Ապրիլի 2, 2002

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր
չտրամադրելու կապակցությամբ

Ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կայացրեց մի որոշում, որով Երեւան քաղաքի տարածքում 37-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչեց «Շարմ» ընկերությանըª ըստ էության եթերից զրկելով հանրապետության լավագույն հեռուստաընկերություններից մեկինª «Ա1+»-ին:

Մենք խիստ մտահոգված ենք, որ «Ա1+» հեռուստաալիքը դուրս է մղվում ոլորտից, ինչը կարող է աղքատացնել հանրապետության հեռուստալրատվության դաշտը, նվազեցնել բազմազան լրատվություն եւ կարծիքներ ստանալու ու արտահայտելու հնարավորությունները: Մենք կարծում ենք, որ օբյեկտիվ վճիռ կայացնելու համար, հանձնաժողովը պիտի հաշվի առներ «Ա1+»- ի անցած տարիների գործունեությունը, նրա ավանդը Հայաստանում ազատ խոսքի ու բազմակարծության հաստատման գործում:

Մենք համարում ենք, որ ապրիլի 2-ի որոշումը քաղաքականացնում է հարցը ու կարող է անցանկալի լրատվամիջոցներին լռեցնելու կամ սաստելու նախադեպ  դառնալ, եւ պնդում ենք, որ խնդիրը դիտարկվի մասնագիտական տեսանկյունից:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը հետեւանք է անկատար օրենսդրության, որը հնարավորություններ է ստեղծում կամայականորեն ձեւավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազ•ային հանձնաժողովը եւ նույնքան կամայական վերաձեւումների ենթարկել հեռարձակման դաշտըª անտեսելով գործող ու կայացած հեռուստաընկերությունների շահերը: Սա հաստատեց նաեւ մյուսª 35-րդ դեցիմետրային կապուղու մրցույթը, որում հաղթող ճանաչվեց «Շողակաթ» հեռուստաընկերությունըª դուրս թողնելով «Նոյյան Տապանին»:

Մենք մեր հնարավորություններով սատարելու ենք հեռուստաընկերություններիª իրենց իրավունքները պաշտպանելու բոլոր օրինական գործողություններին եւ շարունակելու ենք պնդել օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Երեւանի մամուլի ակումբ
«Ինտերնյուս» հասարակական կազմակերպություն