Ապրիլի 30, 2002

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Երեւանի մամուլի ակումբը, գնահատելով վերջին ամիսներին Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների ոլորտում կատարված իրադարձությունները, հայտարարում է հետեւյալը.

2002 թվականի փետրվարի 7-ին ՀՀ կառավարությունը, նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ կայացած նիստում, հավանություն տվեց «Զանգվածային լրատվության մասին» մի օրինագծի, որն ընդունվելու դեպքում երկիրը ետ կշպրտվեր մամուլի ազատության բնագավառում վերջին տարիներին նվաճված դիրքերից: Դիմադրության այն հուժկու ալիքը, որ բարձրացավ լրատվամիջոցների եւ հասարակության կողմից, օրինագծի հեղինակներին ստիպեց վերամշակելու նախագիծը: Սակայն հենց միայն նման հետադիմական փաստաթղթի երեւան գալու փաստը, դրա մշակման ընթացքում լրագրողական ընկերակցության հետ երկխոսության բացակայությունը եւ նախագծի հավանության արժանանալն ամենաբարձր մակարդակով, չեն կարող Հայաստանում խոսքի ազատության ապագայի վերաբերյալ տագնապներ չառաջացնել:

2002 թվականի փետրվարի 13-ին դատախազությունն անհեթեթ քրեական գործ հարուցեց ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի, իսկ հենց նույն օրը սկսվեց նույնքան անհեթեթ մի դատավարություն ընդդեմ »Գոլոս Արմենիի» եւ «Երկիր» թերթերի` այլ ԶԼՄ-ի տարածած տեղեկատվությունը հրապարակելու համար: Այս երկու գործերը մեկ անգամ եւս ապացուցեցին, որ Հայաստանի իրավապահ մարմինները եւ դատական համակարգը շարունակում են արհամարհել խոսքի ազատության համընդհանուր սկզբունքները, իսկ պաշտոնյաները` նույնիսկ չեն էլ փորձում հասկանալ, որ իրենց գործողությունները միշտ ենթակա են մամուլի քննադատությանը:

2002 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ, թեկուզ եւ անկատար, օրենքի ակնհայտ խախտումներով անցկացրեց հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ, որոնցից մեկի արդյունքներով, խիստ սուբյեկտիվ գնահատականներով փաստորեն եթերից զրկեց հեռուստալրատվության ոլորտում արդեն իսկ վաստակ եւ մեծ համարում ունեցող «Ա1+» հեռուստաընկերությանը: Հանձնաժողովն ըստ էության կայացրեց քաղաքական որոշում կամ գուցե թե կատարեց քաղաքական պատվեր, իսկ առաջին ատյանի դատարանըª հաշվի չառավ Հանձնաժողովի որոշումները բողոքարկած «Ա1+» հեռուստաընկերության եւ ոչ մի փաստարկ:  Երեւանի մամուլի ակումբը բազմիցս մտահոգություն էր արտահայտել, որ մեկ անձի կամքով ձեւավորված մարմինը չի կարող անաչառ լինել եւ միշտ կամա թե ակամա կախված է լինելու իրեն նշանակած անձից: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն”արդարացրեց՚ ամենահոռետեսական կանխատեսումներըª իրական ռեսուրսներով չապահովված հայտը գերադասելով գործող ու առկա ներուժից, անտեսելով ակնհայտ հասարակական պահանջարկը: Հեռարձակման փորձն ու հանրաճանաչությունը  հաշվի չառնվեցին նաեւ մեկ այլ մրցույթում`«Նոյյան տապան» հեռուստաընկերության մրցութային առաջարկը գնահատելիս: Հանձնաժողովն ըստ էության հասարակության փոխարեն որոշեց, թե այդ հասարակությունն ինչ պիտի դիտի եւ ինչը` ոչ:

Մենք հասկանում ենք, որ մի շարք կուսակցություններ չէին կարող իրենց նպատակների համար չօգտագործել մրցույթների` ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող արդյունքները: Սակայն մեզ մտահոգում է այն, որ «Ա1+»- ի եւ «Նոյյան տապան»-ի խնդիրը, տեղեկատվության ազատության ոլորտից տեղափոխվելով քաղաքական ոլորտ, ընտրությունների նախաշեմին կարող է վերածվել հանրապետության նախագահի ու խորհրդարանական խմբակցությունների միջեւ առեւտրի առարկայի: Նման խաղերին կարող են զոհ գնալ հենց խոսքի ազատությունն ու հասարակության տեղեկություններ ստանալու իրավունքը:

Մեզ մտահոգում է, որ «Ա1+» հեռուստաընկերության խնդիրը պառակտեց լրագրողական հանրության այն միասնությունը, որ առկա էր «Զանգվածային լրատվության մասին» օրինագիծը քննարկելիս: Այդ պառակտումն էլ ավելի է թուլացնում տեղեկատվական դաշտը, եւ լրատվամիջոցներին իրենց հիմնական առաքելությունը կատարելուց շեղում դեպի փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ հրապարակելու ոչ պատվաբեր ուղին:

Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին` ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ավելի խորացնել պառակտվածության վիհը, լրագրողական համերաշխությունը չստորադասել այս կամ այն լրատվամիջոցի այսրոպեական շահերին եւ միավորել ջանքերը` հանուն տեղեկատվության ազատության սկզբունքների հաստատման:

Մենք կոչ ենք անում քաղաքական ուժերին` հրաժարվել ԶԼՄ-ներն իբրեւ օրվա խնդիրներ լուծելու մանրադրամ օգտագործելուց, ազատ մամուլի ներուժը չվատնել սեփական նեղ անձնական շահերի համար:

Մենք կոչ են անում ՀՀ նախագահին եւ իշխանության մյուս օղակներինª լրատվամիջոցները չբաժանել «մերոնցի» եւ «նրանցի», գնալ բոլորի հետ բաց հարաբերությունների` հասարակական համաձայնության հասնելու իրական միտումով:

Երեւանի մամուլի ակումբը հայտարարում է, որ շարունակելու է «Ա1+» հեռուստաընկերության հեռարձակման վերականգնմանը, մամուլում բազմակարծության հաստատմանը, մամուլի ազատության ամրապնդմանը, այդ թվումª ոլորտի օրենսդրության բարելավմանն ուղղված իր ջանքերը:

Ընդունվել է ԵՄԱ ընդհանուր ժողովում,
2002 թվականի ապրիլի 30-ին