Հարցի նախապատմությունը. «Առավոտ» օրաթերթի թղթակից Ռուզան Մինասյանը դիմել էր Դիտորդ մարմին` տալու «Առավոտ» օրաթերթի դեմ ՀՀ ոստիկանության աշխատակից Արթուր Ղևոնդյանի դատական հայցի առարկա դարձած հոդվածի փորձագիտական եզրակացությունը: Հայցվորը հրատարակչից պահանջում էր հերքել Ռուզան Մինասյանի «Եթե հարևանդ ոստիկան է» (հրապարակվել է 2008թ. հունիսի 25-ին, «Առավոտում») հոդվածում հրապարակված տեղեկությունները , որոնք արատավորում են նրա պատիվն ու արժանապատվությունը:
Դատարանի նոյեմբերի 14-ի նիստում Ռուզան Մինասյանը ներկայացրեց Դիտորդ մարմնի եզրակացությունը: Արթուր Ղևոնդյանը հայտարարեց, որ եթե «Առավոտը» հրապարակի այն, ինքը հայցը հետ կվերցնի:
«Առավոտը» եզրակացությունը տպագրեց հաջորդ օրվա համարում` նոյեմբերի 15-ին: Նոյեմբերի 18-ի նիստում դատարանը բավարարեց Արթուր Ղևոնդյանի միջնորդությունը` հայցը հետ վերցնելու մասին: Երևանի քաղաքացիական դատարանը նոյեմբերի 26-ին հայտարարեց «Առավոտ» օրաթերթի դեմ Արթուր Ղևոնդյանի հայցի հետկանչման և դատական վարույթի դադարեցման մասին:
Այսպիսով Հայաստանում ստեղծվեց նախադեպ: Առաջին անգամ կողմերից մեկի խնդրանքվ ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինը եզրակացություն տվեց դատական վարույթի առարկայի վերաբերյալ և հակառակ կողմը, բավարարվելով փաստաթղթի բովանդակությամբ և հրապարակման փաստով, հետ վերցրեց իր հայցադիմումը:
Դիտորդ մարմնի որոշումը` «Ժամանակի միտք» թերթի դեմ «Ա1+»-ի բողոքի կապակցությամբ
Հարցի նախապատմությունը. «Ա1+» կայքի հեղինակային իրավունքի խախտման մասին «Ժամանակի միտք» թերթի դեմ բողոք էր ներկայացրել «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:
Դիտորդ մարմինը որոշեց բողոքը քննության չառնել, քանի որ «Ժամանակի միտքը» ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ: Գլխավոր խմբագիր Սիմոն Սարգսյանին Դիտորդ մարմնի անունից նամակով առաջարկվեց վեճում հանդես գալ որպես միջնորդ: «Ժամանակի միտք» թերթի և «Ա1+»-ի միջև վեճը հարթվեց: Բացի դրանից, թերթի գլխավոր խմբագիրը հայտարարեց, որ «Ժամանակի միտքը» միանում է ինքնակարգավորման նախաձեռնությանը և կստորագրի ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը:
Դիտորդ մարմնի 2008թ. հոկտեմբերի 31-ի որոշումը` «Փակագիծ» թերթի դեմ լրագրող Սառա Պետրոսյանի բողոքի կապակցությամբ
Հարցի նախապատմությունը. «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի անդամ Սառա Պետրոսյանը դիմել էր Դիտորդ մարմին` բողոքելով «Փակագիծ» թերթի դեմ` դրա կողմից իր հեղինակային իրավունքների խախտման կապակցությամբ:
Դիտորդ մարմինը որոշեց բողոքը քննության չառնել, քանի որ «Փակագիծը» ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ: Միևնույն ժամանակ, 2008թ. նոյեմբերի 27-ին Դիտորդ մարմինը նամակով «Փակագիծ» թերթին առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ: 2008թ. դեկտեմբերի 4-ին թերթը հրապարակեց համապատասխան ուղղումը:
Դիտորդ մարմնի որոշումը` «Ցայգ» հեռուստաընկերության դեմ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության բողոքի կապակցությամբ
Հարցի նախապատմությունը. 2008թ. փետրվարի 4-ին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը դիմել է Դիտորդ մարմնին Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության դեմ բողոքով: Այն 2008 հունվարի 31-ին իր տեղեկատվական «Ազդարար» հաղորդման ժամանակ ցուցադրել է հեռուստահոլովակ, որտեղ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հիշատակվել է բացասական համատեքստում:
Բողոքը քննվել է 2008թ. փետրվարի 15-ի և ապրիլի 3-ի նիստերում: Դիտորդ մարմինը եզրակացրեց ձեռնպահ մնալ որոշում կայացնելուց, քանի որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության բողոքը ենթակա չէ կարգավորման ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնի դրույթներով: Դիտորդ մարմինը սահմանափակվեց շրջաբերական նամակով, որն ուղղվեց Վարքականոնը ստորագրած բոլոր ԶԼՄ-ներին և չէր պարունակում տվյալ նամակը տպագրելու պահանջ:
Դիտորդ մարմնի որոշումը` «Առավոտ» օրաթերթի և «Արմենիա» հեռուստաընկերության միջև կոնֆլիկտի կապակցությամբ
Հարցի նախապատմությունը. 2008թ. հունվարի 11-ին «Առավոտ» օրաթերթը հրապարակել է «Գաֆեսջյանների ու Սարգսյանների «միությունը» չհաջողվե՞ց» հոդվածը, որտեղ խոսվում էր «Արմենիա» հեռուստաընկերության համասեփականատերերի` Սարգսյան ընտանիքի և հայկական ծագումով ամերիկացի մուլտիմիլիոնատեր Ջերարդ Գաֆեսջյանի միջև տարաձայնությունների, հեռուստաընկերության բաժնեմասերի մի մասի վաճառքի, աշխատավարձերի բաշխման և վճարման, ինչպես նաև իրագործվող նախագծերի իբրև թե գոյություն ունեցող խնդիրների շուրջ տարածվող բամբասանքների մասին: Հունվարի 12-ին «Արմենիայի» եթերով ցուցադրվեց հեռուստաընկերության համասեփականատեր Բագրատ Սարգսյանի ելույթը, որում նա հերքեց «Առավոտում» հրապարակվեց տեղեկությունը և հայտարարեց, որ հանդես է գալու թերթի դեմ դատական հայցով:
Հունվարի 15-ին Դիտորդ մարմինը դիմեց «Արմենիա» հեռուստաընկերությանը և «Առավոտ» օրաթերթին` կոչ անելով կոնֆլիկտը լուծել արտադատարանական կարգով: Ընդգծելով, որ խնդրի տեղափոխումը դատական ատյաններ կարող է խիստ վնասել զանգվածային լրատվամիջոցների վարկին` Դիտորդ մարմինը հեռուստաընկերությանը կոչ արեց իրավիճակը հարթել բանակցությունների ճանապարհով, իսկ թերթին` պատրաստակամություն հայտնել մասնակցելու դրանց:
Արդյունքում «Առավոտի» և «Արմենիայի» միջև ձեռք բերվեց հերքում տպագրելու մասին գրավոր համաձայնություն: Այն տպագրվեց «Առավոտի» հունվարի 19-ի համարում` «Արմենիան» իսկապես ծաղկում է» վերնագրով: Այստեղ ասվում էր, որ հունվարի 11-ի հոդվածում «Արմենիա» հոռսւտաընկերության մասին բերված փաստերն իրականությանը չեն համապատասխանում: