2007թ. Որոշումներ/եզրակացություններ

Դիտորդ մարմնի 2007թ. դեկտեմբերի 17-ի որոշումը` «Առավոտ» թերթի դեմ Քնարիկ Մեհրաբյանի բողոքի կապակցությամբ

Հարցի նախապատմությունը. Քնարիկ Մեհրաբյանը դիմել էր Դիտորդ մարմին` բողոքելով «Առավոտ» օրաթերթի 2007թ. հոկտեմբերի 11-ի համարում տպագրված «Մեռածից փող չեն պահանջում» հոդվածի կապակցությամբ:

Լսելով «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի և հոդվածի հեղինակ Ռուզան Մինասյանի պարզաբանումները` Դիտորդ մարմինը որոշեց ձեռնպահ մնալ հրապարակման առթիվ եզրակացություն տալուց: Միևնույն ժամանակ «Առավոտի» գլխավոր խմբագրին ուղարկվեց նամակ` ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնին տվյալ հրապարակման համապատասխանության վերլուծությամբ:

Դիտորդ մարմինն ընդգծեց, որ նման որոշումը պայմանավորված է եղել հոդվածի հրապարակման օրը` հոկտեմբերի 11-ին խմբագրությունում տեղի ունեցած պատահարով, ինչպես նաև նրանով, որ բողոքը պարունակում էր վիրավորանքներ հոդվածի հեղինակի հասցեին:

Դիտորդ մարմնի 2007թ. նոյեմբերի 7-ի որոշումը` մի շարք թերթերի, այդ թվում` «Առավոտի» դեմ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի բողոքի կապակցությամբ

Դիտորդ մարմինն ընդգծեց, որ կարող է քննել միայն «Առավոտի» դեմ բողոքը, քանի որ դրանում նշված մյուս պարբերականները չեն ստորագրել ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը:

«Առավոտի» կապացկությամբ Դիտորդ մարմինը որոշեց դադարեցնել բողոքի քննությունն` այն հիմնավորմամբ, որ բողոքի առարկա դարձած հոդվածները հրապարակվել են թերթի կողմից Վարքականոնը ստորագրելուց առաջ:

Դիտորդ մարմնի 2007թ. սեպտեմբերի 12-ի փորձագիտական եզրակացությունը` «Ազգ» օրաթերթի դեմ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի բողոքի կապակցությամբ:

Դիտորդ մարմնի 2007թ. սեպտեմբերի 12-ի փորձագիտական եզրակացությունը` 2007թ. մայիսի 12-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ԶԼՄ-ների գործունեության կապակցությամբ:

Դիտորդ մարմնի 2007թ. հուլիսի 4-ի և 25-ի որոշումները` Lragir.am ինտերնետային թերթի դեմ Միացյալ ազատական ազգային կուսակցության և «Ազգ» թերթի դեմ ՀՅԴ բողոքների կապակցությամբ

Դիտորդ մարմինը եզրակացրեց, որ երկու դեպքում էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնի և դրան կից ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման սկզբունքների վերաբերյալ Հռչակագրի դրույթները չեն խախտվել:

Դիտորդ մարմնի 2007թ. հուլիսի 4-ի փորձագիտական եզրակացությունը`Հայկական երկրորդ հեռուստաալիքի դեմ Սամվել Մարտիրոսյանի քաղաքացիական բողոքի կապակցությամբ: