ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուշիում անցկացված «Գլոբալ մեդիա ֆորում»-ի վերաբերյալ
Ժողովրդավարության և մամուլի ազատության միջազգային վարկանիշներում ստորին տեղերը զբաղեցնող Ադրբեջանն իր նախագահի մասնակցությամբ հուլիսի 20-22-ն արդեն երկրորդ անգամ (առաջինը մեկ տարի առաջ էր) Շուշիում անցկացրեց, այսպես կոչված, «Գլոբալ մեդիա ֆորում», որի թեման էր՝ «Կեղծ պատմությունների բացահայտում. պայքար ապատեղեկատվության դեմ»։
Գուցե ոչ մի զարմանալի բան չկա, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում Ադրբեջանի պես երկրում, որտեղ բազմաթիվ լրագրողներ շինծու մեղադրանքներով գտնվում են բանտերում, հետապնդվում և ստիպված են լինում արտագաղթել, որպեսզի փրկվեն ավտորիտար ռեժիմի ռեալ սպառնալիքներից։ Ի վերջո, նման «ֆորումները» տվյալ վարչակարգի համար դառը իրականությունը կոծկելու փորձեր են ու միջոց։ Բայց զավեշտալին այն է, երբ այդ միջոցառումներին այս կամ այն կարգավիճակով մասնակցում են որոշակի համբավ ու հեղինակություն ունեցող միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք, կարծես անտեսելով իրենց իսկ կառույցների կողմից տարիներ շարունակ Ադրբեջանին ուղղված սուր քննադատությունը, իրենց ներկայությամբ և հաճոյախոսությամբ նպաստում են, որ «ֆորումները» դառնան պաշտոնական Բաքվին «պարզերես անելու» ուղերձների հարթակ։
Էլ ավելի զավեշտալի էր «ֆորումի» թեման, քանի որ այդ նույն ալիևյան ռեժիմը շռայլորեն խրախուսում է կեղծ պատմությունների տարածումը և ապատեղեկատվությունը։
Եթե մեծ հաշվով սպասելի էին այդ միջոցառման ընթացքում, օրինակ, ռուսաստանյան քարոզչամիջոցների կարկառուն դեմքերի գովքն ու պերճախոսությունը Ալիևի հասցեին, ապա, մեղմ ասած, անհասկանալի է նույն կեցվածքը արևմտյան երկրներից ժամանած մասնակիցների կողմից։ Վերջիններից որևէ մեկը չհանդգնեց որևէ քննադատական խոսք ասել կամ մի սուր հարց տալ Ալիևին՝ Ադրբեջանում մամուլի վիճակի, լրագրողների նկատմամբ բռնաճնշումների, քաղբանտարկյալների, էլ չենք ասում՝ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած հայաթափման մասին։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այսպիսի գործելակերպը հակասում է անաչառ և պատասխանատու լրագրության սկզբունքներին։
Կոչ ենք անում միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններին, համաշխարհային առաջատար լրատվամիջոցներին՝
- գնահատել Շուշիում անցկացված «ֆորումի» բացասական ազդեցությունը ժողովրդավարական արժեքների վրա,
- վերանայել դրա նկատմամբ վերաբերմունքը և մասնակցության սկզբունքները,
- բացառել մասնագիտության հետ անհամատեղելի երեսպաշտությունը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ