ՆԱԽԱԲԱՆ
Սույն կանոնադրությունը կարգավորում է Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակի (հետագա տեքստում՝ ԵՄԱ մրցանակ) շնորհումը։
ԵՄԱ մրցանակների կարող են արժանանալ Հայաստանում գործող ԶԼՄ-ները, ԶԼՄ-ների աշխատակիցները (խմբագիրներ, մենեջերներ, լրագրողներ, մեկնաբաններ, օպերատորներ, ռեժիսորներ եւ այլն), ստեղծագործական խմբերը կամ ԶԼՄ-ների առանձնացված խմբագրություններն ու ծրագրերը, ազատ լրագրողները, ովքեր իրենց ժուռնալիստական աշխատանքներն այս կամ այն կերպ (գրքեր, ցուցահանդեսներ եւ այլն) ներկայացնում են հանրությանը, ժուռնալիստական տեսությամբ եւ հետազոտություններով զբաղվող կազմակերպություններն ու անհատները, ժուռնալիստական կրթությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատները, լրատվամիջոցների զարգացմանը նպաստող եւ լրատվամիջոցների հետ բաց ու թափանցիկ աշխատող պետական, քաղաքական, հասարակական գործիչները։
Ա. ԱՆՎԱՆՈՒՄԸ
Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակ։
Բ. ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԹԻՎԸ
Տարեկան շնորհվում է 5-ից ոչ ավելի մրցանակ։
Գ. ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ (ՆՈՄԻՆԱՆՏՆԵՐԻ) ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ԵՄԱ մրցանակի հավակնորդներին (նոմինանտներին) կարող են առաջադրել ԵՄԱ անդամները, լրագրողները, հասարակական եւ այլ կազմակերպությունները։
Հավակնորդին (նոմինանտին) առաջադրող անձինք եւ կազմակերպություններն իրենց առաջարկությունները (հայտերը) ԵՄԱ են ներկայացնում գրավոր։ Հայտում պետք է նշվեն հետեւյալ տեղեկությունները. ով է առաջադրում, ում է առաջադրում, ինչ աշխատանքի (գործունեության) համար եւ ինչ անվանակարգում։ Անվանակարգի ընտրության սահմանափակում չի նախատեսվում, եթե առաջարկը նախաբանում թվարկված բնագավառների շրջանակից դուրս չէ։
Յուրաքանչյուր անձ, կազմակերպություն իրավունք ունի ԵՄԱ մրցանակի առաջադրելու ոչ ավելի, քան երկու հավակնորդի։
Նույն հավակնորդը կարող է առաջադրվել տարբեր անձանց, կազմակերպությունների կողմից, տարբեր անվանակարգերով եւ տարբեր աշխատանքների համար։
Հավակնորդների առաջադրման վերջին ժամկետը ընթացիկ տարվա հունիսի 15-ն է։
Հավակնորդներն առաջադրվում են նախորդ տարվա հունիսի 15-ից մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ն ընկած ժամանակաշրջանի աշխատանքների (գործունեության) համար։
Դ. ԵՄԱ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻՆ (ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ) ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ԵՄԱ մրցանակի դափնեկիրներին (մրցանակակիրներին) որոշելու համար հատուկ հանձնախումբ (ժյուրի) չի ստեղծվում։ Մրցանակակիրներին որոշում է ԵՄԱ ղեկավար մարմինը՝ վարչությունը։
Վարչության՝ մրցանակակիրներին որոշելու օրակարգով նիստերին կարող են հրավիրվել հավակնորդներին առաջադրած անձինք, կազմակերպությունների ներկայացուցիչները՝ հիմնավորելու համար իրենց առաջադրումները։
Վարչությունն իրավունք ունի ԵՄԱ մրցանակը շնորհել միայն այն անվանակարգերում եւ այն աշխատանքների (գործունեության) համար, որոնք նշված են անհատների, կազմակերպությունների հայտերում։
ԵՄԱ մրցանակ շնորհելու մասին որոշումներն ընդունվում են վարչության անդամների քվեարկությամբ (փակ գաղտնի կամ բաց)՝ ձայների պարզ մեծամասնությամբ։
Վարչությունը որոշում է նաեւ հանդիսավոր արարողության ժամանակ տվյալ տարվա մրցանակները մրցանակակիրներին հանձնող անձանց։
Ե. ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՄԱ մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա հուլիսի 18-ին՝ ԵՄԱ հիմնադրման օրը։ Մրցանակների հանձնման օրը կարող է փոխվել վարչության որոշմամբ։
Զ. ԵՄԱ ՄՐՑԱՆԱԿԸ
Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակը ներառում է՝
1. դիպլոմ (շնորհագիր)
2. ԵՄԱ խորհրդանիշով արձանիկ՝ «Երեւանի մամուլի ակումբի մրցանակ-0000 թ.» մակագրությամբ
3. դրամական պարգեւ, թանկարժեք նվեր կամ այլ նյութական խրախուսում։
Ընդունվել է ԵՄԱ վարչության 2006թ. ապրիլի 4-ի նիստում