Երևանի մամուլի ակումբը՝
գիտակցելով, որ մամուլի ազատությունը խոսքի ազատության ապահովման հիմնարար երաշխիքներից մեկն է,
նշելով, որ մամուլը պետք է հնարավորություն ունենա անարգել ստանալ և հրապարակել տեղեկություններ, տեսակետներ ու մեկնաբանություններ՝ դրանով իսկ հնարավորություն տալով հասարակությանը՝ կողմնորոշվելու կարծիքների բազմազանության մեջ,
արձանագրելով, որ հնարավոր չէ բոլոր դեպքերի համար սահմանել միասնական կանոններ, սակայն կարելի է և պետք է պահպանել այն սկզբունքները, որոնք մշակված են տարիների փորձով,
ընդունում է սույն վարքականոնը:
1. ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Երևանի մամուլի ակումբի անդամը պետք է՝
- իր գործունեությամբ նպաստի խոսքի, տեղեկատվության և մամուլի ազատության հաստատմանը,
- ընդդիմանա իր գործընկերների և զանգվածային լրատվության միջոցների իրավունքների ոտնահարման դեպքերին,
- զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են ընկալվել իբրև խոսքի ազատության սահմանափակման կամ գրաքննության փորձ:
Երևանի մամուլի ակումբի անդամի համար աընդունելի են՝
- զրպարտությունը, անհիմն մեղադրանքները, վիրավորանքը,
- փաստերի միտումնավոր կեղծումը և կոծկումը,
- գրագողությունը, հեղինակային իրավունքի խախտումը,
- այս կամ այն նյութը հրապարակելու կամ չհրապարակելու համար շահագրգիռ անձանցից որևէ ձևով փոխհատուցում ստանալը:
2. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Ճշմարտությունն իմանալու հասարակության իրավունքը
Փաստերի և երևույթների անաչառ լուսաբանումը պետք է լինի հիմնական նպատակ:
Հրապարակման համար նախատեսված ցանկացած նյութի հավաստիությունը պետք է նախապես ստուգվի:
Չպետք է հրապարակվեն ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Ազնվություն և պատասխանատվություն
Տեղեկությունները հավաքելիս, շարադրելիս և մեկնաբանելիս լինել անկողմնակալ և համարձակ:
Հրապարակումներում հստակ սահմանազատել փաստերն ու մեկնաբանությունները:
Սեփական մեկնաբանություններում հենվել միայն ստույգ փաստերի վրա:
Հարգել և պաշտպանել այլոց՝ տեսակետներ ու կարծիքներ արտահայտելու իրավունքը:
Տեղեկատվության աղբյուրներ
Հրապարակման նպատակով տեղեկություններ հավաքելիս զրուցակցին հայտնել իր մասնագիտությունն ու իր ներկայացրած լրատվամիջոցը:
Չչարաշահել լրագրողների հետ շփվելու փորձ չունեցող մարդկանց վստահությունը, մինչև զրույցն սկսելը հայտնել ստացվելիք տեղեկությունների հրապարակման հնարավոր հետևանքները:
Խստորեն պահպանել տեղեկատվության աղբյուրին տված խոստումները:
Հնարավորինս խուսափել տեղեկատվության կոնֆիդենցիալ աղբյուրներ օգտագործելուց:
Սակայն, եթե տեղեկությունը տրված է աղբյուրի գաղտնիության պայմանով, որևէ պարագայում չբացահայտել կոնֆիդենցիալ տեղեկատվության աղբյուրը:
Շահերի բախում
Գիտակցել, որ քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելը կամ քաղաքական որևէ կազմակերպության անդամակցելը կասկածի տակ են դնում անկախ լրագրողի վարկը:
Հրաժարվել արտոնություններից, վճարից, նվերներից, որոնք մասնագիտական անկախության հետ հակասության մեջ են մտնում և հանգեցնում են վստահության կորստի:
Ձեռք բերված տեղեկությունները և կապերը չօգտագործել անձնական, նեղ խմբակային նպատակների համար:
Անձնական կյանք
Գիտակցել, որ անձնական բնույթի տեղեկություններ հավաքելն ու հրապարակելը կարող են վնասել և ցավ պատճառել մարդուն:
Հարգել և պաշտպանել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Ծայրահեղ հասարակական անհրաժեշտությամբ կարող է արդարացվել միայն պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին միջամտությունը: Այն դեպքում, երբ խոսքի ազատությունը հակասության մեջ է մտնում մարդու մյուս հիմնարար իրավունքների հետ, մամուլի ակումբի անդամն ինքնուրույն է վճռում, թե ինչին տալ նախապատվությունը և պատասխանատվություն է կրում իր վճռի համար:
Համամարդկային արժեքներ
Որևէ ձևով չքարոզել պատերազմ, ազգային, կրոնական թշնամանք և անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական և լեզվական հայտանիշներով խտրականություն, բռնություն, պոռնոգրաֆիա:
Երևանի մամուլի ակումբի անդամներն իրենց գործունեության համար հաշվետու են միմյանց, ԵՄԱ մասնագիտական էթիկայի հանձնաժողովի և ակումբի վարչության առջև:
Սույն խմբագրմամբ ընդունված է Երևանի մամուլի ակումբի 2002 թվականի ապրիլի 30-ի ընդհանուր ժողովում: