Ապրիլի 15, 2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական ցանցերում լրագրողների հանդեպ սպառնալիքների ու վիրավորանքների վերաբերյալ

 

2021թ․ ապրիլի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ Tert.am կայքի լրագրող Անի Գևորգյանը դիմել է իրեն՝ տեղեկացնելով, որ սոցիալական ցանցերի տարբեր էջերում սպառնալիքներ է ստացել՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ։ Մասնավորապես՝ օգտատերերի մի խումբ տարածել է լրագրողի և նրա մանկահասակ երեխայի լուսանկարը՝ ուղեկցող վիրավորական և արժանապատվությունը նվաստացնող տեքստերով:

Ի գիտություն ընդունելով, որ ՄԻՊ Արման Թաթոյանը մտադրություն է հայտնել այս կապակցությամբ գրություն ուղարկել ՀՀ ոստիկանություն, իսկ Անի Գևորգյանն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել իրավապահներին, արձանագրում ենք, որ վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են լրագրողներին թիրախավորելու և նրանց հանդեպ ճնշումներ գործադրելու դեպքերը թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ զանգվածային քաղաքական ակցիաների ընթացքում։ Ցավոք, մեր հասարակությունում այդպես էլ չձևավորվեց քաղաքակիրթ բանավեճի մշակույթը, և առավել տարածված է մնում այլակարծությանը ատելությամբ, հայհոյախոսությամբ և սպառնալիքներով պատասխանելը։ Ավելին, նույնիսկ հաշվի չի առնվում անչափահասների լուսանկարների և անձնական տվյալների ապօրինի հանրայնացման վտանգավորությունը։ Այս պայմաններում է՛լ ավելի հրատապ է դառնում իրավապահ մարմինների հատուկ ուշադրությունը խնդրին ու համարժեք հակազդող քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ճնշման դրսևորում, մանավանդ, եթե դա կապված է այնպիսի քրեորեն պատժելի արարքի հետ, ինչպիսին լրագրողին կամ նրա մերձավորին վնաս հասցնելու սպառնալիքն է։ Կարևորելով լրագրողի կողմից պետական կառույցին դիմելու նախադեպը՝ պահանջում ենք․

• ՀՀ ոստիկանությունից՝ քայլեր ձեռնարկել լրագրող Անի Գևորգյանի անվտանգությունն ապահովելու համար, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում նրան վիրավորանքներ և սպառնալիքներ ուղղած օգտատերերին։

• Քաղաքական ուժերից և նրանց հարող խմբերից՝ առավել զսպվածություն ցուցաբերել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ, անկախ դրանց ուղղվածությունից, տարածվող գաղափարներից և տեսակետներից։

Հորդորում ենք լրագրողներին՝ բարձրաձայնել իրենց իրավունքների խախտման ցանկացած դեպքի մասին, ինչը կնպաստի խնդրի հանրայնացմանը և ԶԼՄ-ների աշխատակիցների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ