շուկան և դրա օգտագործման հնարավորությունները, նոր տեխնոլոգիաները և գովազդի ոլորտում միջազգային փորձը, գովազդի արդյունավետության հետազոտում:

«Հարավկովկասյան ցանցը՝ հանուն քաղաքացիական համաձայնության».1999թ., օգոստոսի 11-16, տարածաշրջանային խորհրդատվական հանդիպում Թբիլիսիում և Գուդաուրիում, Վրաստան: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ուինսթոնի Խաղաղության հիմնադրամի աջակցությամբ: 10 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մեծ Բրիտանիայի հասարակական, այդ թվում՝ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում մշակվել է համատեղ ծրագիր, որի նպատակն է միավորել Հարավային Կովկասի հասարակական սեկտորի և ԶԼՄ-ների ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և համաձայնություն հաստատելու համար:

«Մասնագիտական էթիկա և լրագրողի պատասխանատվություն».1999թ., հունիսի 17-20, տարածաշրջանային սեմինար Բաթումիում, Վրաստան: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Լրագրողական միությունների կոնֆեդերացիայի հետ համատեղ՝ Եվրոպական ժողովրդավարական նախաձեռնության ֆինանսավորմամբ իրականացվող «Լրատվամիջոցներն անցումային շրջանում» ծրագրի շրջանակներում: 100-ից ավելի մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Ռուսաստանի, Բելոռուսի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բալթյան երկրների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ԶԼՄ-ների, լրագրողական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բաթումիի սեմինարի մասնակիցների լայնացած աշխարհագրությունը (17 երկրից, որոնցից 13-ը՝ նախկին խորհրդային հանրապետություններ) դարձավ մի փորձ՝ վերականգնելու կորցրած հարաբերությունները, քայլ՝ Հարավային Կովկասի լրագրողների մերձեցման ճանապարհին: ԵՄԱ-ն առաջին անգամ իրականացրեց «3+3» բանաձևը, երեք չճանաչված երկրների՝ Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի լրագրողների և Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների համատեղ մասնակցությունը: Բալթյան երկրների ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին, որ մեկուսացման տասնամյակն առանձնապես արժեքավոր և կարևոր է դարձնում նման հանդիպումները, քանի որ դրանք թույլ են տալիս հետխորհրդային երկրներում տիրող իրավիճակի մասին տեղեկություն ստանալ առաջին ձեռքից: Սեմինարի ժամանակ ընթերցվեց Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավար, Գերագույն Խորհրդի նախագահ Ասլան Աբաշիձեի ողջույնի ուղերձը: Կայացավ նաև հանդիպում Ասլան Աբաշիձեի հետ:

«ԶԼՄ-ների և քաղաքական կուսակցությունների փոխհարաբերությունները ընտրական քարոզարշավների ժամանակ». 1999թ., մայիսի 8-9, սեմինար Բյուրականում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների և 1999թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`օրենսդրական կարգավորում և չգրված «խաղի կանոններ», կուսակցական մամուլի աշխատանքի առանձնահատկությունները ընտրական քարոզարշավների ժամանակ, խոսքի ազատության և, թեկնածուների կողմից լրատվամիջոցներն իբրև ամբիոն օգտագործելիս, հավասար հնարավորությունների սկզբունքների համամասնությունը, լրագրողական միջավակրում ինքնակարգավորման մեխանիզմների զարգացման հեռանկարները:

«Ընտրությունների և այլ քաղաքական արշավների լուսաբանում». 1999թ., ապրիլի15-19, սեմինար Ծաղկաձորում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Եվրոպայի Խորհրդի և Լրագրության եվրոպական կենտրոնի աջակցությամբ, Եվրոպական ժողովրդավարական նախաձեռնության ֆինանսավորմամբ իրականացվող «Լրատվամիջոցներն անցումային շրջանում» ծրագրի շրջանակներում: 70 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի լրագրողներ և հասրակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքը տարվել է երկու ուղղությամբ՝ «Ընտրական քարոզարշավների լուսաբանման ուսուցում երիտասարդ լրագրողների համար» (վարում էին Դավիդ վան դեռ Հոուվենը՝ տեղեկատվության հարցերով խորհրդական Նիդերլանդներից, և Գի Մեեուվիսը՝ Թիլբուրգի Լրագրության ակադեմիայի դասախոս ԱՄՆ-ից), քաղաքական քարոզարշավների ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ների աշխատանքի, քարոզարշավների լուսաբանման հարցում Հարավային Կովկասի լրագրողների համագործակցության հեռանկարների շուրջ զեկուցումներ և քննարկումներ:

«ԶԼՄ-ների ազատությունը ժողովրդավարական տրանսֆորմացիոն գործընթացներում». 1999թ., մարտի 26, միջազգային սեմինար Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի (Գերմանիա), Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հետ համատեղ՝ «Տնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը Հարավային Կովկասում» համաժողովների ցիկլի շրջանակներում: 30-ից ավելի մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Գերմանիայի ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ: Քննարկման հիմնական թեմաներ`Հարավային Կովկասի լրագրողների համագործակցություն, ԶԼՄ-ների ազատությունը տարածաշրջանի տրանսֆորմացիոն գործընթացներում: Սեմինարի օտարերկրյա մասնակիցները հանդիպեցին հայաստանյան մի շարք քաղաքական գործիչների հետ: Մարտի 27-ին Ջերմուկում կազմակերպվեց ադրբեջանցի լրագրողների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի իրենց գործընկերների հետ: