Հուլիսի 4, 2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2017թ. մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Aravot.am-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու կապակցությամբ

ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Մալաթիայի բաժնում որոշում է կայացվել մերժել Երեւանի ավագանու ընտրությունների օրը՝ 2017թ. մայիսի 14-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում Aravot.am-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին սպառնալիքներ եւ վիրավորանք հնչեցնելու դեպքով քրեական գործ հարուցելը։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանն ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչու են ընտրողները քվեաթերթիկներն իրեն ցույց տալիս՝ մինչեւ քվեատուփի մեջ գցելը, նրա վրա գոռալով ասել է. «Տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր, թուլին նայի…»։ Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է Aravot.am-ում եւ այլ ԶԼՄ-ներում։

Որպես մերժման հիմք ոստիկանությունը ներկայացրել է նաեւ Գեւորգյանի բացատրությունը, թե «ինքը ոչ ոքի չի սպառնացել, միայն բարձր տոնով վիճել է եւ նշված հայտարարությունը արել է՝ հարգելով, որ իր դիմաց կին է կանգնած»: Տարակուսանք է հարուցում նաև այն, որ ոստիկանները, անտեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածը («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»), վկայակոչել են միայն 154-ը, որը պատասխանատվություն է նախատեսում քվեարկության գործընթացի խախտումների համար։ Վերջինը ավելի քիչ է առնչվում տվյալ միջադեպին եւ, ամենայն հավանականությամբ, հարմար է խնդիրը կոծկելու համար։

Լուրջ մտահոգություն է առաջացնում եւս մեկ փաստ. թեեւ որոշումն ընդունվել էր դեռ մայիսի 20-ին, սակայն այն չէր տրամադրվում լրագրողին, եւ միայն նրա համառության ու հետեւողականության շնորհիվ, ՀՀ գլխավոր դատախազին դիմելուց հետո՝ հունիսի 30-ին փաստաթուղթը հասավ Հռիփսիմե Ջեբեջյանին։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք.

— ՀՀ ոստիկանապետից՝ պատասխանատվության ենթարկել 2017թ. մայիսի 14-ին 7/46 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի քննությունն իրականացրած պաշտոնատար անձանց՝ ակնհայտ փաստերը անտեսելու, կողմնակալություն ցուցաբերելու եւ անհիմն որոշում կայացնելու համար,

— ՀՀ դատախազությունից՝ քրեական գործ հարուցել տվյալ միջադեպի առնչությամբ, պատշաճ վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ՝ ապահովելով անաչառ քննություն։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ — ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ