Դեկտեմբերի 10, 2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների կապակցությամբ

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից՝ լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի բարենպաստ պայմանների և անկաշկանդ գործելու առումով։ Բուն քվեարկության օրը չի արձանագրվել ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության կամ մասնագիտական գործունեության խոչընդոտման որևէ լուրջ դեպք, իսկ եղած մի քանի փոքր միջադեպերն էլ տեղում հարթվել են։ Սա աննախադեպ երևույթ է, ինչը պետք է ավանդույթի վերածել։

Միևնույն ժամանակ, մենք արձանագրել ենք, որ նախընտրական ժամանակաշրջանում՝ 2018թ. դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ակնհայտորեն չարաշահելով իրենց լիազորությունները, անօրինական գործողություններ են իրականացրել News.am լրատվական կայքի խմբագրությունում։ Իրավապահները լրատվամիջոցից պահանջել են տրամադրել քաղաքական գործիչներից մեկի առցանց ելույթում հնչած հայտարարությունների ապացույցները, ինչը զավեշտալի է և՛ ԶԼՄ գործունեության նորմերի, և՛ իրավունքի տեսանկյունից։ Ավելի վաղ՝ 2018թ. նոյեմբերի 20-ին, նմանատիպ անհիմն պահանջ է ներկայացվել նաև Aysor.am-ի խմբագրությանը։ Բացի այդ, մինչև հիմա ՀՀ ոստիկանությունը և Քննչական կոմիտեն հանրությանը չեն ներկայացրել որևէ ծանրակշիռ հիմնավորում և փաստարկ Yerevan.Today-ում իրականացված խուզարկության անհրաժեշտության և դրա արդյունքների վերաբերյալ։

Խոսքի ազատության և լրատվամիջոցների անկաշկանդ գործունեության տեսանկյունից խիստ մտահոգիչ է, որ ժողովրդավարության զարգացումներին զուգահեռ՝ իրավապահների կողմից երբեմն իրականացվում են կամայականություններ ԶԼՄ-ների նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր իշխանություններին կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել՝ ԶԼՄ-ներին զերծ պահելու ոստիկանական ապօրինի գործողություններից և առավել բարենպաստ պայմաններ ապահովելու լրագրողների և լրատվամիջոցների ազատ գործունեության համար՝ անկախ դրանց քաղաքական ուղղվածությունից։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ