Հուլիսի 7, 2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկած՝ տեղեկատվության մատչելիության սահմանափակումներին առնչվող օրինագծերի կապակցությամբ

Պաշտոնական e-draft.am կայքում քննարկման են դրվել ՀՀ վարչապետի 2018թ. սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման, ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի թիվ 1104-Ն և 2016թ. սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։ Դրանցից առաջինով նախատեսվում է e-gov.am հարթակում չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ Երկրորդով՝ չներկայացնել մեկ անձից իրականացվող գնումների մասին տեղեկությունները, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը, օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների տվյալները: Բացի այդ, առաջարկվում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, դրանց արժեքի, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի վերաբերյալ տեղեկությունները:

Այս փաստաթղթերը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ։

Խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 2018թ. հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը, որը հաղթանակ տարավ նաև 2021թ.հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, առաջ է քաշում ժողովրդավարական հասարակությանը ոչ հարիր սահմանափակումներ տեղեկատվության ազատության ոլորտում։ Քննարկման դրված փաստաթղթերի դրույթների ճնշող մեծամասնությունը հակասության մեջ է մտնում Սահմանադրության 51-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ։
Այս իշխանությունների՝ թափանցիկ աշխատելաոճ չորդեգրելու մասին ի սկզբանե վկայում էր փաստը, որ նախաձեռնություն չցուցաբերվեց վերանայելու «Գնումների մասին» ՀՀ օրենքի այն դրույթները, համաձայն որոնց՝ պետության առաջին 3 դեմքերի (ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի) գործունեությանը վերաբերող ծախսերը դեռ նախկին իշխանության օրոք դասվել էին պետական գաղտնիքների շարքում։ Մյուս մտահոգիչ քայլը գրանցվեց, երբ ՀՀ կառավարությունը 2020թ. ապրիլին հավանության արժանացրեց բնապահպանական բնույթի տեղեկատվությունը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը։ Այժմ քննարկման դրված փաստաթղթերի փաթեթն էլ այդ սխալ մոտեցումների տրամաբանական շարունակությունն է։

Ի գիտություն ընդունելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության այսօր տարածած հայտարարությունը՝ այնուամենայնիվ ընդգծում ենք, որ այն չի փարատում մեր մտահոգություններն առ այն, որ իշխանությունն իր սուբյեկտիվ ընկալումներով և նեղ քաղաքական շահերից ելնելով՝ կարգելափակի նաև հանրային հետաքրքրություն և նշանակություն ունեցող տեղեկատվությունը։

Հաշվի առնելով, որ նման տեղեկատվական սահմանափակումները հղի են կոռուպցիոն ռիսկերով, հակասում են ՀՀ օրենսդրությանն ու միջազգային նորմերին, իշխանությունների թափանցիկ գործունեության, հասարակության առջև հաշվետվողականության ժողովրդավարական սկզբունքներին՝ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ՀՀ կառավարությունից պահանջում ենք.

— չեղարկել վերոհիշյալ նախագծերը,

— տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրների լուծումները գտնելու նպատակով համակողմանի քննարկումներ կազմակերպել համապատասխան պետական մարմինների, հասարակական մասնագիտացված կառույցների, անկախ փորձագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ