Ապրիլի 3, 2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը լրագրողների նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի կապակցությամբ

2017թ. ապրիլի 2-ին, ՀՀ ԱԺ ընտրությունների օրը, արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների, ճնշումների և մասնագիտական գործունեության խոչընդոտումների 10 դեպք։

Այսպես, Երևանի Կոնդ թաղամասի Ռուսթավելու 15 հասցեում գտնվող՝ ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ հարձակման են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանը և Araratnews.am լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը։ Նույն տարածքում տեղակայված 9/29 ընտրատեղամասում խոչընդոտել են Armtimes.com-ի լրագրող Տիրայր Մուրադյանի աշխատանքը, իսկ Հակոբ Բեգլարյանի՝ Նորագյուղում գտնվող մեկ այլ շտաբին հարող տարածքում ճնշում են գործադրել Newsbook.am լրատվական կայքի թղթակից Արմինե Ավետիսյանի վրա. նրա  ուղղությամբ քարեր են նետել, սպառնացել, թե նիզակով կխփեն։ Երևանի Սարի թաղի 10/3 ընտրատեղամասում սպառնացել ու հայհոյել են Newsbook.am-ի մեկ այլ թղթակցի՝ Քրիստինե Պողոսյանին։

Տարատեսակ խոչընդոտումների և ճնշումների են բախվել նաև hetq.am-ի թղթակից Գրիշա Բալասանյանը՝ Էջմիածնի թիվ 14/20 ընտրատեղամասում, Tert.am-ի թղթակից Անի Գևորգյանը՝ Արարատի մարզի Շահումյան գյուղի թիվ  12/35 ընտրատեղամասում, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի թիվ 20/24 ընտրատեղամասում, Armtimes.com-ի թղթակից Նարեկ Կիրակոսյանը՝ Գյումրու թիվ 32/31 ընտրատեղամասում, News.am-ի թղթակից Լուսինե Շահբազյանը՝ Երևան քաղաքի թիվ 6/01 ընտրատեղամասում։

Հայաստանում ձևավորվել է խիստ բացասական ավանդույթ. ներքաղաքական լարվածություն առաջացնող իրադարձությունների, հատկապես՝ համապետական ընտրությունների ընթացքում ավելանում են ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները։ Այս առումով ապրիլի 2-ը բացառություն չդարձավ, չնայած իշխանությունների՝ ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու խոստումներին։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ իրավապահ մարմինները նշված միջադեպերից մի քանիսի վերաբերյալ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ են իրականացնում։ Սակայն ձեռնարկված քայլերը առանձնապես հավատ չեն ներշնչում, քանզի նախորդ տարիներին բազմաթիվ նմանատիպ դեպքերում մեղավորները չեն հայտնաբերվել և պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ քրեական գործերը, եթե նույնիսկ հարուցվել են, կարճվել են «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

— ՀՀ ոստիկանությունից և իրավասու քննչական մարմիններից՝ օբյեկտիվորեն ուսումնասիրել արձանագրված բռնությունների և լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը և դրանց հիմքերով քրեական գործեր հարուցել,

— ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ գործողությունների նկատմամբ՝ բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Մենք ուշադիր հետևելու ենք գործընթացներին, շարունակելու ենք պաշտպանել տուժած լրագրողների իրավունքները և այդ ամենի մասին տեղեկացնելու ենք հանրությանը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ