ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄԻ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ

Երևանի մամուլի ակումբը՝

գիտակցելով, որ մամուլի ազատությունը խոսքի ազատության ապահովման հիմնարար երաշխիքներից մեկն է,

նշելով, որ մամուլը պետք է հնարավորություն ունենա անարգել ստանալ և հրապարակել տեղեկություններ, տեսակետներ ու մեկնաբանություններ՝ դրանով իսկ հնարավորություն տալով հասարակությանը՝ կողմնորոշվելու կարծիքների բազմազանության մեջ,

արձանագրելով, որ հնարավոր չէ բոլոր դեպքերի համար սահմանել միասնական կանոններ, սակայն կարելի է և պետք է պահպանել այն սկզբունքները, որոնք մշակված են տարիների փորձով,

ընդունում է սույն վարքականոնը:

1. ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Երևանի մամուլի ակումբի անդամը պետք է՝

  • իր գործունեությամբ նպաստի խոսքի, տեղեկատվության և մամուլի ազատության հաստատմանը,
  • ընդդիմանա իր գործընկերների և զանգվածային լրատվության միջոցների իրավունքների ոտնահարման դեպքերին,
  • զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են ընկալվել իբրև խոսքի ազատության սահմանափակման կամ գրաքննության փորձ:

 

Երևանի մամուլի ակումբի անդամի համար աընդունելի են՝

  • զրպարտությունը, անհիմն մեղադրանքները, վիրավորանքը,
  • փաստերի միտումնավոր կեղծումը և կոծկումը,
  • գրագողությունը, հեղինակային իրավունքի խախտումը,
  • այս կամ այն նյութը հրապարակելու կամ չհրապարակելու համար շահագրգիռ անձանցից որևէ ձևով փոխհատուցում ստանալը:

 

2. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Ճշմարտությունն իմանալու հասարակության իրավունքը

Փաստերի և երևույթների անաչառ լուսաբանումը պետք է լինի հիմնական նպատակ:

Հրապարակման համար նախատեսված ցանկացած նյութի հավաստիությունը պետք է նախապես ստուգվի:

Չպետք է հրապարակվեն ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Ազնվություն և պատասխանատվություն

Տեղեկությունները հավաքելիս, շարադրելիս և մեկնաբանելիս լինել անկողմնակալ և համարձակ:

Հրապարակումներում հստակ սահմանազատել փաստերն ու մեկնաբանությունները:

Սեփական մեկնաբանություններում հենվել միայն ստույգ փաստերի վրա:

Հարգել և պաշտպանել այլոց՝ տեսակետներ ու կարծիքներ արտահայտելու իրավունքը:

Տեղեկատվության աղբյուրներ

Հրապարակման նպատակով տեղեկություններ հավաքելիս զրուցակցին հայտնել իր մասնագիտությունն ու իր ներկայացրած լրատվամիջոցը:

Չչարաշահել լրագրողների հետ շփվելու փորձ չունեցող մարդկանց վստահությունը, մինչև զրույցն սկսելը հայտնել ստացվելիք տեղեկությունների հրապարակման հնարավոր հետևանքները:

Խստորեն պահպանել տեղեկատվության աղբյուրին տված խոստումները:

Հնարավորինս խուսափել տեղեկատվության կոնֆիդենցիալ աղբյուրներ օգտագործելուց:

Սակայն, եթե տեղեկությունը տրված է աղբյուրի գաղտնիության պայմանով, որևէ պարագայում չբացահայտել կոնֆիդենցիալ տեղեկատվության աղբյուրը:

Շահերի բախում

Գիտակցել, որ քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելը կամ քաղաքական որևէ կազմակերպության անդամակցելը կասկածի տակ են դնում անկախ լրագրողի վարկը:

Հրաժարվել արտոնություններից, վճարից, նվերներից, որոնք մասնագիտական անկախության հետ հակասության մեջ են մտնում և հանգեցնում են վստահության կորստի:

Ձեռք բերված տեղեկությունները և կապերը չօգտագործել անձնական, նեղ խմբակային նպատակների համար:

Անձնական կյանք

Գիտակցել, որ անձնական բնույթի տեղեկություններ հավաքելն ու հրապարակելը կարող են վնասել և ցավ պատճառել մարդուն:

Հարգել և պաշտպանել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Ծայրահեղ հասարակական անհրաժեշտությամբ կարող է արդարացվել միայն պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին միջամտությունը: Այն դեպքում, երբ խոսքի ազատությունը հակասության մեջ է մտնում մարդու մյուս հիմնարար իրավունքների հետ, մամուլի ակումբի անդամն ինքնուրույն է վճռում, թե ինչին տալ նախապատվությունը և պատասխանատվություն է կրում իր վճռի համար:

Համամարդկային արժեքներ

Որևէ ձևով չքարոզել պատերազմ, ազգային, կրոնական թշնամանք և անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական և լեզվական հայտանիշներով խտրականություն, բռնություն, պոռնոգրաֆիա:

Երևանի մամուլի ակումբի անդամներն իրենց գործունեության համար հաշվետու են միմյանց, ԵՄԱ մասնագիտական էթիկայի հանձնաժողովի և ակումբի վարչության առջև:

Սույն խմբագրմամբ ընդունված է Երևանի մամուլի ակումբի 2002 թվականի ապրիլի 30-ի ընդհանուր ժողովում: