Հունիսի 15, 2011

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հեռարձակման օրենսդրության բարեփոխման գործընթացի կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) կողմից 2010 թվականին ձեւավորվեց Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը կարգավորող օրենսդրական բարեփոխումների  հարցով աշխատանքային խումբ (ԱԽ): Խմբի նպատակն էր` վերամշակել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը` հաշվի առնելով բազմաթիվ քննադատական գնահատականները։ Աշխատանքային խումբը 2011 թվականի փետրվարին հիմք ընդունեց օրենքի նախագծի մեր՝ մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված տարբերակը` այն կատարելագործելու միտումով։

2011թ. մայիսի 31-ին ԱԽ անդամների հարակից դիտողություն-առաջարկներով, ինչպես նաեւ նախնական տարբերակի վերաբերյալ միջազգային փորձագետների եզրակացություններով, նախագիծը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով: Դա նաեւ նշանակում Է ոլորտի հրատապ խնդիրների լուծման նպատակով ձեւավորված աշխատանքային խմբի գործունեության դադարեցում։

Մենք՝ խմբի անդամ ԶԼՄ ոլորտի հասարակական կազմակերպությունները, մեր մտահոգությունն ենք հայտնել օրինագծի ներկա խմբագրության վերաբերյալ, այն առայժմ համարելով անկատար, իսկ աշխատանքների ավարտը՝ վաղաժամ։ Նախագծում կան խորը քննարկման ենթակա մի շարք կարեւոր հարցեր, որոնք անհրաժեշտ վերլուծության չեն ենթարկվել։ Ամբողջովին ու մանրամասնորեն հաշվի չեն առնվել մասնագետների առաջարկությունները, այդ թվում` Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ ի փորձագետների դիտողությունները։

Այս իրավիճակը կասկածի տակ է դնում աշխատանքների սկզբնական եւ առանցքային նպատակը՝ նպաստել, որ ՀՀ Ազգային ժողովը որակյալ օրենք ընդունի։

Հայտնում ենք, որ մենք՝ որպես Նախագծի սկզբնական տարբերակի համահեղինակներ, շարունակում ենք օրենքի լրամշակման աշխատանքները, նպատակ ունենալով այն հետագայում առանձին փաթեթով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով: Հաշվի առնելով այս հանգամանքը, խնդրում ենք ԱԺ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովին` հետաձգել նախագծի հնարավոր քննարկումները։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ձևավորված աշխատանքային խմբի անդամներ`

Նունե ՍԱՐԳՍՅԱՆ, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երեւանի մամուլի ակումբ
Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ