Ապրիլի 9, 2009

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հեռարձակման ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթի կապակցությամբ

ՀՀ Ազգային Ժողովի նիստերի օրակարգում է ընդգրկվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ», «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկումը` երկրորդ ընթերցմամբ: Փաթեթը սուր քննադատության էր արժանացել մեր կազմակերպությունների` 2009-ի փետրվարի 3-ի հայտարարությունում: Չնայած այդ տարբերակի համեմատ առանձին դրական փոփոխություններին, այսօր էլ փաստաթուղթը, մեր գնահատմամբ, հեռու է ժամանակի պահանջներից:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում ցանկացած նոր օրենսդրական նախաձեռնություն պետք է գնահատվի Հայաստանի հեռարձակման ոլորտի չորս առանցքային խնդիրների լուծման տեսանկյունից.

— հեռուստառադիոընկերությունների գործունեությունը կարգավորող մարմնի` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախության ապահովում,

— Հանրային հեռուստառադիոընկերության իրական բարեփոխում, ՀՀՌԸ ներառումը իրավական կարգավորման դաշտ, նրաª հանրության առջեւ պատասխանատվության եւ հաշվետվողականության մեխանիզմների ստեղծում,

— հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման անկողմնակալ եւ թափանցիկ մրցույթների համար իրավական պայմանների ձեւավորում,

— հաճախականությունների համար մրցույթների վերականգնում:

Թվարկված խնդիրներին սկզբունքային լուծում չտվող օրենսդրական փոփոխությունները կարող են դիտարկվել բացառապես որպես կոսմետիկ: Այդ տեսանկյունից, հեռարձակման ոլորտի կարգավորման մասին` Ազգային ժողովի երկրորդ ընթերցմանը ներկայացված օրինագծերի փաթեթի առանձին դրույթների բարելավումն, ըստ էության, բարեփոխումների իմիտացիա է եւ ոչ մի կերպ չի նպաստում Հայաստանի հեռուստառադիոեթերի նկատմամբ իշխանությունների տոտալ վերահսկողության հաղթահարմանը:

Օրենսդրական փաթեթի օգտին հեղինակների հիմնական փաստարկը Եվրոպայի խորհրդի փորձագետի դրական գնահատականն է: Մինչդեռ, ԵԽ փորձաքննությունը, թեկուզ եւ շատ քաղաքավարի եւ զգուշավոր արտահայտություններով, քննադատության է ենթարկում օրինագծերի մի շարք սկզբունքային դրույթներ: Մասնավորապես, այդ փաստաթղթից միանշանակ հետեւում է, որ փաթեթում բացակայում են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության պատշաճ երաշխիքներ, ինչպես նաեւ` որ ՀՀՌԸ կառուցվածքը չի համապատասխանում արդյունավետ կառավարման` միջազգայնորեն ընդունված ստանդարտներին:

Նույնիսկ ԵԽ փորձագետի` փաթեթի մնացած դրույթների մեծամասնության նկատմամբ գոհունակության պարագայում, հեռարձակման մասին օրենսդրության առանցքային խնդիրներին վերաբերող հիշյալ երկու թերությունները կասկածի տակ են դնում ՀՀ ԱԺ պատգամավորների` փաթեթի օգտին քվեարկելու իրավաչափությունը: Ի±նչ արժեք կարող է ունենալ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, եթե այն չի առաջարկում վերջին 12 տարիներին` հեռարձակմանն առնչվող օրենսդրության մասին քննարկումների սկզբից եւեթ մշտական քննադատության արժանացող մեխանիզմների սկզբունքային վերանայում:

Տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ, գնահատելով հեռարձակման ոլորտը կարգավորող օրինագծերի փաթեթը, Եվրոպայի խորհրդի փորձագետը ուշադրությունից դուրս է թողել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1532 (2007), 1609 (2008), 1620 (2008) եւ 1643 (2009) բանաձեւերի հանձնարարականները: Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման եւ երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության խնդիրներին, այդ բանաձեւերը, ելնելով երկրում ձեւավորված հասարակական-քաղաքական իրավիճակից, ձեւակերպում են բարեփոխումների հրատապ օրակարգ, այդ թվում` ԶԼՄ-ների ոլորտում: Հանձնարարականներում բարձրացվում են  կարգավորող մարմնի անկախության, լիցենզավորման մրցույթների թափանցիկության, դրանցում «Ա1+» հեռուստաընկերության մասնակցության հնարավորության, հաճախականությունների բաշխման դադարեցման խնդիրները: Օրինագծերի փաթեթը դիտարկելով` առանց հաշվի առնելու Հայաստանի մասին ԵԽԽՎ վերջին չորս բանաձեւերը, Եվրոպայի խորհրդի փորձագետը, փաստորեն, մի կողմից` տեսադաշտից բաց է թողել ներկայում գործող օրենսդրության մի քանի կասկածելի դրույթներ (նախեւառաջ` հաճախականությունների մրցույթները դադարեցնելը), իսկ մյուս կողմից` օրենսդրական մի շարք նորամուծություններ գնահատել է` վերջին ժամանակների խնդրահարույց պրակտիկայից կտրված (հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթների թափանցիկությունն ու անկողմնակալությունը):

Փորձագետը ողջունում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հոդված 50-ի լրացումները, որոնք նախատեսում են «ամբողջական հիմնավորում» տրամադրել մրցույթների այն մասնակիցներին, որոնք լիցենզիա չեն ստացել: Հիշատակվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008թ. հունիսի 17-ի որոշումը` «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ գործով: Սակայն, ըստ էության, լիցենզիա չտրամադրելու պատճառների հիմնավորման առումով, նոր օրինագիծը ոչ մի նոր բան չի առաջարկում, շարունակում են բացակայել այն չափանիշների սահմանման մեխանիզմները, որոնցով առաջնորդվում է ՀՌԱՀ-ը:

Կարելի էր ԵԽ փորձագետի կողմից օրինագծերի փաթեթի ոչ բավարար խորը վերլուծության մի շարք այլ օրինակներ եւս բերել: Սակայն խնդրահարույցը ոչ թե մանրամասներն են, այլ Հայաստանի մամուլի օրենսդրության ձեւավորման մեթոդը: Չնայած որ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին կից ստեղծվել է տեղական փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ, նրա հետ վերջին օրինագծերը չեն քննարկվել: Միջազգային փորձագետները հանդիպում եւ քննարկում են օրինագծերը միայն դրանց հեղինակների կամ դրանց ընդունմամբ շահագրգիռ պատգամավորների հետ: Առարկությունները, մեկնաբանությունները, այս կամ այն դրույթի պրակտիկ կիրառման խնդիրների պարզաբանումները, որոնք կարող էին ներկայացնել հայկական լրագրողական համայնքի ներկայացուցիչները, հրապարակային քննարկումները վաղուց ոչ մեկին չեն հետաքրքրում: Օրենսդրության ձեւավորման նմանատիպ փակ գործընթացը չի կարող բերել այլ արդյունքի, քան նրան, ինչ ունենք այսօր:

Միաժամանակ, երբ իշխանական շրջանակները հետաքրքրված են այս կամ այն` թեկուզ ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ մշակված նախաձեռնության ընդունմամբ, այն միանգամից հայտնվում է ուշադրության կենտրոնում, դրա շուրջ քննարկումներ են ծավալվում բոլոր հեռուստաալիքներով: Վառ օրինակ է Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների` վերջերս այդքան աղմուկ հանած օրինագիծը, որը նախատեսում է բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ներդրում: Այդ նախաձեռնության լայն գովազդումը դժվար է ընկալել այլ կերպ, քան ԶԼՄ-ների ոլորտի իրական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու, ԶԼՄ-ների օրենսդրության եւ ինքնակարգավորման ասպարեզում  լրագրողական կազմակերպությունների ջանքերը խոչընդոտելու փորձ:

Ցավոք, նման շեղող հնարքներն առաջին անգամ չէ, որ կիրառվում են եւ հակասում են ՀՀ իշխանությունների կողմից հռչակած` քաղաքացիական հասարակության կայացման քաղաքականությանը:

Ուստի, կոչ ենք անում ՀՀ Ազգային Ժողովին.

1. Շրջանառությունից հանել հեռարձակման ոլորտին առնչվող օրինագծերի փաթեթը եւ դրան վերադառնալ Հայաստանի միջազգային պարտավորությունների եւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի առաջարկությունների համաձայն` մանրամասն մշակումից հետո: Հակառակ դեպքում մենք իմաստ չենք տեսնում աշխատանքային խմբում մեր հետագա մասնակցության մեջ եւ խմբի կազմից հետ կկանչենք մեր ներկայացուցիչներին:

2. Ազգային Ժողովի օրակարգում անհապաղ ընդգրկել հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթները վերականգնելու մասին օրինագիծ: Հրաժարվել թվային հեռարձակման անցնելու հարցերը լրատվամիջոցների ազատ մրցակցության եւ բազմակարծության հաշվին լուծելու գաղափարից: Բաց քննարկումներ անցկացնել հեռուստառադիոհեռարձակման թվայնացման` մշակվող ծրագրի շուրջ:

3. Հետաձգել լրագրողներին դիֆամացիայի համար պատասխանատվության նոր ձեւերի ներդրման հետ կապված նախաձեռնությունները` մինչեւ հեռարձակման մասին օրենսդրության բարելավմանն ուղղված այնպիսի գործընթացների ավարտը, որոնք կերաշխավորեն իրապես հանրայի՛ն հեռուստատեսության եւ ռադիոյի, բազմակարծիք մասնավոր հեռուստառադիոալիքների գոյությունը, ինչպես նաեւ մինչեւ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի կազմավորումը: ԶԼՄ-ների քաղաքակիրթ շուկայի զարգացման փոխարեն լրագրողների իրավական պատասխանատվության առաջնայնացման փորձերը կգնահատվեն որպես Հայաստանում խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված գործողություններ:

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ