Հունիսի 21, 2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2021թ. հունիսի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ԶԼՄ աշխատակիցների իրավունքների խախտումների վերաբերյալ

 

2021թ. հունիսի 20-ի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք։

Մասնավորապես՝ 29/45 ընտրատեղամասում, որտեղ պետք է քվեարկեր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ընտրական հանձնաժողովը Հանրային հեռուստաընկերության և 168.am լրատվական կայքի օպերատորներ Դավիթ Մաճկալյանին և Հենրիկ Սարգսյանին արգելել է նկարահանումներ իրականացնել՝ պատճառաբանելով, որ ԿԸՀ-ի հավատարմագրման վկայականի հետ պարտադիր է անձնագրի առկայությունը։ Այս պահանջը հակասում է Ընտրական օրենսգրքի 32 հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին, որոնց հղում կատարելով՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հաջողվել է խնդիրը հարթել։

Գորիսի 34/03 ընտրատեղամասի բակում անհիմն սահմանափակվել է ParaTV-ի լրագրող Գրիգոր Գևորգյանի աշխատանքը. նրան արգելել են նկարահանել արկղի մեջ լցված քվեաթերթիկները։

Կապանի 35/37 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձն իր հեռախոսով նկարել է «Զանգեզուր TV»-ի լրագրող Անուշ Միրզոյանի գործողությունները, ցուցաբերել անհարգալից վերաբերմունք և կաշկանդել աշխատանքը։

Երևանի 9/21 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձինք վիրավորական, ագրեսիվ պահվածք են դրսևորել FreeNews.am լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի նկատմամբ, խանգարել նրա ազատ գործունեությանը։

Ընտրություններին նախորդող քարոզարշավը նույնպես ուղեկցվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումներով. հունիսի 7-18-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք։

Համեմատության համար նշենք, որ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել է ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման 3 դեպք, 2017-ի ԱԺ ընտրություններին՝ 5 ֆիզիկական և 14 այլ ճնշումների դեպք, 2012-ին՝ համապատասխանաբար 3 և 4։

Քանի որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է խոսքի ազատության և հասարակության տեղեկացված լինելու իրավունքին, պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել հունիսի 20-ի վերոհիշյալ միջադեպերը և իրավական գնահատական տալ դրանց։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, շարունակելու ենք հետևել իրադարձությունների զարգացումներին և կոչ ենք անում իշխանություններին, ընդդիմադիր քաղաքական ուժերին և նրանց համակիրներին, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ հետընտրական ժամանակաշրջանում դրսևորել միմյանց նկատմամբ զսպվածություն, հանդուրժողականություն և հարգալից վերաբերմունք, հրաժարվել ատելության խոսքից, թշնամանքից և հայհոյախոսությունից։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ