Դեկտեմբերի 7, 2015

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտումների կապակցությամբ

2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը, արձանագրվել են քվեարկության գործընթացը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ ֆիզիկական բռնություններ, օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստեր։

Ցավոք, կրկնվեց այն ամենը, ինչը Հայաստանում տեղի է ունեցել բազմիցս. ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ ահագնանում են հարձակումներն ու ճնշումները լրագրողների վրա, որովհետեւ նրանք կարող են խառնել այն ուժերի խաղաքարտերը, որոնք խտրականություն չեն դնում միջոցների մեջ եւ «հաղթանակ» են ապահովում ընտրակաշառքների, կեղծիքների և չարաշահումների հաշվին։ Ինչպես միշտ, այս նպատակով լայնորեն օգտագործվեցին թաղային «հեղինակությունների» ծառայությունները։

Համաձայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախնական տվյալների, այդ գործողությունների հետեւանքով դեկտեմբերի 6-ին ԶԼՄ-ների 2 ներկայացուցիչներ (Ռաֆայել Աֆրիկյանը՝ iLur.am լրատվական կայքից եւ Էդուարդ Ավետիսյանը՝ «Ասպարեզ» օրաթերթից) ենթարկվել են բռնության։ Եվս 13-ը բախվել է  մասնագիտական գործունեության տարբեր բնույթի խոչընդոտումների։ Դրանցից ամենանողկալին մայրաքաղաքի Կոմիտասի 56 հասցեում տեղակայված «Այո»-ի շտաբից դուրս եկած կնոջ արարքն է՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ճանապարհը փակելը, հրելն ու նրա վրա թքելը։

ՀՀ դատախազության տարածքային տարբեր ստորաբաժանումները ոստիկանության համապատասխան բաժիններ են ուղարկել ԶԼՄ-ների հրապարակումներն ու իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդումները՝ նյութեր նախապատրաստելու համար։ Բայց մեր դիտարկումներն ու փորձը ցույց են տալիս, որ այդ քայլերը, որպես կանոն, ձեւական բնույթ են կրում եւ արդյունք չեն տալիս։ Դրա վառ ապացույցներից է 2015թ. հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի դեպքերով հարուցված քրեական գործը, որում իրադարձություններից շուրջ կես տարի անց լրագրողների դեմ բռնարարքներում ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ չկա։

Մենք՝ ներքոստորագրյալներս, վրդովմունք արտահայտելով բռնությունների եւ լրագրողական աշխատանքի խոչընդոտման արձանագրված փաստերի վերաբերյալ, պահանջում ենք.

— Հանրաքվեն նախաձեռնած իշխող կուսակցությունից՝ բացատրություններ տալ երկրի հասարակությանը՝ լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների եւ խոչընդոտումների վերաբերյալ,

— ՀՀ ոստիկանությունից եւ քննչական մարմնից՝ մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն իրականացնել արձանագրված փաստերի առնչությամբ, բացառելով իմիտացիոն մոտեցումները,

— ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն սահմանել վերոհիշյալ իրավապահ մարմինների գործողությունների նկատմամբ եւ հետեւողականություն ցուցաբերել լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքները խախտողներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու հարցում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ–ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ