Սեպտեմբերի 9, 2008

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական անգամ ապացուցեց, որ ԶԼՄ ոլորտում իր նախաձեռնությունները միտված են ոչ թե ազատորեն տեղեկություններ ստանալու եւ տարածելու՝ մարդկանց սահմանադրական իրավունքը ապահովելուն, ոչ թե դաշտը կատարելագործելուն, ոչ թե Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններն ու ԵԽԽՎ բանաձեւերի առաջարկությունները կատարելուն, այլ հեռարձակողների վրա ունեցած տոտալ վերահսկողությունը պահպանելուն եւ ուժեղացնելուն:

Նման հայտարարություն անելու հիմք է տալիս ՀՀ կառավարության  օգոստոսի 28-ի նիստում հավանության արժանացած, ապա` սեպտեմբերի 3-ին Ազգային ժողով ներկայացված, սեպտեմբերի 8-ին առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության ԱԺ օրակարգում ներառված ու սեպտեմբերի 9-ի նիստում հապշտապ քննարկված` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, եւ այն ընդունելու անհրաժեշտության մասին ՀՀ կառավարության հիմնավորումը:

Ըստ այդ նախագծի` մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվի: Այսինքն, մինչեւ 2011 թվականի հունվարը որեւէ նոր հեռարձակող կազմակերպություն լիցենզիա ստանալու հնարավորություն չի ունենա:

Այս օրինագիծը մեզ համար անընդունելի է հետեւյալ պատճառներով.

ա) Կառավարությունը, չնայած բազմիցս հնչեցրած խոստումներին՝ թե ոլորտին վերաբերող որեւէ օրինագիծ շրջանառության մեջ չի դրվի առանց շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկման, հերթական անգամ դա արեց գաղտնի, եւ նախագիծը հասարակությանը մատչելի դարձավ միայն սեպտեմբերի 8-ին` ԱԺ հերթական նստաշրջանի բացման օրը: Այս խորհրդապահական գործելակերպը վկայում է, որ կառավարությունում էլ հասկանում էին փաստաթղթի խոցելիությունը:

բ) Օրինագծի հեղինակները, ինչքան էլ ջանացել, այդպես էլ չեն կարողացել որեւէ տրամաբանական հիմնավորում տալ, թե ինչու են մրցույթները դադարեցվում հենց մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը եւ ոչ թե, ասենք,  2012 թվականը: Ո՞ր ծրագրով է նախատեսված, թե հենց այդ թվականից Հայաստանում պետք է սկսվի հեռարձակման թվայնացումը,  ե՞րբ եւ որտե՞ղ է քննարկվել եւ հաստատվել այն, ի՞նչ ժամանակացույցով է իրականցվելու: Մենք  տեղյակ ենք, որ այդպիսի ծրագրի մի նախագիծ որոշակի քննարկումների փուլ անցել է, սակայն խիստ քննադատության է արժանացել ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային փորձագետների կողմից: Դրանից հետո թվայնացման անցնելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ հրապարակ չի հանվել:

գ) Մինչ այժմ անցկացված լիցենզավորման մրցույթների պայմանները չէին կարող ապահովել դրանց արդարությունն ու թափանցիկությունը: Դա է փաստել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` «Ա1+» հեռուստաընկերության գործի վերաբերյալ 2008 թվականի հունիսի 17-ի վճռում: Արդյունքում` Հայաստանում ձեւավորվել է հեռարձակման դաշտ, որը, ըստ բազմաթիվ սոցհարցումների եւ մոնիտորինգների, չի ապահովում բազմակողմանի եւ անաչառ տեղեկատվություն, չի վայելում հասարակության վստահությունը: Հեռարձակողները թույլ են տալիս օրենսդրության բազմաթիվ խախտումներ, որոնք չեն կանխվում լիազոր մարմինների կողմից: Ակնհայտ են ոլորտի մենաշնորհացման միտումները:  Այս պայմաններում, առաջարկելով դադարեցնել մրցույթները, կառավարությունը, ըստ էության, խրախուսում է ներկա՝ հանրության եւ ժողովրդավարական երկրի համար անընդունելի իրավիճակը:

դ) Օրինագծի հեղինակները առաջարկում են իրականացնել ԵԽԽՎ 1620 (2008) բանաձեւի պահանջի ճիշտ հակառակը:  Բանաձեւում հստակ նշվում է. «Վեհաժողովը վերահաստատում է, որ Հայաստանում կա բազմակարծ էլեկտրոնային լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի անհրաժեշտություն եւ, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Ա1+» հեռուստատեսությանը  հեռարձակման արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ դատավճռին, կոչ է անում  արտոնագրեր շնորհող մարմնին՝ այժմ ապահովել արտոնագրման բաց, արդար եւ թափանցիկ ընթացակարգ` համաձայն 2008թ. մարտի 26-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված ուղենիշների եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի»։

Մենք` լրագրողական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ կառավարության այս նախաձեռնությունը որեւէ ընդհանուր բան չունի ո՛չ հեռարձակողների, ո՛չ սպառողների, ո՛չ պետության շահերի պաշտպանության, ո՛չ, ինչպես նշված է կառավարության հիմնավորման մեջ` «հավասար հնարավորությունների ապահովման եւ շուկայական խեղումների բացառման» հետ եւ ընդամենը լիցենզավորման մրցույթներից՝ որպես ավելորդ «գլխացավանքից» ազատվելու մի փորձ է:

Նման օրենքի ընդունումը հանգեցնելու է նրան, որ մենք թվային հեռարձակման ժամանակաշրջան ենք մտնելու ցածրորակ, հանրության պահանջներին եւ միջազգային չափանիշներին չհամապատասխանող, մենաշնորհացված, հետեւաբար եւ` հեշտ կառավարելի հեռարձակողներով:

Այս տարվա հուլիսի 8-ին Երեւանում կայացած «Բազմակարծությունը Հայաստանի լրատվամիջոցներում» միջազգային կոնֆերանսի ամփոփման մեջ արդեն նշվել է, որ ոլորտում առկա խնդիրները  «հետեւանք են բարեփոխումների անհետեւողականության եւ տեղական ու արտասահմանյան փորձագետների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գնահատականների նկատմամբ անբավարար ուշադրության»:

Մենք հերթական անգամ կոչ ենք անում իշխանություններին` հաշվի առնելով ոլորտի խնդիրների բարդությունը, բարեփոխումների նկատմամբ դրսեւորել համակարգված մոտեցում եւ մինչեւ որեւէ օրինագծի հավանություն տալը՝ կազմակերպել թափանցիկ, ընդգրկուն, բազմակողմանի քննարկում` ներգրավելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Միայն այդ կերպ հասարակության շահերին կծառայեցվեն ե՛ւ մրցույթները, ե՛ւ հեռարձակման թվայնացումը, ե՛ւ այլ բարեփոխումները:

Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին` դեմ քվեարկել ներկայացված նախագծին:

ԵՐԵՒԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ