Օգոստոսի 2, 2016

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արձագանք» ռադիոյի հիմնադիր Եղիշե Պետրոսյանին կալանավորելու կապակցությամբ

Երեկ՝ 2016թ. օգոստոսի 1-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հասարակության, իշխանությունների ու հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հանդես գալով ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա «Սասնա ծռեր»  խմբի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելույթով, ներողություն խնդրեց լրագրողներից, որոնց նկատմամբ հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղում ցույցը ցրելու ընթացքում ոստիկանները ֆիզիկական բռնություն էին կիրառել, խոչընդոտել նրանց մասնագիտական օրինական գործունեությունը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, ի գիտություն ենք ընդունում այս փաստը։

Սերժ Սարգսյանի ուշադրությունն ենք հրավիրում, որ վերոհիշյալ դեպքերի ընթացքում հանիրավի կալանավորվել է «Արձագանք» ռադիոստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը, որն առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվում է Մալաթիայի «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ ոչ միայն բժիշկների, այլ նաեւ ոստիկանների հսկողության տակ։ Նրա նկատմամբ կասկածանքը՝ զանգվածային անկարգություններ հրահրելը, ուղղակի անհեթեթ է Եղիշեին բոլոր ճանաչողների համար։

Ուստի, որպես իրավիճակի շտկմանն ուղղված անհետաձգելի քայլ՝ նախագահից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Եղիշե Պետրոսյանին անհապաղ ազատ արձակելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ -ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԿ
«ՌԵԳԻՈՆ» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ