ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Օր» թերթում «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի անձնական կյանքին վերաբերող հրապարակման կապակցությամբ
Նոյեմբերի 14-ին «Օր» թերթը հրապարակել էր լուսանկարներ եւ մի հոդված, ինչը բարոյականության բոլոր նորմերի ոտնահարում էր (հոդվածի հեղինակ՝ «Օր» թերթի ղեկավար՝ Գայանե Մուքոյան — նշումը` ԵՄԱ-ի):
Մենք`լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ այս հրապարակմամբ այդ թերթն իրեն դուրս է դրել լրագրողական հանրությունից եւ այսուհետեւ մեզ համար իբրեւ լրատվամիջոց գոյություն չունի: Մենք կոչ ենք անում բոլոր գործընկերներին`բոյկոտել այդ թերթի հետ որեւէ շփում կամ համագործակցություն, արժանապատիվ արհամարհանքով մերժել նրա գոյությունն իսկ:
Հայտարարում ենք, որ այսպիսի վերաբերմունքի կարժանանան այն լրատվամիջոցներն ու լրագրողները, ովքեր նման հրապարակումներով կվարկաբեկեն մեր մասնագիտությունը:
Մենք կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին`մամուլի ասուլիսներին, բրիֆինգներին եւ տարբեր կարգի այլ միջոցառումներին չհրավիրել այդ թերթի ներկայացուցիչներին`դրսեւորելով նույն արհամարհանքը:
Մենք պահանջում ենք իրավապահներից`ապահովել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը, քանզի այս հրապարակումը փաստում է, որ հանրապետության որեւէ բնակիչ չի կարող վստահ լինել, թե ինչ-որ անձինք չեն գաղտնալսում իրեն կամ գաղտնի նկարահանում իր անձնական կյանքը, ինչը ե՛ւ Սահմանադրության, ե՛ւ միջազգայնորեն ընդունված նորմերի կոպիտ խախտում է:
«Ազգ» թերթ
«Նովոյե վրեմյա» թերթ
«Օրրան» թերթ
«Հայկական ժամանակ» թերթ
«Կանչ» թերթ
«Արմմեդիա» թերթ
«Հայացք Երեւանից» ամսագիր
«Նոյյան Տապան» լրատվական գործակալություն
«Դե- Ֆակտո» լրատվական գործակալություն
«Ֆոտոլուր» գործակալություն
Երեւանի մամուլի ակումբ
Հայաստանի ժուռնալիստների միություն
Հայաստանի հետաքննող լրագրողների ընկերակցություն
«ԹԻՄ» ուսումնասիրությունների կենտրոն
Հայտարարությունը բաց է ստորագրությունների համար