Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի զեկուցումը 2012թ. հոկտեմբերի 11-12-ին Թբիլիսիում տեղի ունեցած Հարավային Կովկասի ԶԼՄ-ների իններորդ՝ «Ավանդականից՝ առցանց լրագրություն. լավագույն փորձը և հեռանկարները» համաժողովում
ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԴԻԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ այնքան սրընթաց և դինամիկ են տեղի ունենում, որ որևէ ստատիկ իրավիճակի ներկայացումը՝ ինչպիսին այն կա, հազիվ թե շատ բան տա՝ հիմնախնդիրների ընկալման տեսանկյունից: Առավել ևս, որ փոփոխությունները մեկ հարթությունում, ասենք, տեխնոլոգիական, անպատճառ իրենց կնիքն են թողնում մնացած ամեն ինչի վրա՝ օրենսդրական, քաղաքական, մասնագիտական: Այդ իսկ պատճառով, իմ ելույթում ես կփորձեմ ոչ այնքան արձանագրել իրողություններն այն պահի դրությամբ, երբ մենք՝ համաժողովի հայաստանյան մասնակիցներս, Երևանից Թբիլիսի ուղևորվեցինք, որքան՝ ներկայացնել այն հիմնական միտումները, որոնք ձևավորում են մեդիա ոլորտը, կատարում են սրբագրումներ նույնիսկ այն ժամերին, երբ մենք այստեղ համաժողովում նստած ենք, և որոնք կկանխորոշեն Հայաստանի տեղեկատվական ոլորտի զարգացումը մոտ ապագայում: Այդ միտումների բնորոշումները կանխատեսումների պես մի բան են, դրանք չեն կարող հարյուր տոկոսանոց ճշգրտություն ունենալ, այնպես որ իմ որոշ մտքեր կարող են վիճահարույց լինել:
Քանի որ մեր երկիրն այժմ գտնվում է երկու ընտրական՝ խորհրդարանական և նախագահական քարոզարշավների միջև (Վրաստանն էլ հենց նոր ավարտված ընտրություններով է ապրում), սկսեմ հենց այդ թեմայից: Գարնանը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում այն պնդումը, թե «ով հեռուստատեսություն ունի, նա էլ կհաղթի ընտրություններում», խիստ կասկածելի է թվում: Հայկական այն հեռուստաընկերությունների սեփականատերերը, որոնք վերահսկվում են իշխանության կողմից (հարկ է նշել, որ այս ոլորտում սեփականության կենտրոնացումն աննախադեպ մակարդակի է հասել), պաշտոնական քարոզչության ընթացքում, փաստորեն, հրաժարվեցին թեկնածուների և քաղաքական ուժերի նկատմամբ եթերային ուշադրության անհամաչափ բաշխման պրակտիկայից:
Հայաստանում համազգային ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ)՝ ԵԱՀԿ-ի և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող մշտադիտարկումը, ինչպես նաև միջազգային դիտորդները և նույնիսկ հայաստանյան ընդդիմությունը վկայեցին, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից քարոզչության անցկացման համար հիմնականում հավասար պայմաններ են ապահովվել:
Անշուշտ, շատ մեծ չափազանցություն կլիներ այս ֆենոմենը բացատրել իշխանությունների բարի կամքով, չնայած հենց նրանց քաղաքական որոշումն էր ազդել հեռուստաալիքների այս վարքագծի վրա: Այն հատուկ նշանակությունը, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին` Եվրամիությունը, տալիս էին այս ընտրությունների որակին, ՀՀ քաղաքական ղեկավարության համար դրսի՛ գնահատականների կարևորությունը, իսկ այստեղից էլ` վերջինիս շահագրգռությունը մշտադիտարկման պատշաճ արդյունքներով, նույնպես ամբողջությամբ չեն բացահայտում այս փոխակերպման պատճառը: Էական գործոն դարձավ այն բանի գիտակցումը, որ հեռուստատեսությունը զրկվել է հանրային կարծիքի ձևավորման մենաշնորհից, և ընտրություններին ցանկալի արդյունքների հասնելու համար այդ ռեսուրսի անխնա չարաշահումը կարող էր ջանքերի անտեղի վատնում լինել:
Ինչ խոսք, ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում իշխանությունների համար հեռուստատեսային բովանդակության նկատմամբ վերահսկողությունը շարունակում է մնալ քաղաքական գործընթացների և հասարակական տրամադրությունների կառավարման ոչ անկարևոր բաղադրիչ: Միջազգային կազմակերպությունների ուշադրության բացակայության պայմաններում կարծիքների և իրադարձությունների միակողմանի և ընտրովի լուսաբանումը, հասարակական նշանակալից հիմնախնդիրների շուրջ բանավեճերի պակասը, ինչպես և նախկինում, հայկական եթերի բնորոշ գծերից են:
Սակայն հեռարձակվող ԶԼՄ-ների չափից ավելի քաղաքական կախվածությունը, այդուհանդերձ, աստիճանաբար կորցնում է իր սրությունը: Հնարավոր է, որ հարավկովկասյան այս համաժողովը վերջինը լինի, երբ մենք խոսում ենք հեռուստատեսության` որպես քաղաքացիների համար տեղեկատվության հիմնական աղբյուրի, գերիշխող դիրքի մասին: Արդեն այսօր հայաստանյան համացանցային տեղեկատվական կայքերի լսարանը համադրելի է հայկական հեռուստաալիքների լրատվական ծրագրերի լսարանի հետ: Եվ իրավիճակը շեշտակի փոփոխվում է բառացիորեն կես տարին մեկ:
Այս իմաստով մի փոքր այլ անկյան տակ է անհրաժեշտ նայել նաև հեռարձակման օրենսդրությանը, որը Հայաստանյան ԶԼՄ-ների ազատության և բազմակարծության ապահովման համատեքստում երկար ժամանակ թիվ մեկ թեման էր: 2000թ.-ին ընդունման պահից «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը կարիք ուներ հայեցակարգային վերամշակման: Սակայն, ի հեճուկս բազմաթիվ քննարկումների, լրագրողական կազմակերպությունների, մասնավորապես Երևանի մամուլի ակումբի և Ինտերնյուսի կողմից առաջարկվող այլընտրանքային օրինագծերի, ԵԽԽՎ բանաձևերի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի փորձագիտական եզրակացությունների, Օրենքը, եթե նույնիսկ փոփոխությունների էր ենթարկվում, ապա` առաջարկությունների հակառակ ուղղությամբ:
Այդ ամբողջ ընթացքում հիմնական խնդիրը մնում էին այն մարմինները, որոնք կոչված էին կարգավորելու և ղեկավարելու հեռարձակման ոլորտը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը և Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը: Հենց այս մարմինների բացառիկ կախվածությունն իշխանություններից՝ դարձավ այն գործոնը, որը հանգեցրեց եթերի քաղաքական մենաշնորհացմանը: Առաջարկվում էին այդ մարմինների առնվազն հարաբերական անկախության ապահովման մի քանի տարբերակներ: Մասնավորապես, ուսումնասիրվում էր անկախ հասարակական ինստիտուտների` արհմիությունների, արդյունաբերական ասոցիացիաների, սոցիալական զանազան խմբեր ներկայացնող կազմակերպությունների, կրոնական համայնքների և այլն, հիմքի վրա նրանց ձևավորման հնարավորությունը (մի շարք եվրոպական երկրների հանրային հեռարձակողների խորհուրդների օրինակով): Այս տարբերակը կարող էր դիտարկվել իբրև առավել ընդունելի, սակայն, ցավոք, Հայաստանում նմանատիպ ինստիտուտները կամ անկախ չեն (իշխանությունների կողմից նրանց նկատմամբ վերահսկողության պատճառով), կամ կայուն չեն (գոյության կայուն աղբյուրների բացակայության պատճառով):
Որպես այլընտրանք կարող էր ծառայել ազգային կարգավորող մարմինների ձևավորումը քաղաքական բազմակարծության սկզբունքով։ Դրանցում մրցակից կուսակցությունների ներկայացուցիչների հավասարակշռող մասնակցությունը (50%` իշխող կոալիցիայից, 50%` ընդդիմությունից) որոշակի հիմք կստեղծեր հասարակության բոլոր շերտերի շահերից բխող որոշումների ընդունման համար: Այս մոդելը, որն ինչ-որ տեղ նման է Վրաստանում ընդունված մոդելին, հնարավոր է, մի շարք թերություններ ունի. միջազգային փորձը ցույց է տալիս, որ հեռարձակման ոլորտը կարգավորող, ինչպես նաև հանրային հեռուստատեսությունը և ռադիոն կառավարող մարմինների քաղաքականացումը ցանկալի չէ: Սակայն կասկած չկա, որ այսպիսի մոդելի պայմաններում հայկական հեռարձակվող ԶԼՄ-ներն այնքան հեռու չէին լինի հասարակության տեղեկատվական իրական և բազմազան պահանջմուքներից, որքան այսօր են: Եվ երբ մենք արձանագրում ենք Հայաստանի բնակչության տեղեկացվածության գործում համացանցի արագ աճող դերը, անհրաժեշտ է գիտակցել, որ ինտերնետային լսարանի նշանակալից հատվածն այն հեռուստադիտողներն են, ովքեր բավարարված չեն եթերում նորությունների և բանավեճերի որակով:
Այսօր, թերևս, ուշ է խոսել կարգավորող մարմինների որոշակի անկախության մասին` դրանցում հայաստանյան քաղաքական թատերաբեմում առկա բազմակարծության արտացոլման հաշվին: Ռեսուրսների բացակայության պատճառով, ընդդիմությունը երկրում այնքան ուժասպառ է, որ ստիպված է գոյատևել երկու օլիգարխիկ կուսակցություններին հարելու հաշվին: Եվ քաղաքական իրական բազմակարծության վերականգնումն այժմ անհրաժեշտ է կապել տնտեսական բազմակարծության հեռանկարների հետ, երբ ազատ ռեսուրսներ ունեցող բիզնես շրջանակներն իշխանությունից այնքան անկախ կլինեն, որ կկարողանան իրենց թույլ տալ ֆինանսապես աջակցել ընդդիմությանը: Սակայն սա բոլորովին այլ թեմա և միանգամայն մշուշոտ հեռանկար է:
Այլ կերպ ասած, Հայաստանում հեռարձակման ինդուստրիայի անկախության օրենսդրական երաշխիքների մասին մտածելը մեծ շքեղություն է: Մնում է հույսը դնել չարաբաստիկ «քաղաքական կամքի» վրա, որի մասին ճիշտ այնպես, ինչպես ձյունե մարդու մասին, շատ խոսում են, բայց նրան տեսնողներին ոչ ոք չի հավատում: Եվ այդուհանդերձ, հեռարձակման օրենսդրության բարեփոխումը, չնայած նրա զուտ քաղաքական հրատապության նվազմանը, մնում է մեդիա համայնքի առաջնահերթ խնդիրը: Թվային հեռարձակմանն անցնելու դարաշրջանում` այս ինդուստրիայի արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ են քաղաքակիրթ ընթացակարգեր և գրագետ ռազմավարություն: Մինչդեռ Հայաստանում, 2006թ.-ից սկսած, խոսում են թվայնացման հայեցակարգի մասին, սակայն մինչև օրս ոչ ոք չի տեսել լուրջ փաստաթուղթ, որն առաջին հերթին կհիմնավորեր չափորոշիչների ընտրությունը, երկրորդ` կունենար ազգային հեռարձակման թվային ցանցի համար ռեսուրսների հաշվարկը և տեխնոլոգիական լուծումները, երրորդ` կկանխատեսեր այդ ցանցի օգտագործման համար հեռուստաընկերությունների երկարաժամկետ ծախսերը, չորրորդ` կառաջարկեր սոցիալական փաթեթի ձևավորման մոդելը: Ճիշտ է, մի երկու տարի առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որն այդ ժամանակ չգիտես ինչու զբաղվում էր հեռարձակման հարցերով, ուրախությամբ հանրությանը հայտնեց, որ հեռուստատեսության բոլոր խնդիրները մեզ օգնելու են լուծել իտալացի մասնագետները, այդ թվում` «Մեդիասեթ» ընկերությունից: Ինչ-որ բան այդ մասնագետներն այն ժամանակ հասցրին անել, սակայն վերոհիշյալ ընկերության շուրջ վերջին իրադարձությունների լույսի ներքո, հայաստանյան մեդիաինդուստրիայի զարգացման գործում նրանց ներդրումների մասին մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են…
Բարեփոխել օրենսդրությունեը, երբ չլուծված են մնում թվային հեռարձակմանն անցնելու հայեցակարգային հարցերը, բարդագույն խնդիր է: Եվ այդուհանդերձ, վերևում հիշատակված լրագրողական կազմակերպություններն իրենց գործընկերների հետ համատեղ և ԵԱՀԿ-ի ու Եվրոպայի խորհրդի փորձագիտական նշանակալի աջակցությամբ, խորհրդարան ներկայացրին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: Այն մասնավորապես նախատեսում է մի շարք ընթացակարգեր, որոնք այսօր բացակայում են, սակայն թվայնացման առաջին իսկ օրերից խիստ հրատապություն կստանան։ Օրինակ՝ մասնավոր մուլտիպլեքս-օպերատորների լիցենզավորումը, այդ մուլտիպլեքսների վրա ալիքների բաշխումը, ինդուստրիայի զարգացման գործընթացքում հանրային շահը հաշվի առնելը և այլն: Հաշվի առնելով հեռուստատեսությանն առնչվող ամեն ինչի նկատմամբ ավանդական քաղաքական զգայունությունը՝ չարժե հուսալ, թե օրինագիծը կքննարկվի առաջիկա ամիսներին, երբ նախագահական ընտրություններին են նախապատրաստվում: Սակայն Ազգային ժողովի գարնանային նստաշրջանից այս առումով սպասելիքներ ունենք:
ՄԻ ԱՌԱՆՁԻՆ ԹԵՄԱ Է հանրային հեռարձակողը: Վերոհիշյալ օրինագծում կան Հանրային հեռուստառադիոընկերությանը (ՀՀՌԸ) վերաբերող դրույթներ, որոնք նախատեսում են վերջինիս գործունեության առավել հստակ կարգավորում և հաշվետվողականություն։ Սակայն մինչև օրս ՀՀՌԸ-ն մնացել է այն բացառիկ պետական հաստատությունը, որն օրենքով ոչ մեկի առաջ պատասխանատու չէ: Դրա հետ մեկտեղ, ինչքան էլ ցավալի է արձանագրել, Հայաստանում Հանրային հեռուստատեսությունը, այդպես էլ չկայանալով որպես նշանակալի ինստիտուտ, հեռանում է թատերաբեմից: Վերևում խոսվում էր այն մասին, որ հասարակական-քաղաքական առկա իրականության պայմաններում ՀՀՌԸ -ի անկախ կառավարման օրենսդրական երաշխիքները գործնականում անհնարին են: Համապատասխանաբար, այն հնարավորությունը, որ նա տեսանելի ապագայում իր լսարանին կարող է հրատապ խնդիրների բազմազան և որակյալ լուսաբանում առաջարկել, զրոյի է մոտենում: Իշխանությունը, որի համար, այսպես կոչված պետական, այնուհետև՝ այսպես կոչված հանրային հեռուստատեսությունը ինքնավերարտադրում ապահովող գլխավոր գործիքներից է եղել, այժմ այդ խնդիրը հաջողությամբ լուծում է կառավարելի մասնավոր ալիքների հաշվին: Եթե մինչև վերջերս ՀՀՌԸ -ն, օգտվելով վերևների բարեհաճությունից, գովազդային շուկայի ագրեսիվ խաղացողներից էր, և կոմերցիոն նախագծեր էր իրականացնում մասնավոր հեռուստաընկերություններից ոչ պակաս արդյունավետ, ապա այսօր իշխանական շրջանակները շահագրգռված են նրան ընդհանրապես հանել բիզնես մրցակիցների ցուցակից:
Կարելի է ենթադրել, որ ոչ պիտանի դարձած Հանրային հեռուստատեսությունը որպես փրկագին կտրվի նրանց, ում խորհրդային տարիներին կոչում էին «ստեղծագործական մտավորականություն», այսինքն մշակույթի, գրականության, արվեստի լոյալ ներկայացուցիչներին: Շուկայական պայմաններում նրանք իրենց զրկված են զգում ոչ միայն նյութապես, այլ նաև՝ ուշադրությունից և պատիվներից: Արդեն մի քանի տարի է՝ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչները հրապարակայնորեն բողոքում են հայկական հեռուստաեթերում «ցածրաճաշակության գերիշխանությունից», «ազգի բարոյական ավանդույթների խախտումից», «հոգևոր արժեքների ոչ բավարար պրոպագանդայից», այդ թվում՝ նամակներ են գրում Նախագահին: Նրանց պահանջները մեծ մասամբ հիմնավոր են, սակայն մեթոդները, որոնցով նրանք առաջարկում են ուղղել իրավիճակը, սարսափելի նաֆտալինաբույր են և հիշողության մեջ արթնացնում են այնպիսի հասկացություններ, ինչպիսին են «գլավլիտը», «գեղխորհուրդը» և այլն: Այս գործին «լրջորեն» լծվել է Նախագահին կից Հանրային խորհուրդը: Բնական է, որ ոչ ոք թույլ չի տա նեղացնել մասնավոր ալիքներին, որոնք իրենց տերերի համար վաստակում են հենց վերոնշյալ «արատավոր երևույթների» հաշվին՝ միաժամանակ մարելով հասարակության քաղաքացիական ակտիվությունը և իրական հիմնախնդիրների նկատմամբ հետաքրքրությունը: Իսկ ա՛յ, նվիրաբերել Հանրային հեռուստատեսությունը «ստեղծագործական մտավորականությանը»՝ որպես ընտրազանգվածի դեռևս ազդեցիկ հատվածի, այդպիսով որոշ ժամանակով նրա երաշխավորված աջակցությունն ստանալով, հայաստանյան վերնախավում կարծես թե դեմ չեն: Առանց գովազդի, միայն պետբյուջեի միջոցներով եթերը հնարավոր կլինի լցնել ոչ թանկարժեք հաղորդումներով՝ համերգներով և ներկայացումներով, որոնք կոմերցիոն հավակնություններ չունեն, ազգային մշակույթի մասին անվերջանալի հարցազրույցներով, հայրենական հին կինոնկարներով, որոնց ցուցադրության իրավունքի համար մեծ գումարներ վճարել պետք չէ: Կարևոր չէ, որ այդ հաղորդումները փոքր լսարան կունենան, իսկ ՀՀՌԸ-ից կհեռանան ժամանկակակից մտածող վերջին պրոֆեսիոնալները, փոխարենը՝ հանրային ալիքների և նրանց նոր-հին հերոսների քաղաքական լոյալության մասին անհանգստանալու կարիք չի լինի: Իսկ ընկերության նախկին գովազդային եկամուտները կվերաբաշխվեն «պետքական» մասնավոր հեռարձակողների միջև:
ԵՍ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՉԵՄ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ավանդական ԶԼՄ-ներից ամենաավանդականին` Հայաստանի «թղթային» մամուլին: Այն, ի տարբերություն հեռուստատեսության, միշտ եղել է եթե ոչ անկախ, ապա գոնե՝ բազմակարծիք և արտահայտել է հայրենական քաղաքական կյանքի հիմնական հակասությունները: Սակայն տեղական աղքատ շուկայով պայմանավորված բազմաթիվ տնտեսական հիմնախնդիրները, համաշխարհային միտումները, որոնք ոչ մի կերպ չեն նպաստում տպագիր մամուլին, մեր երկրում առավել խորացան դրանց նկատմամբ անկախության բոլոր քսան տարիների պետական այլանդակ քաղաքականությամբ: Ի սկզբանե և հիմնական փորձառությամբ լինելով թերթի լրագրող` ես ցավով ստիպված եմ խոստովանել, որ անգամ մոտ ապագայում հայաստանյան «թղթային» մամուլը ոչ մի հեռանկար չունի: Դրա համար միակ փրկությունը համացանց մտնելն է, կոնվերգենտ խմբագրությունների ձևավորումը:
Այսպիսով, հայաստանյան տեղեկատվական շուկայում այլընտրանքային, կոնվերգենտ լրատվամիջոցների գերիշխանությունն անխուսափելի է, և կանխատեսումների շարքից այն իրականություն կտեղափոխվի շատ ավելի վաղ, քան մեզնից շատերը կարող էին պատկերացնել Թբիլիսիում մեր անցյալ տարվա հանդիպմանը: Սակայն սա մեկ ուրիշ զեկուցման թեմա է` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանինը: Իսկ ես ինձ թույլ կտամ հակիրճ անդրադառնալ սոցիալական ցանցերի (կամ սոցիալական մեդիայի) մեկ կողմին: Հայաստանյան հասարակության կյանքում դրանց աճող դերն ապշեցնող է։ Խոսքն առաջին հերթին սոցիալական մեդիայի միջոցով «ցանցային» քաղաքացիական ակտիվության զարգացման մասին է: Շրջակա միջավայրի պաշտպանություն, քաղաքաշինություն, ընտրություններ, կոռուպցիա` սա այն ոլորտների ոչ լրիվ թվարկումն է, որտեղ «ցանցային» ակտիվությունը հասցրել է լիարժեք ինքնադրսևորվել: Եթե թվարկելու լինենք վերջին ամսիների առավել վառ օրինակները, երբ հասարակության ակտիվությունը կոնկրետ արդյունքներ տվեց, ապա դրանցում կգերակշռեն հենց «ցանցայի՛ն» ակտիվության, այլ ոչ թե ավանդական, Հայաստանում գրեթե երկու տասնամյակ աճող և զարգացող քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալացված հատվածի նվաճումները:
ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ՝ որպես քաղաքացիական ոչ ֆորմալ ակտիվության ռեսուրսի զարգացումը լուրջ ռիսկեր է ի հայտ բերում: Ահազանգի և գործողության միջև ժամանակը չափից դուրս կարճ է լինում՝ իրավիճակը, նրա նախապատմությունը, հարակից գործոններն ամբողջությամբ գնահատելու և ճիշտ որոշում կայացնելու համար: Կոպիտ ասած, ցանցի «հայեցողության տակ» եղած բոլոր ակտիվիստներին կարելի է օպերատիվորեն շեղել մեկ ծառի փրկության ուղղությամբ, որը պատրաստվում են հատել, մինչ այդ ընթացքում ինչ-որ տեղ մի ամբողջ անտառ է ոչնչացվում: Հատուկ օրինակ եմ բերում մի ոլորտից, որտեղ «ցանցային» ակտիվությունը առավել կազմակերպված է և կենտրոնացած՝ բավական քաջատեղյակ ոչ ֆորմալ առաջնորդների շուրջ, որոնց դժվար է ապակողմնորոշել: Բայց այստեղ էլ, իսկ առավել ևս` այլ ոլորտներում, համացանց նետված ապատեղեկատվությունը, սադրիչ ահազանգը, մանիպուլյացիոն բնույթի նախաձեռնությունները միանգամայն հնարավոր են: Ժամանակակից PR և քաղաքագիտական տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են ներթափանցում սոցիալական մեդիա՝ «ցանցային» ակտիվությունը դարձնելով խոցելի, իսկ վերջին ամիսներին Հայաստանում հաճախացել են ազնիվ, անկեղծ էնտուզիազմը շահագործելու փորձերը` ոչ բարի նպատակներով:
Այս մարտահավերները պահանջում են սոցիալական ցանցերում տեղեկատվական դաշտի պրոֆեսիոնալ, պատասխանատու խաղացողների` լրագրողների, փորձագետների, ինստիտուցիոնալացված քաղաքացիական հասարակության անկախ ներկայացուցիչների առավել ակտիվ մասնակցություն: Վերջիններիս գիտելիքները և «ցանցային» ակտիվիստների օպերատիվ արձագանքելու մոտիվացիայի հետ համադրությամբ ահազանգերը վերլուծելու և ստուգելու հմտությունը կնվազեցնեն սոցիալական մեդիայում «վատ» բովանդակության և մանիպուլյացիաների գերակայության հավանականությունը: Այդպիսի փոխգործակցության զարգացումը մեդիա-կազմակերպությունների գործունեության նոր և հեռանկարային ուղղություն է:
Տեղեկատվությունը ստանալու և դրան արձագանքելու արագությունը դառնում է սոցիալական շերտավորման նոր գործոն: Եթե «ցանացային» ակտիվիստներին` հիմնականում ուսանողական տարիքի երիտասարդներին, ինչպես նաև նոր տիպի մասնագետներին, ովքեր գամված չեն իրենց աշխատասեղանին, այս իմաստով հաջողվում է հասնել անհավանական արագության և առավելության, ապա շատ ավանդական մասնագիտությունների ներկայացուցիչներ դրանից անմասն են մնում: Ես վերջերս իմ բնակարանում վերանորոգում նախաձեռնեցի և ակամայից մտա իրենց գործի վարպետ, բավական բարձրակարգ մասնագետների, օրինակ, սանտեխնիկների դրության մեջ, ովքեր, ցանկանալով տեղյակ լինել նորություններին և լինել հասարակական կյանքի կենտրոնում, խիստ հետ են մնում դրա տեմպից: Մեր համաժողովի մասնակիցների մեծ մասը ոչ միայն լսում է ելույթները, այլև առանց կանգ առնելու շարունակում է զուգահեռաբար հետևել այս դահլիճից հեռու կատարվող իրադարձություններին՝ լափթոփների, այֆոնների շնորհիվ: Այդպես են վարվում նաև հասարակության մյուս շերտերը, որոնց համար «ցանցային» ակտիվությունը հասանելի է աշխատավայրում, ուսանողական լսարանում և նույնիսկ՝ տրանսպորտում: Սակայն, ի տարբերություն մեզ, սանտեխնիկի ձեռքերը աշխատանքի ընթացքում միշտ զբաղված են, հայացքը կենտրոնացած է և ուղղված կոնկրետ առարկաների վրա, նա այֆոնի ժամանակ չունի… Դեռ մի քանի տարի առաջ մարդը կարող էր հանգիստ, առանց կողմնակի մտքերի աշխատել իր ութ ժամը, տուն գալ, ընթրել և միայն դրանից հետո, բազմոցին պառկելով, ձեռքն առնել հեռակառավարման վահանակը կամ թերթը: Այսպիսի ռեժիմը նրա համար չէր նշանակում էապես հետ մնալ տեղեկատվական իմաստով: Այսօր, անշուշտ, նշանակում է:
ԵՎ ՈՐՔԱՆ ԷԼ ՊՐԻՄԻՏԻՎ Է ՀՆՉՈՒՄ, ԵԼՔԸ, իմ կարծիքով, ռադիոն է, մի ԶԼՄ, որի մասին ես ինքս մինչև վերջերս խոսում էի որպես նորությունների հայկական ինդուստրիայի համար կորած միջոցի: Այն ժամանակ թվում էր, թե ռադիոն վերջնականապես մտել է երաժշտական-զվարճալի իր նիշան: Այսօր հայկական ավելի շատ ռադիոալիքներ են լուրեր հաղորդում, խոսում են լուրջ բաների մասին. «ԱրմՌադիո FM 107»-ը հիմնականում խոսող ԶԼՄ է, թեև ընդամենը մեկ տարի առաջ այդ հաճախականությամբ ամբողջ օրը ջազ էր հնչում: Ես և ավտոմեքենայում որակյալ երաժշտություն լսելու շատ այլ սիրահարներ ափսոսում ենք այդ «ռեբրենդինգի» համար, սակայն սանտեխնիկները և տասնյակ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, առանց արտադրությունից կտրվելու, ստացան հասարակական-քաղաքական թեմաներով լայն սպեկտրի նորություններ և կարծիքներ լսելու հնարվորություն: Բավական շատ է խոսում Հայաստանի Հանրային ռադիոն, «Երևան FM»-ը (102.0) հաջողությամբ համադրում է որակյալ երաժշտությունը և որակյալ լուրերը, որի համար այս տարի արժանացավ Երևանի մամուլի ակումբի մրցանակին: Ընդ որում, վերահեռարձակելով «Ազատություն» ռադիոն, «Երևան FM»-ը վերջինիս բարձր նշաձողով է ուղղորդվում նաև սեփական լուրերի թողարկումներում:
Ի դեպ, հայկական ռադիոալիքների վերադարձն այն ձևաչափերին, որոնք ենթադրում են հասարակական-քաղաքական տեղեկատվություն, մեծապես պայմանավորված է հենց «Ազատության» հեռարձակմամբ: Երկար տարիներ հայկական իշխանությունները տարբեր միջոցներ էին հորինում, որպեսզի արհեստականորեն բարդացնեն այդ ռադիոկայանի ելքը դեպի հայկական լսարան: Փառք Աստծո, չստացվեց: Ստիպված էին դիմել ռադիոունկնդիրներին շեղելու առավել քաղաքակիրթ ձևերի` «Ազատության» հետ մրցակցության խթանմանը: Ինչպիսի մտադրություններ էլ լինեին սրա հետևում, լսարանը միայն շահեց:
ԵԶՐԱՓԱԿԵԼ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ԵՎՍ ՄԵԿ, հայկական ԶԼՄ-ների կյանքից նույնիսկ առավել համոզիչ «հաջողության պատմությամբ»: Այն կապված է 2010 թվականին զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացմամբ, որը մեր որոշ մերձիշխանական շրջանակների կողմից ի սկզբանե մտահղացված էր որպես «խորամանկ կատակ»: Մի կողմից զրպարտության համար պատասխանատվության փոխանցումը քրեականից քաղաքացիական իրավունքի ոլորտ՝ թույլ էր տալիս ակնկալել միջազգային կազմակերպությունների գովեստը, մյուս կողմից` այն «մահակ» կդառնար ընդդիմադիր, քննադատող ԶԼՄ-ների համար, որոնք քրեական հետապնդումն ավելի փոքր չարիք էին համարում, քան բարոյական վնասի փոխհատուցում վճարելը: Մտահղացման երկրորդ մասը կարծես թե սկզբում գործեց. դատարաններն սկսեցին դրոշմել փոխհատուցումների առավելագույն չափեր` կարծես հատուկ ընտրությամբ քաղաքական և բիզնես էլիտան ներկայացնող հայցվորներին հասցված բարոյական վնասի համար, իսկ որոշ պարբերականներ հայտնվեցին սնանկացման վտանգի առջև: Սակայն անհնազանդ ԶԼՄ-ների դեմ դավադրության առաջին մասը չստացվեց. հայկական լրագրողական կազմակերպությունները, մամուլն ինքը, իսկ նրանցից հետո` նաև միջազգային հանրությունը շատ արագ իրերն իրենց անուններով կոչեցին: Առջևում առկայծեցին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան հայցերը, և բոլոր հաշվարկները ցույց տվեցին, որ «խորամանկ կատակն» իրեն չարդարացրեց: Անհրաժեշտ էր ինչ-որ մի կերպ դուրս գալ այն տհաճ իրավիճակից, որի մեջ իշխանություններն իրենք էին իրենց դրել:
2011 թվականի մայիսին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ձևավորվեց Տեղեկատվական վեճերի խորհուրդը (ՏՎԽ), որի կազմում ընդգրկվեցին նաև այսօրվա երկու զեկուցողները Հայաստանից: Դատարաններում զրպարտության գործերով ՏՎԽ փորձագիտական եզրակացությունները սկսեցին իրապես ազդել իրավակիրառ պրակտիկայի վրա, իսկ ԵԱՀԿ-ի աջակցությունը թույլ տվեց Խորհրդի աշխատանքը կանոնավոր հիմքերի վրա դնել: Արդեն 2012 թվականի սկզբին կարելի էր վստահ պնդել, որ ոչ թե սեփական անունը ռեաբիլիտացնելու, այլ լրագրողներին բացառապես ֆինանսապես պատժելու նպատակ հետապնդող քաղաքացիները դադարեցրին դատարաններից իրենց ուզածը կորզելու ջանքերը: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի զրպարտության և վիրավորանքի դրույթներն այդպես էլ ԶԼՄ-ների համար «մահակ» չդարձան: Հայցերի թիվը կտրուկ նվազեց, և մեծացան շանսերը` տեղեկատվական վեճերը կարգավորելու արտադատարանական կարգով, մասնավորապես, ինքնակարգավորման մարմին`ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին (ԴՄ) դիմելու հաշվին:
2007 թվականին ԵՄԱ նախաձեռնությամբ ԶԼՄ-ների կողմից կամավոր հիմունքներով ստեղծված այդ կառույցի գլխավոր խնդիրը եղել և մնում է Դիտորդ մարմնի գործունեության սկզբունքների ընկալման և դրա մասին քաղաքացիների տեղեկացվածության պակասը: Այս հիմնախնդրի ամենագործուն լուծումը կոնկրետ վեճերի և էթիկական հակասությունների դիտարկումների հեռուստատեսային տարբերակն է: «Մամուլի ակումբ» անունը կրող այդ շոուների արտադրությունը գրավել է բավական մեծ լսարանի ուշադրությունը, ավելացրել է հետաքրքությունը ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի գործունեության նկատմամբ և մեծացրել է որպես դատարաններին այլընտրանքի՝ նրան դիմողների թիվը: Այսօր հայաստանյան մեդիա հանրությունը մտածում է, թե ինքնակարգավորման մեխանիզմների գործողությունները ինչպես առավելագույնս տարածի համացանցի վրա, առավել ևս, որ արդեն կա Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված վիրավորանքի և զրպարտության համար հայցի դատական քննության նախադեպը:
ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ վկայում են այն մասին, որ Հայաստանի տեղեկատվական ոլորտի օբյեկտիվ գործընթացներն իշխանություններին ստիպում են զսպել իրենց ախորժակը խոսքի ազատությունը սահմանափակելու հարցում: Միևնույն ժամանակ, քաղաքական էլիտայի ձգտումը`վերահսկել ԶԼՄ-ները, կարող է լուրջ վնաս հասցնել մեդիա ինդուստրիայի առանձին ճյուղերի զարգացմանը, ինչպես դա ժամանակին տեղի ունեցավ «թղթային» մամուլի դեպքում, իսկ այժմ տեղի է ունենում հեռուստատեսությունում: Այդ է պատճառը, որ լրագրողական հանրությունից և միջազգային կազմակերպություններից պահանջվում են հետևողական և համաձայնեցված ջանքեր` այս ոլորտում առաջադեմ մոտեցումների առաջմղման համար: