Մայիսի 30, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լրագրողների նկատմամբ հանրային անձանց անթույլատրելի վերաբերմունքի կապակցությամբ

2019թ. մայիսի 29-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, դժգոհելով լրագրողներից, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել նրանց հասցեին, ապա նշել, թե իրեն անհաճո հարցեր տալու համար գումար են վերցնում ու պատվեր կատարում։ Մասնավորապես, Ծառուկյանը մատնացույց է արել Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ու ասել, որ վերջինս պետք է պատասխան տա իր հնչեցրած հարցերի համար։

Սա առաջին դեպքը չէ, երբ ԲՀԿ ղեկավարն այսօրինակ վարքագիծ է դրսևորում։ Եվ ցավոք, նա միակը չէ. մենք բազմիցս ենք արձանագրել փաստեր, երբ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ ու հանրային այլ դեմքեր ԶԼՄ ներկայացուցիչների հետ շփվելիս իրենց համար անցանկալի հարցերին ի պատասխան վիրավորում կամ փորձում են ճնշել ու «դասեր տալ» նրանց։

Վերջին ամսվա ընթացքում այդպիսի վարքագիծ են դրսևորել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը՝ Civilnet.am լրատվական կայքի լրագրող Գևորգ Թոսունյանի հանդեպ, նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արտակ Խուլյանի հանդեպ և այլն։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, վրդովմունք ենք արտահայտում այս դեպքերի առնչությամբ և անընդունելի ենք համարում իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների հանդեպ նման վերաբերմունքը։ Մանավանդ, որ այդ միջադեպերը զուգորդվում են ոչ միայն վիրավորական արտահայտություններով, այլ նաև զրպարտությամբ և լրագրողի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելով, ինչը կարող է դատական քննության առարկա դառնալ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք քաղաքական գործիչներից, պետական պաշտոնյաներից՝ հանդուրժողականություն և զսպվածություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս։ Իսկ վերջիններիս կոչ ենք անում՝ չխուսափելով սուր հարցադրումներից, այդուհանդերձ, դրսևորել անհրաժեշտ նրբանկատություն և պատասխանատվություն, հարազատ մնալ մասնագիտական էթիկայի նորմերին, քանզի հաճախ քաղաքական դրդապատճառներով ստեղծվող լարված իրավիճակները կարող են պայթունավտանգ դարձնել առանց այն էլ ծայրահեղ թեժ մթնոլորտը մեդիա դաշտում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ -ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ