Հունվարի 31, 2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքի օգտատիրոջ կողմից Medialab.am խմբագրությանն ուղղված սպառնալիքների կապակցությամբ

2018թ. հունվարի 30-ին «Ազատություն» ռադիոկայանը և մի շարք այլ լրատվամիջոցներ տեղեկացրեցին, որ Medialab.am կայքի խմբագրությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։ Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակված ծաղրանկարն է՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Ընդ որում սպառնացողն ակնարկել է, որ Medialab.am-ը կարող է արժանանալ 2015թ. հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։

Կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ լրատվամիջոցը ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ է ստանում, սակայն այս մեկն առավել արտառոց է։ Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսին անհայտ անձինք կոտրել էին Medialab.am-ի գլխավոր խմբագրի մեքենայի ապակիները և գողացել էին երկրի ղեկավարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների պատկերող 107 ծաղրանկար: Սակայն այս միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվեց՝ մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով։

Այս դեպքում ֆեյսբուքյան օգտատիրոջ անունը հայտնի է, և նույնիսկ եթե այն կեղծ լինի, իրավապահ մարմինները բոլոր հնարավորություններն ունեն պարզելու անձի ինքնությունը եւ հայտնաբերելու նրան։

Հաշվի առնելով, որ.

— սպառնացողը որպես խմբագրությանը սպասվող վտանգի օրինակ է բերել իսլամական ծայրահեղականների կողմից հարձակման ենթարկված և 12 զոհ տված «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի կրած ողբերգությունը,

— վտանգն իրական համարելով՝ Մարիաննա Գրիգորյանը դիմել է իրավապահ մարմիններին,

մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք.

— ՀՀ դատախազությունից՝ քրեական գործ հարուցել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածը լիարժեք քննելու, խմբագրությանը սպառնացողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար,

— ՀՀ ոստիկանությունից՝ մինչև վերոհիշյալ գործընթացի ավարտը պատշաճ հսկողություն իրականացնել և ապահովել խմբագրության անվտանգությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ