ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Անձնական տվյալների մշակման համակարգի թափանցիկության ապահովման վերաբերյալ
2020թ․ հունիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, արձագանքելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի և քաղաքացի Իզաբելլա Սարգսյանի թիվ 345-45 հարցմանը, պատասխանել է, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և արագ բացահայտման նպատակով գործարկված հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգը ստեղծվել է հայ կամավոր ծրագրավորողների կողմից։ Մանրամասնելով, թե «ծրագրավորողները չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, չեն համաձայնել, որ իրենց կողմից անվարձահատույց օժանդակության փաստը հանրայնացվի», Սիսեռյանը հրաժարվել է հավելյալ տեղեկություններ հրապարակել։
Եվրոպայի խորհրդի 108-րդ կոնվենցիայի հանձնաժողովի նախագահի և ԵԽ Տվյալների պաշտպանության հանձնակատարի 2020թ․ մարտի 30-ի համատեղ հայտարարությունում նշվում է․ «Թափանցիկությունը և վերլուծական տվյալների և AI համակարգերի «բացատրելիությունը», նախազգուշական մոտեցումը և ռիսկերի կառավարման ռազմավարությունը (այդ թվում՝ անոնիմիզացված տվյալների վերաանձնականացման ռիսկը), տվյալների որակյալ և նվազագույն ծավալով օգտագործումը, ինչպես նաև մարդկային վերահսկողությունը այն առանցքային դրույթներից են, որոնք պետք է հաշվի առնել COVID-19-ի դեմ պայքարում նորարական լուծումներ ստեղծելու հարցում»։
2020թ․ ապրիլի 2-ին հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին, թե որ կառույցներն են ներգրավված քաղաքացիների անձնական տվյալների մշակման գործընթացում՝ պետական, թե մասնավոր, ինչպե՞ս է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, և հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին:
Հարգելով «հայ կամավոր ծրագրավորողների»՝ անանուն մնալու ցանկությունը՝ հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում գործ ունենք հանրության շահերին առնչվող հարցի հետ, իսկ պատշաճ, ժամանակին և լիարժեք տեղեկատվության բացակայությունը ստեղծում է ապատեղեկատվության և ենթադրությունների տարածման հնարավորություն։ Ուստի, իշխանություններին կոչ ենք անում․
– հրապարակել կամավորների անունները, նրանց հետ կնքված պայմանագրերով նախատեսված կողմերի պարտավորությունները և տեխնիկական առաջադրանքը՝ ներառյալ համակարգի աշխատանքի սկզբունքներն ու կառուցվածքը,
– սահմանել տվյալների մշակման՝ հավաքագրման, օգտագործման և կիրառումից հետո դրանց ոչնչացման նկատմամբ հանրային վերահսկողության գործուն մեխանիզմներ,
– հանրությանը ամբողջական, հասանելի և հասկանալի տեղեկություն տրամադրել համակարգի գործարկման և տվյալների օգտագործման մանրամասների մասին և պարբերաբար տեղեկատվություն հրապարակել դրա կիրառման արդյունավետության մասին։
ԻԶԱԲԵԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Հայտարարությունը բաց է միանալու համար, ցանկացողները կարող են գրել [email protected] հասցեով