ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնություններ գործադրելու կապակցությամբ
2022թ․մայիսի 30-ին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք» թերթի լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ՝ հարվածելով ու գցելով նրան։ Բախումների ընթացքում իրավապահները ուժ են գործադրել նաև «YerkirMedia.am» լրատվական կայքի խմբագիր Վահե Սարգսյանի նկատմամբ՝ փորձելով նրան բերման ենթարկել: Երկու լրագրողներն էլ այդտեղ են եղել՝ ակցիան լուսաբանելու համար և կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։
Թեպետ ընդհարումների ժամանակ ոստիկանությունը չի կիրառում մահակներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ, այդուհանդերձ, իրավապահները զերծ չեն մնում անհամաչափ ուժի կիրառումից, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունը բռնությամբ խոչընդոտելուց։ Մինչդեռ, ոստիկանները պարտավոր են իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների համար աշխատանքի անվտանգ պայմաններ ապահովել։
Խստորեն դատապարտելով հարձակումները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ՝ մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք ՀՀ ոստիկանությունից․
• ծառայողական քննություն իրականացնել և բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին, նրանց պատասխանատվության ենթարկել և այդ մասին իրազեկել հասարակությանը,
• միջոցներ ձեռնարկել՝ ոստիկանության ծառայողների առավել հմուտ գործելաոճի, լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանք և հանդուրժողականություն ցուցաբերելու, զանգվածային միջոցառումների ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգության ապահովման համար։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ