ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Լոռի TV» ՀԸ գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու քրեական գործով դատարանի վճռի կապակցությամբ
Վրդովմունքով և հիասթափությամբ տեղեկացանք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Սուսաննա Գզոգյան) վճռել է «Լոռի TV» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու քրեական գործով մեղադրվող անձանցից որևէ մեկին պատասխանատվության չենթարկել։
Հիշեցնենք, որ դեռ 2017թ. սեպտեմբերի 28-ին Նարինե Ավետիսյանը, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրևի պայմաններում Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր՝ լուսաբանելու կատարվող աշխատանքները: Նկարահանումների պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի վրա, ոլորել թևերը, նրան գցել գետնին ու խլել հեռախոսը՝ ջնջելով արված լուսանկարները։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է մտել 2018թ․ փետրվարի 23-ին, և երկուսուկես տարի ձգվող դատաքննությունից հետո, 2020թ․ օգոստոսի 24-ին կայացված վճռով, Տիգրան Նազարյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ հանցավոր արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Իսկ կազմակերպության աշխատակից Վրեժ Խաչատրյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով։
Թեև Լոռու մարզի դատախազությունը մեղադրական եզրակացությունների մեջ հստակ նկարագրել էր կատարվածը, դատարանն անտեսել է դա և պատիժ չի նշանակել ամբաստանյալներին։ Միանգամայն անհասկանալի և անընդունելի է նաև այն, թե ինչու է բավականին պարզ գործն այսքան ձգձգվել․ գուցե հենց այն նկատառումով, որպեսզի կիրառվի վաղեմության ժամկե՞տը։
Այս վճռով, ըստ էության, ոչ միայն արդարացվում է լրագրողի վրա հարձակում գործած անձը, այլ նաև «կանաչ լույս» է վառվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ նոր բռնությունների համար, և հաստատվում անպատժելիության մթնոլորտ։
Հաշվի առնելով դատավճռի՝ ակնհայտորեն կողմնակալ ու անարդար լինելը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք․
· ՀՀ դատական իշխանության Էթիկայի և կարգապահական հանձնաժողովից և Արդարադատության նախարարից՝ ուսումնասիրել տվյալ դատական գործը և դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ անփութությամբ խախտում կատարած լինելու դեպքում հարուցել կարգապահական վարույթ,
· Վերաքննիչ քրեական դատարանից՝ բեկանել առաջին ատյանի վճիռը, ապահովել գործի համակողմանի ու անաչառ քննություն և պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողներին։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ