Մայիսի 14, 2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու 2017թ. ընտրությունների ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի կապակցությամբ 

2017թ. մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպք։

Մայրաքաղաքի Նար-Դոս փողոցում տեղակայված Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի վրա (այստեղ և այսուհետև բերվում են միջադեպերի այն տեսանյութերի հղումները, որոնք տեղադրված են 2017թ. մայիսի 14-ի Aravot.am-ում), քաշքշել ու հարվածել նրան։

Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցում (10/29 ընտրատեղամաս) բռնություն է կիրառվել Armtimes.com լրատվական կայքի թղթակից Տաթև Խաչատրյանի նկատմամբ։ Վերջինիս աշխատանքը խոչընդոտվել է նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում։ Aravot.am-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ևս ճնշում է գործադրվել նույն տեղամասում։

Մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտումների են բախվել նաև 1in.am կայքի թղթակից Մարիամ Գրիգորյանը՝ Էրեբունի համայնքի 10/28 տեղամասում, Hraparak.am-ի թղթակից Սոնա Ադամյանը՝ Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Առևտրի քոլեջում (2/50 ընտրատեղամաս)։

Նմանատիպ փաստեր են արձանագրվել նաև քարոզարշավի ընթացքում. ճնշումների են ենթարկվել Aravot.am-ի թղթակից Նելլի Գրիգորյանը և «Հայկական ժամանակ» թերթի թղթակից Աննա Զախարյանը։

Ձևավորված արատավոր ավանդույթի համաձայն՝ այս ընտրությունների ժամանակ ևս լրագրողների նկատմամբ հարձակումներն ահագնացան, ինչը թույլ չտվեց նրանց ազատ և անկաշկանդ լուսաբանել այդ կարևոր գործընթացը։

Եթե 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների օրը տեղի ունեցած նմանատիպ իրադարձություններից հետո իրավապահ մարմիններն իսկույն արձագանքեցին և քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ սկսեցին, ապա այս անգամ նրանք առայժմ պատշաճ օպերատիվություն չեն դրսևորում։ Նախորդ տարիների փորձն էլ առանձնապես հավատ չի ներշնչում, որ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները ոտնահարողները պատասխանատվության կենթարկվեն։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.

— ՀՀ ոստիկանությունից և իրավասու քննչական մարմիններից՝ օբյեկտիվորեն ուսումնասիրել արձանագրված բռնությունների և լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը և դրանց հիմքերով քրեական գործեր հարուցել,

— ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ գործողությունների նկատմամբ՝ բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Այս միջադեպերի առնչությամբ՝ իշխանությունների գործողությունները մեր ուշադրության կենտրոնում են լինելու. մենք պաշտպանելու ենք տուժած լրագրողների շահերը և իրազեկելու ենք հայաստանյան ու միջազգային հանրությանը վերոհիշյալ իրավախախտումներին առնչվող գործընթացների զարգացումների մասին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ -ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ