Փետրվարի 20, 2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության թղթակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ

2018թ. փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության թղթակիցներ Ռուզաննա Ստեփանյանի և Սուսաննա Պողոսյանի մասնագիտական գործունեությունը։ Լրագրողները այնտեղ էին ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հրավերով, որը մտադրվել էր նրանց ներկայացնել մի շարք խնդիրներ։ Մասնավորապես այն, որ ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո արգելվել է խմբակցության ծառայողական մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի։ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է նաև քաղաքապետարանի ծառայողական սենյակներում աշխատանքային ժամին որոշ անձանց թղթախաղով զբաղվելու փաստը։

Լրագրողների գործունեությանը միջամտել է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։ Նախ՝ նա թույլ չի տվել Զարուհի Փոստանջյանին քաղաքապետարանի շենքում շարունակել շփվել թղթակիցների հետ, ապա ոստիկանների միջոցով արգելել է լրագրողներին անցնել ավագանու անդամի աշխատասենյակ եւ ստիպել է նրանց լքել շենքը` հղում կատարելով ինչ-որ ներքին կանոնակարգի, որի մասին տեղյակ չեն ոչ ավագանու անդամները, ոչ ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

Նույն օրը կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն: Սակայն մի շարք հարցեր մնում են առկախ. այդ օրն իրենց գործունեությամբ ի՞նչ կարգ են խախտել «Ազատության» և «Ա1+»-ի նկարահանող խմբերը, ի՞նչ է նկատի առնվում, երբ հայտարվում է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքի չկանոնակարգված լինելու մասին, և ի՞նչ կարելի է այժմ ակնկալել բացի անհիմն սահմանափակումներից։

Մենք՝ ներքոստորագրյալներս, հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք.

— քաղաքապետ Տարոն Մարգարյանից՝ խիստ պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին՝  կամայականություն ցուցաբերելու և, իր լիազորությունները չարաշահելով, լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտելու համար,

— Երևանի ավագանուց՝ թույլ չտալ այնպիսի կանոնակարգերի ընդունում, որոնք  քաղաքապետարանում լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի անհիմն սահմանափակումներ կնախատեսեն,

— իրավապահ մարմիններից՝ վերոհիշյալ միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ