Հունվարի 8, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մասնավոր մուլիտպլեքսոր օպերատորի լիցենզավորման մրցույթը չկայացած համարելու կապակցությամբ 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2018թ․ դեկտեմբերի 28-ին չկայացած հայտարարեց մասնավոր մուլտիպլեքսորի՝ հեռարձակման թվային ցանցի օպերատորի գործունեության լիցենզավորման 6 ամիս տևած մրցույթը։ Տվյալ որոշման համար հիմք է ծառայել այն, որ սահմանված ժամանակահատվածում ոչ մի դիմում չի ներկայացվել։

Սա արդեն երրորդ անպտուղ մրցույթն է, որ նույն պատճառաբանությամբ չկայացած է հայտարարվում։ Նախորդ երկուսը 2016 և 2017 թվականներին էին անցկացվել։ Մինչդեռ այս մրցույթների յուրաքանչյուր ձախողում նշանակում է, որ

— հանրային թվային ցանցի օպերատորը, այսինքն, պետական մուլտիպլեքսորը, պահպանելու է իր մենաշնորհային դիրքը,

— եթերային հեռարձակման ոլորտում ևս մեկ տարով բացառվում են նոր «խաղացողների» ի հայտ գալն ու մրցակցության պայմանների ստեղծումը,

— շարունակելու են անորոշության մեջ գտնվել մարզերում գործող մոտ 10 տեղական հեռուստաընկերությունները, որոնք ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության և անարդար մրցույթների հետևանքով դուրս են մնացել թվայնացման գործընթացից, դեռևս աշխատում են անալոգային տիրույթում և սպասում են մասնավոր մուլտիպլեքսի ստեղծմանը։

Փաստորեն ձևավորվել է մի իրավիճակ, երբ երկրին անհրաժեշտ է մասնավոր մուլտիպլեքս, բայց մրցույթներին ոչ ոք հայտ չի ներկայացնում։ Մեր համոզմամբ, դրա պատճառը ոչ թե հետաքրքրության բացակայությունն է, այլ այն, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հեռարձակման մասնավոր թվային ցանց ստեղծելու համար նախատեսված պայմաններն ու պահանջներն իրատեսական, հրապուրիչ չեն բիզնեսի տեսանկյունից և չեն նպաստում ոլորտի զարգացմանը։ Այս պայմաններում ՀՌՀ-ի կազմակերպած մրցույթները որևէ հեռանկար չունեն և զուտ ձևական բնույթ են կրում։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում.

— նորընտիր Ազգային ժողովին՝ քննարկումներ նախաձեռնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը արմատապես բարեփոխելու համար,

— ՀՀ կառավարությանը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին՝ մշակել և հանրությանը ներկայացնել ոլորտի բազմաթիվ խնդիրների լուծման վերաբերյալ արդիական ծրագիր՝ հիմնվելով միջազգային փորձի վրա և հաշվի առնելով մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների առաջարկությունները։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ