Ապրիլի 26, 2013

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

iLur.am թղթակից Հակոբ Կարապետյանի վրա հարձակման կապակցությամբ

2013թ. ապրիլի 23-ին, ժամը 17:30-ի մոտ iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը Երևանի Նորքի 8-րդ զանգվածի բակերից մեկում լուսաբանելիս է եղել Տարոն Մարգարյանի քարոզարշավը, երբ մի քանի հոգի նրանից պահանջել են դադարեցնել նկարահանումները: Լրագրողը բացատրել է, որ իր մասնագիտական պարտականությունն է կատարում: Ըստ լրագրողի, Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու Աշոտ Պապայանը մոտեցել է և հայհոյելով սկսել է հարվածել իրեն: Նրան են միացել ևս մի քանի հոգի, սկսել են քաշքշել և նույնպես հարվածել: Միջադեպին ներկա է եղել և դրա ականատեսը դարձել ոստիկանության մի մայոր, սակայն որևէ մեկը չի կասեցրել լրագրողի նկատմամբ գործադրվող բռնությունը: Այդ մարդիկ լրագրողի ձեռքից խլել են ֆոտոխցիկը: Քիչ անց մեկը վերադարձրել է ֆոտոխցիկը, որի միջից մաքրված են եղել նկարահանած բոլոր նյութերը:

Ներքոստորագրյալ կազմակերպությունները, դատապարտելով լրագրողի նկատմամբ կատարված այս հարձակումը և բռնությունը, պահանջում ենք իշխանություններից պատժել մեղավորներին և ձեռնարկել համապատասխան միջոցներ` հետագայում նման վայրագությունները կանխելու նպատակով:

Չպատժելու որևէ արդարացում անընդունելի է, քանի որ ակնհայտ այս հանցագործության բացահայտումը որևէ դժվարություն չի ներկայացնում: Եթե այս հանցագործությունը անհետևանք մնա, ոստիկանության ղեկավարության բազմաթիվ հայտարարությունները իրենց քաղաքական չեզոքության մասին դատարկ խոսքերի շռայլում կհամարենք:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ
Երևանի մամուլի ակումբ
«Ինտերնյուս» մամուլիս աջակցության ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Լրագրողներ hանուն ապագայի» ՀԿ