Դիտորդ մարմնի որոշումը` «Առավոտ» և «Անկախ» թերթերի դեմ Անմար Գասպարյանի բողոքի կապակցությամբ
Հարցի նախապատմությունը. Քաղաքացի Անմար Գասպարյանը դիմել էր Դիտորդ մարմնին`«Առավոտ» թերթի դեմ բողոքով, որը հրապարակել էր «Մեռած մարդը համաձայնությո՞ւն է տվել» (2010թ. օգոստոսի 4) և «Ոստիկանները սպառնում են Բաբայաններին» (2010թ. սեպտեմբերի 16) հոդվածները, ինչպես նաև «Անկախ» շաբաթաթերթին, որը նույն թեմայով հոդված էր հրապարակել: Իր դիմումում Անմար Գասպարյանը մասնավորապես նշել էր, որ վերոհիշյալ հոդվածներում տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
2010թ. դեկտեմբերի 22-ին Դիտորդ մարմինը Անմար Գասպարյանին նամակով առաջարկեց հերքում հրապարակելու պահաջով դիմել թերթերին: Նամակում նաև նշված էր, որ Դիտորդ մարմինը պատրաստ է հանդես գալ վեճում որպես միջնորդ, ինչի կապակցությամբ կարիք ունի լրացուցիչ տեղեկությունների և Անմար Գասպարյանի պարզաբանումների: Վերջինս առաջարկին չարձագանքեց:
Դիտորդ մարմնի 2010թ. սեպտեմբերի 11-ի փորձագիտական եզրակացությունը` «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանի՝ «Առավոտ» օրաթերթի դեմ բողոքի կապակցությամբ: Բողոքի առարկան «Առավոտ» օրաթերթում 2010թ. հուլիսի 7-ին հրապարակված «Աղջիկս երդվել է իմ արյունով լվացվել» հոդվածն էր:
Դիտորդ մարմնի որոշումը` «Հրապարակ» թերթի դեմ Հայաստանի եզդիների միության բողոքի կապակցությամբ
Հարցի նախապատմությունը. 2010թ. օգոստոսի 27-ին Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը դիմել էր Դիտորդ մարմնին` բողոքելով «Հրապարակ» թերթի դեմ , որը 2010թ. օգոստոսի 21-ին հրապարակել էր «Թամոյանի գաղտնի մոլուցքը կամ բռնաբարության փորձն իբրև բարի կատակ» հոդվածը: Իր դիմումում Եզդիների միության նախագահը նշել էր, որ հիշյալ հոդվածի տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:
Դիտորդ մարմինը թերթին նամակով առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ («Հրապարակ» թերթը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): Թերթն առաջարկին չարձագանքեց:
Դիտորդ մարմնի 2010թ. հուլիսի 21-ի որոշումը`«Առավոտ» թերթի դեմ քաղաքացիներ Աղասի և Վարդան Համբարձումյանների բողոքի կապակցությամբ
Հարցի նախապատմությունը. 2010թ. հունիսի 18-ին քաղաքացիներ Աղասի և Վարդան Համբարձումյանները դիմել էին Դիտորդ մարմին` «Առավոտ» թերթի դեմ բողոքով, որը 2010թ. հունիսի 17-ին հրապարակել էր «Մի ժառանգության պատմություն» հոդվածը: Դիմումում մասնավորապես նշված էր, որ հիշյալ հոդվածը պարունակում էր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Քննելով բողոքը` Դիտորդ մարմինը 2010թ. հուլիսի 21-ին կայացրեց որոշում, որ «Առավոտը» ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը չի խախտել, քանի որ այդ հոդվածը Նոտարական պալատի նախագահ Ալվարդ Պետրոսյանի հերքումն է 2010թ. մայիսի 27-ին «Առավոտում» հրապարակված «Ժառանգությունից զրկվել են նոտարի՞ մեղքով» հոդվածի: Իր որոշման մեջ Դիտորդ մարմինը հղում էր կատարել «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածին, որը երաշխավորում է հերքման և պատասխանի իրավունքը:
Դիտորդ մարմնի որոշումը` «Խուստուփ» հեռուստաընկերության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի բողոքի կապակցությամբ
Հարցի նախապատմությունը. 2010թ. հունիսի 8-ին Ղափանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն դիմել էր Դիտորդ մարմնին` մասնագիտական էթիկայի կանոններին` տեղական «Խուստուփ» հեռուստաընկերության գործողությունների համապատասխանության փորձագիտական եզրակացություն տալու խնդրանքով: ՀԿ–ի նախագահ Ռաֆայել Ասրյանի նամակում նշվում էր, որ 2005թ. «Խուստուփ» հեռուստաընկերության և «Դինո գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, համաձայն որի՝ հեռուստաընկերությունը պետք է լուսաբաներ այդ հանքարդյունաբերող ձեռնարկության գործունեությունը: Ռաֆայել Ասրյանին մեղադրանքի տեղիք էր տվել այդ լուսաբանման բնույթը` միակողմանի և բացառապես դրական լույսի ներքո:
Դիտորդ մարմինը հեռուստաընկերությանը նամակով առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ («Խուստուփ» հեռուստաընկերությունը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ):
2010թ. սեպտեմբերի 11-ի պատասխան նամակում հեռուստաընկերությունն ընդունեց այդ առաջարկը և գործի առավել մանրամասն քննության և փաստերին ծանոթանալու համար Դիտորդ մարմնի անդամներին հրավիրեց Ղափան` հանդիպելու կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ:
Դիտորդ մարմինը «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ին տեղեկացրեց Ղափան այցելելու իր մտադրության մասին: Սակայն 2010թ. սեպտեմբերի 28-ի նամակով ՀԿ-ն Դիտորդ մարմնին հայտնեց, որ հրաժարվում է նրա միջնորդությունից և պատրաստվում է դատական միջոցներ ձեռնարկել «Խուստուփ» հեռուստաընկերության դեմ:
Դիտորդ մարմնի որոշումը` «Գործարար հայելի» թերթի դեմ Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանի բողոքի կապակցությամբ
Հարցի նախապատմությունը. 2010թ. ապրիլի 14-ին Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը (Սյունիքի մարզ) դիմել էր Դիտորդ մարմնին` մասնագիտական էթիկայի կանոններին տեղական «Գործարար հայելի» թերթի աշխատակիցների գործողությունների համապատասխանության փորձագիտական եզրակացություն տալու խնդրանքով: Իր նամակում Գորիսի մամուլի ակումբի նախագահը մասնավորապես նշել էր, որ իրեն բազմաթիվ անգամներ զանգահարում և տեղեկացնում են, որ «Գործարար հայելի» թերթի ներկայացուցիչներն այցելում են Գորիսի կազմակերպություններ և առաջարկում են որոշակի փոխհատուցման դիմաց նրանց մասին հոդված գրել կամ հարցազրույց անցկանցնել նրանց հետ:
Դիտորդ մարմինը թերթի գլխավոր խմբագիր Մարինե Հակոբյանին նամակով առաջարկել է սույն վեճում հանդես գալ որպես միջնորդ («Գործարար հայելի» թերթը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): Թերթն առաջարկին չարձագանքեց:
Դիտորդ մարմնի 2010թ. փետրվարի 4-ի փորձագիտական եզրակացությունը` «Դելովոյ էքսպրես» տնտեսական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Նաղդալյանի դիմումի վերաբերյալ` տալ իրենց թերթի հրապարակման կապակցությամբ «Դ.Է.Լ.Վ.» ՍՊԸ-ի տնօրեն, պարոն Դ. Վարդանյանի բողոքի առնչությամբ փորձագիտական եզրակացություն:
Դիտորդ մարմնի որոշումը` «Հրապարակ» թերթի դեմ լրագրող Գայանե Հովսեփյանի բողոքի կապակցությամբ
Հարցի նախապատմությունը. Վանաձորից ազատ լրագրող Գայանե Հովսեփյանը դիմել էր Դիտորդ մարմին`բողոքելով հանրապետական «Հրապարակ» թերթի դեմ` դրա կողմից իր հեղինակային իրավունքների խախտման կապակցությամբ:
Դիտորդ մարմինը թերթին նամակով առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ («Հրապարակ» թերթն ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): Թերթն առաջարկին չարձագանքեց: