ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԻՄ ընտրությունների ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ նրանց սպառնալու դեպքերի կապակցությամբ
2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտման եւ սպառնալիքի 4 դեպք։ Ընդ որում՝ դրանցից երկուսը զուգորդվել են ֆիզիկական բռնությամբ։
Այսպես, սեպտեմբերի 17-ին Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի թիվ 18 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանը հարձակվել է Armtimes.com-ի ֆոտոթղթակից Տիգրան Մազմանյանի վրա, հարվածել տեսախցիկին եւ հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:
Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքի 19/2 տեղամասում սպառնացել են ազատ լրագրող Ելենա Զոհրաբյանին, խոչընդոտել նրա աշխատանքը։
Հոկտեմբերի 2-ին Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում ընտրողներին ուղղորդող մի կին հարձակվել է Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի վրա, ձեռքից վերցրել նրա հեռախոսը և գետնին խփելով` ջարդել այն:
Նույն օրը Գյումրիի թիվ 34/73 և Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասերում ժամը 20:00-ից հետո անհիմն արգելվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ընտրատեղամաս։
Ըստ էության, լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առումով այս ընտրությունները ոչնչով չտարբերվեցին նախորդներից։ Ավելին, արձանագրված դեպքերը կրկին հաստատեցին, որ մեզանում ձեւավորվել է արատավոր ավանդույթ. ընտրական գործընթացների ժամանակ ահագնանում են ճնշումներն ու հարձակումները ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա։
Ակնհայտ է, որ իրավիճակը չի փոխվել նույնիսկ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահը այս տարվա հուլիսին Երեւանի Խորենացի փողոցում ու Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում տուժած լրագրողներից ներողություն խնդրեց եւ հավաստիացրեց, որ նման դեպքեր չեն կրկնվի։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք իշխանություններից համարժեք քայլեր ձեռնարկել ընտրությունների ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտած անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Մենք ուշադիր հետեւելու ենք իրավապահ մարմինների գործողություններին եւ անհրաժեշտության դեպքում մեր գնահատականները ներկայացնելու ենք հայաստանյան եւ միջազգային հանրությանը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ–ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ