ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
News.am-ի մարզական թղթակից Վերա Մարտիրոսյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հավատարմագրումը մերժելու կապակցությամբ
News.am-ի մարզական բաժնի թղթակից Վերա Մարտիրոսյանին մերժել են ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 2017թ. հունիսի 4-ի և 10-ի խաղերի լուսաբանման հավատարմագրումը։
Ի պատասխան հավատարմագրումը մերժելու պատճառի մասին լրագրողի հարցման՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության ղեկավար Հայկ Կարապետյանը հայտնել է, որ դա արվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անձնական կարգադրությամբ։ Կարելի է ենթադրել, որ Ֆեդերացիայի նախագահին դուր չի գալիս, թե Վերա Մարտիրոսյանն ինչպես է գրում հայկական ֆուտբոլի մասին։
Մինչդեռ Վերա Մարտիրոսյանն արդեն երկար տարիներ աշխատում է մարզական լրագրության ոլորտում, և նրա հրապարակումներն աչքի են ընկնում լուսաբանվող թեմայի հանդեպ ստեղծագործական և պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Այսպես, 2015թ. Վերա Մարտիրոսյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին՝ «մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի և բազմակողմանի մոտեցման համար»։ Այլ կերպ ասած, մերժելով նրան հավատարմագրել ՝ ՀՖՖ-ն News.am-ի բազմահազարանոց լսարանին զրկել է ազգային հավաքականի խաղերի վառ և ինքնատիպ լուսաբանումից։
Ելնելով այն բանից, որ սա նմանօրինակ առաջին դեպքը չէ, մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ անձնական վերաբերմունքի հիման վրա հավատարմագրման մերժումն անթույլատրելի է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունից պահանջում ենք հետագայում բացառել լրագրողի գործունեության նման սահմանափակումները։
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ