ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովը 2015 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունեց կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Աշխատանքն այդ փաստաթղթի վրա իրականացվել է հույժ գաղտնի պայմաններում, եւ շահագրգիռ լրագրողական կազմակերպությունների՝ օրինագծի մշակմանը մասնակցելու բազմաթիվ փորձերն ու առաջարկներն անտեսվել կամ մերժվել են։
Անտեսվել է նաեւ երեք լրագրողական կազմակերպությունների՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երեւանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մշակած եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովին ներկայացված օրինագծերի ծավալուն փաթեթը, որով նախատեսվում էր հիմնովին բարեփոխել ե՛ւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, ե՛ւ հարաբերություններն այդ ոլորտում ընդհանրապես։
Հետեւողական, որակյալ, պրոֆեսիոնալ օրինաստեղծ աշխատանքի փոխարեն հերթական անգամ խորհրդարան բերվեց հապճեպ պատրաստված մի օրինագիծ, որը նույն հապճեպությամբ էլ քվեարկվեց եւ ընդունվեց: Դրանում ընդամենը փորձ է արվում լուծել գործող օրենքում առկա բազում լուրջ հիմնախնդիրներից միայն երկուսը, որոնք առնչվում են մասնավոր մուլտիպլեքսների լիցենզավորման եւ շահագործման կարգին ու պայմաններին, ինչպես նաեւ՝ թվային հեռարձակման լիցենզիա չստացած տեղական հեռուստակայանների գործունեությանը: Սակայն փոփոխված օրենքի մոտեցումներն անընդունելի են հեռարձակման ոլորտի ազատականացման, զարգացման, մրցակցության խրախուսման տեսանկյունից։
Այսպես՝ ընդունված օրենքում նշվում է. «մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքը»։ Սա նշանակում է, որ այս ոլորտում, ինչպես եւ տնտեսության մեջ ընդհանրապես, իշխանությունները զարկ են տալիս միայն խոշոր ձեռնարկատիրությանը՝ նպաստելով մենաշնորհացմանը եւ անտեսելով փոքր ու միջին բիզնեսի զարգացման անհրաժեշտությունը։
Անընդունելի է նաեւ կառավարության մոտեցումը՝ մեր կողմից վերջին 5 տարիների ընթացքում բազմիցս բարձրացված խնդրի՝ հեռարձակման թվայնացման պայմաններում մոտ 10 մարզային հեռուստաընկերությունները փակվելու վտանգից զերծ պահելու վերաբերյալ։ Եթե մինչ օրենքի փոփոխությունը նախատեսվում էր ամեն մարզում միայն 1 տեղական հեռուստաընկերության առկայություն, ապա հիմա խնդիրը փորձ է արվում լուծել արտաքուստ շատ պարզ ձեւով. արդեն երրորդ անգամ երկարացնել հեռուստաընկերությունների անալոգային հեռարձակման լիցենզիաների ժամկետը մինչեւ մասնավոր մուլտիպլեքսի ստեղծումը կամ մինչեւ նոր մրցույթների անցկացումը։
Իրականում այս պարզության մեջ կա ե՛ւ խտրականություն, ե՛ւ արդիական խնդիրներ լուծելուց խուսանավում։ Փաստորեն, 2010 թվականին լիցենզիա ստացած մարզային հեռուստաընկերությունները 2016թ. հունվարի 1-ից գործելու են հեռարձակման թվային համակարգով, իսկ մնացածները՝ անալոգայինով, ինչը սկզբունքորեն հակասում է թվայնացման գաղափարին եւ միջազգային կարգավորող նորմերին: Անալոգային հեռուստաալիքները հայտնվում են անբարենպաստ մրցակցային միջավայրում՝ ինչպես ազդանշանի որակի, պաշտպանվածության, այնպես էլ լսարանին հասանելիության ու գովազդատուների համար գրավչության առումով: Ստացվում է, որ իշխանությունները նշված տեղական հեռուստաընկերությունները չեն փակում օրենքի ուժով, բայց ստեղծում են անհավասար պայմաններ, որոնք կարող են հանգեցնել նրանց գործունեության աստիճանական դադարեցմանը։ Մինչդեռ, խնդիրը կարող էր լուծվել, օրինակ, փոքր մուլտիպլեքսների ստեղծմամբ եւ պարզ լիցենզավորման համակարգի ներդրմամբ, ինչը մենք տարբեր տարիներին բազմիցս առաջարկել ենք։
Ընդունված օրենքը չի լուծում նաեւ Հայաստանի հեռարձակման ոլորտի մի շարք ավանդական խնդիրներ. կարգավորող մարմնի (Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի) անկախություն, իր գոյությունը ապահովող հարկատուների առջեւ Հանրային հեռուստառադիոընկերության հաշվետվողականություն, լիցենզավորման մրցույթների թափանցիկություն եւ անաչառություն:
Ամփոփելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների մշակման վերջին հինգ տարիների ողջ գործընթացը, մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրում ենք.
— Ընդունվել է մի օրենք, որը նախորդ՝ 2010 թվականի փոփոխությունների պես հնացած ու անհեռանկարային է ստեղծման պահից, իսկ ժամանակակից պահանջներին համապատասխանող հեռարձակման ոլորտի ձեւավորումը ՀՀ իշխանությունների օրակարգում տեղ չունի,
— Միակ խնդիրը, որն ակնհայտորեն փորձում է լուծել ընդունված փաստաթուղթը, հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական վերահսկողության պահպանումն է, ինչը անհարիր է ժողովրդավարական հասարակությանը ու անտրամաբանական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում,
— ՀՀ իշխանությունները, գործընթացը ձգձգելով եւ հանրային մասնակցության պատրանք ստեղծելով, գիտակցաբար ձախողեցին քաղաքացիական հասարակության, տեղական եւ միջազգային փորձագետների հետ համագործակցությունը, այն դեպքում, երբ դեռ մի քանի տարի առաջ հավաստիացնում էին, թե խոսքի եւ ԶԼՄ-ների ազատությանը վերաբերող ոչ մի օրինագիծ չի ընդունվի առանց ոլորտի ներկայացուցիչների հետ շահագրգիռ քննարկման:
Ելնելով վերը շարադրվածից՝ փաստում ենք, որ ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմինների կողմից չենք տեսնում կառուցողական համագործակցության պատրաստակամություն եւ հայտարարում ենք, որ, այսուհանդերձ, շարունակելու ենք անել ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի հեռարձակման ոլորտի զարգացումը եւ խոսքի ազատությունը չխոչընդոտվեն թերի օրենսդրությամբ:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ