Մարտի 2, 2011

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԶԼՄ-ների դեմ զրպարտության հայցերի աճի կապակցությամբ

Վերջերս հայկական ԶԼՄ-ների դեմ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկատվության հերքման եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հարուցվող դատական գործերի աճը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Դատարանների կողմից այս գործերի քննությունը հաստատում է հոռետեսական կանխատեսումները, որ, առանց հաշվի առնելու առկա իրողությունները, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հապճեպ ներմուծումը վտանգի տակ կդնի մի շարք պարբերականների գոյությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխություններում առկա այն վտանգը, որ կոնկրետ հոդվածի իրական հանրային արձագանքի եւ հասցված վնասի չափի որոշման հարցում դատարանները, առանց հրապարակվող տեղեկատվության հասարակական նշանակությունը եւ պատասխանողի ֆինանսական դրությունը հաշվի առնելու կամայական վճիռներ կայացնելու հնարավորություն են ստանում` օրինագծերի քննարկման ընթացքում բազմիցս մատնացույց է արվել լրագրողական հանրության ներկայացուցիչների կողմից: Այս ամենի հետեւանքով այսօր ավելի է ճնշվում առանց այն էլ սահմանափակ խոսքի ազատությունը երկրում:

Փորձը ցույց տվեց, որ ընդունված օրենսդրական փոփոխությունները, չնայած դրանց կողմնակիցների փաստարկներին, բոլորովին էլ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության պատվի եւ արժանապատվության պաշտպանության միջոցներ չեն: Օրենքի «ուժից» բացառապես օգտվում են «այս աշխարհի ուժեղներ»` քաղաքական եւ գործարար վերնախավի ներկայացուցիչները` հաշիվներ մաքրելով իրենց համար ոչ ցանկալի ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ: Հետեւելով համաքաղաքացիների իրավունքները ոտնահարելու եւ անձեռնմխելի զգալու իրենց սովորույթին` հանրային բնական հետաքրքրություն ներկայացնող այդ անձինք արհամարհում են ԶԼՄ-ների նկատմամբ հանդուրժողականության` քաղաքակիրթ աշխարհում ընդունված սկզբունքը: Իսկ դատական վերջին գործերն էլ վկայում են, որ դատարանները պատրաստ են աջակցել լրագրողների դեմ ծավալվող «խաչակրաց արշավանքին»:

Մենք ամենեւին չենք պնդում, որ հայկական լրատվամիջոցներն անմեղ են եւ դժգոհությունների առիթ չեն տալիս: Այնուամենայնիվ, հաղթահարել հայրենական լրագրության թերությունները` փակելով վերջինիս բերանը (հենց այդպիսին է լինելու այսօր կիրառվող ֆինանսական ճնշման հետեւանքը), նշանակում է վերջնականապես արժեզրկել լրատվամիջոցների դերը մեր հասարակության մի շարք բացասական երեւույթների, առաջին հերթին` կոռուպցիայի տարբեր դրսեւորումների եւ դրա ամենավտանագավոր ձեւի` պետության զավթման դեմ պայքարում:

Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին` հնարավորինս արագ վերանայել վիրավորանքի եւ զրպարտության մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները: Մշակել համապատասխան պարզաբանումներ` ձեւակերպելով բարոյական վնասի փոխհատուցման բանական եւ հիմնավոր սահմաններ` այդպիսով ապահովելով յուրաքանչյուր գործով դրա կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու հնարավորություն:

Կոչ ենք անում դատարաններին` տուրք չտալ ազդեցիկ հայցվորների անսանձ հավակնություններին եւ անհագուրդ ախորժակին, ավելի շատ կիրառել օրենսդրությամբ նախատեսված` պատասխանի եւ հերքման հնարավորությունը:

Կոչ ենք անում ԶԼՄ-ներին` զարգացնել ինքնակարգավորման եւ հասարակության առջեւ հաշվետվողականության մեխանիզմները, իսկ ՀՀ քաղաքացիներին` առավել ակտիվ օգտվել այդ արտադատական մեխանիզմներից` իրենց տեղեկատվական իրավունքները պաշտպանելու համար:

Երեւանի մամուլի ակումբ
Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան