Հունիսի 23, 2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների երկամյակի կապակցությամբ, որի ժամանակ տուժեցին ԶԼՄ-ների ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ   

2017թ. հունիսի 23-ին լրացավ «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիական շարժումը ուժի կիրառմամբ ճնշելու երկրորդ տարին։

Երեւանի Բաղրամյան պողոտայում 2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանները աննախադեպ դաժանություն ցուցաբերեցին նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։ Ֆիզիկական բռնության ենթարկվեցին տարբեր լրատվամիջոցների 13 լրագրողներ ու օպերատորներ, եւս 11-ի մասնագիտական աշխատանքն ապօրինաբար խոչընդոտվեց` ֆոտո եւ տեսախցիկները միտումնավոր ջարդելու կամ վնասելու, դրանց հիշողության սարքերն առգրավելու, նկարահանված կադրերը ոչնչացնելու եւ այլ միջոցներով։

Համաձայն Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության՝ այդ դեպքերով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել ԶԼՄ-ների 22 ներկայացուցիչներ։ Սակայն առայսօր մեղադրանք է առաջադրվել եւ դատական վճիռ է կայացվել ընդամենը 4 ոստիկանի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երեւում են վայրագություններ իրականացնող մի քանի տասնյակ իրավապահներ։

Հատկանշական է, որ վերոհիշյալ չորս անձանց մեղադրանք առաջադրվեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ մեկ այլ՝ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում կիրառված լայնածավալ բռնություններից հետո, երբ ՀՀ նախագահը հրապարակավ ներողություն խնդրեց լրագրողներից։ Մինչդեռ, եթե 2015թ. հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, հնարավոր է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց չկրկնվեր։

Մենք՝ ներքոստորագրյալներս, եւս մեկ անգամ արտահայտելով մեր վրդովմունքը 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, ինչպես նաև 2016-ի հուլիսի 17-ից 30-ը Խորենացի փողոցում եւ Սարի թաղում իրավապահ մարմինների գործողությունների առնչությամբ եւ արձանագրելով, որ այդ իրադարձությունների քննության համար ձեռնարկված միջոցներն ու դրանց արդյունքները չեն համապատասխանում բռնությունների ծավալներին, վերահաստատում ենք իշխանություններին ուղղված մեր պահանջները՝ անաչառ վերաբերմունք ցուցաբերել հարուցված քրեական գործերի նկատմամբ, ապահովել դրանց արդյունավետությունը եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ -ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ