2009թ. Որոշումներ/եզրակացություններ

Դիտորդ մարմնի որոշումը`«168 ժամ» թերթի դեմ «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի բողոքի կապակցությամբ

Հարցի նախապատմությունը. 2009թ. հունիսի 25-ին «168 ժամը» հրապարակել է «Ովքե՞ր են կանգնած ՀՌԱԿ-2-ի հետևում» հարցազրույցը: «Ազգի» կարծիքով, հարցազրույցը ոչ ստույգ տեղեկություններ է պարունակում:

Դիտորդ մարմինը որոշում կայացրեց կազմակերպել երկու թերթերի ղեկավարների` «Ազգ» և «168 ժամ» թերթերի գլխավոր խմբագիրներ Հակոբ Ավետիքյանի և Սաթիկ Սեյրանյանի հանդիպումը:

Դիտորդ մարմնի 2009թ. մայիսի 12-ի փորձագիտական եզրակացությունը` «168 ժամ» թերթի դեմ «Ժառանգություն» կուսակցության բողոքի կապակցությամբ

Հարցի նախապատմությունը. «Ժառանգություն» կուսակցության բողոքը վերաբերում էր «168 ժամ», «Չորրորդ իշխանություն», «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Հրապարակ» թերթերի հրապարակումներին: Դրանք, դիմողների կարծիքով, պարունակում էին կեղծ տեղեկություններ, ապատեղեկատվություն կամ կուսակցության համար վիրավորական արտահայտություններ:

«Չորրորդ իշխանություն», «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Հրապարակ» թերթերին, որոնք ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չեն, Դիտորդ մարմինն առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ: Քանի որ վերոհիշյալ թերթերը առաջարկին չարձագանքեցին , «Ժառանգության» բողոքը քննվեց մասնակիորեն` Վարքականոնը ստորագրած «168 ժամ» թերթի երկու հրապարակումների մասով:

Դիտորդ մարմնի 2009թ. մայիսի 12-ի փորձագիտական եզրակացությունը` «Ազգ» թերթի դեմ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի և «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի բողոքի կապակցությամբ:

Դիտորդ մարմնի որոշումը`«Առավոտ» օրաթերթի դեմ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի բողոքի կապակցությամբ

Հարցի նախապատմությունը. 2009թ. հունվարի 9-ին Դիտորդ մարմինը քննեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երկու անդամների բողոքը «Առավոտ» օրաթերթի դեմ, որը 2008թ. դեկտեմբերի 11-ին հրապարակել էր «Նմանվում ենք եվրոպական երկրներին» հոդվածը: Հոդվածը նվիրված էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստերից մեկին: Դիմողների կարծիքով, հոդվածը պարունակում էր փաստական անճշտություններ, անհիմն կերպով կասկածի էր ենթարկում Հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալիզմը:

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը վեճում հանդես եկավ որպես միջնորդ` «Առավոտին» առաջարկելով տպագրել պատասխանը: Հանձնաժողովի անդամների պատասխանը «Առավոտի» կողմից տպագրվեց 2009թ. հունվարի 14-ին:

Դիտորդ մարմնի որոշումը`«Հրապարակ» թերթի դեմ լրագրող Անուշ Մարտիրոսյանի բողոքի կապակցությամբ

«Հրապարակ» թերթի դեմ` լրագրողի հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ նույն թերթի նախկին թղթակից Անուշ Մարտիրոսյանի բողոքի կապակցությամբ` Դիտորդ մարմինը թերթին նամակով առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ («Հրապարակ» թերթը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): Պատասխան նամակում թերթը հրաժարվեց Դիտորդ մարմնի առաջարկից: