ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սուտ մատնության վերաբերյալ՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության կապակցությամբ
ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական E-draft.am կայքում տեղադրել է Քրեական օրենսգրքի նոր նախագիծ, որի մի շարք դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացրել լրագրողական շրջանակներում։ Մասնավորապես՝ սուտ մատնությանը վերաբերող 443-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ԶԼՄ-ներում հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկատվություն հրապարակելու համար՝ ընդհուպ մինչև ազատազրկում։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում նախարարության պարզաբանումն առ այն, որ սույնով նպատակ չի հետապնդվել թիրախավորել լրատվամիջոցներն ու լրագրողներին։ Այդուհանդերձ, հայտարարում ենք, որ սուտ մատնությունը՝ որպես հանցանք, ԶԼՄ-ների դաշտ տեղափոխելը նախկինում չկիրառված (գործող Քրեական օրենսգրքում այն բացակայում է) և այժմ որևէ անհրաժեշտությամբ չպայմանավորված նորամուծություն է, որը կարող է լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունն ու խոչընդոտել լրագրողական գործունեությունը։ Ավելին, դա նաև կկաշկանդի լրագրողական աղբյուրներին՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ խորհրդապահական եղանակով արժեքավոր տեղեկություններ տրամադրելու հարցում։ Ի վերջո, եթե նույնիսկ լրատվամիջոցում հրապարակվում են հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություններ, ապա այդ խնդիրը լիովին կարող է լուծվել քաղաքացիաիրավական կարգավորմամբ՝ զրպարտության համար պատասխանատվությամբ, այլ ոչ թե գործը հասցնելով քրեական հետապնդման՝ ներառյալ ազատազրկման։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք նախագծի հեղինակներից չտեղափոխել սուտ մատնության խնդիրը ԶԼՄ-ների դաշտ և 443-րդ հոդվածից հանել «(․․․) կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվության հրապարակումը» հատվածը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ