ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՄԱՍԻՆ
AIPCE-ի՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Անտվերպենում կայանալիք ամենամյա ընդհանուր ժողովին ներկայացվելիք հայտարարությունը
Ավելի քան մեկ տարի առաջ Մամուլի տասը խորհուրդ լքեց AIPCE- ն․ նրանցից ինն իրենց անդամակցությունը կասեցրին 2022 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ 2022 թվականի ապրիլին Ուկրաինայի լրագրողական էթիկայի հանձնաժողովը դուրս եկավ դաշինքից՝ բողոքելով Ռուսաստանի՝ Մամուլի դեմ բողոքների հանրային կոլեգիայի շարունակական ներկայության դեմ: Լուծումների շարունակական փնտրտուքներից հետո Բելգիայի ֆրանսալեզու եւ գերմանալեզու լրատվամիջոցների Լրագրողական էթիկայի խորհուրդը 2023 թվականի մարտին դադարեցրեց AIPCE- ի անդամակցությունը:
Մի քանի ամիս տևած միջնորդության գործընթացը, որը, վերջիվերջո, հանգեցրեց ռուսաստանյան խորհրդի վտարմանը եւ ուկրաինացի գործընկերների՝ իրենց անդամակցությունը վերականգնելու պատրաստակամությանը, հնարավորություն տվեց տասը խորհուրդներին վերադառնալ AIPCE:
Հանուն AIPCE-ի հուսալի ապագայի՝ մենք պետք է այդ պառակտումից դասեր քաղենք:
Մեկ տարի առաջ տասը խորհուրդները համերաշխորեն ու հստակորեն արտահայտեցին ուկրաինական խորհրդի հետ իրենց համաձայնությունը՝ հաստատելով, որ ռուսաստանյան խորհրդի անդամակցությունը AIPCE-ին ծաղր է, քանի որ Ռուսաստանում չկա անկախ լրատվամիջոցների ինքնակարգավորման հնարավորություն, լրատվական ողջ ոլորտը Պուտինի պատերազմական քարոզչության գործիքն է, եւ ռուսաստանյան խորհուրդն էլ ընդունել է, որ չի անդրադառնալու Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի լուսաբանմանն առնչվող որևէ բողոքի:
AIPCE- ի՝ Ռուսաստանի անդամակցության անպատշաճության հարցը լուծելու անկարողությունը ստիպեց Հայաստանի, Բելգիայի (CDJ), Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Իռլանդիայի, Մոլդովայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի տասը խորհուրդներին դադարեցնել իրենց անդամակցությունը AIPCE- ին:
Տասը խորհուրդները դժգոհ էին AIPCE- ի համակարգող կոմիտեի կարգավորումից, քանի որ այն թույլ չէր տալիս արժեքներից բխող հակամարտությունը ժողովրդավար ու թափանցիկ ձևով լուծել։
Ցավոք, տասը խորհուրդները որոշեցին դադարեցնել անդամակցությունը դաշինքին, որը Եվրոպայի մամուլի խորհուրդների համար անգնահատելի հանդիպման վայր է: Բայց մենք ստիպված էինք դա անել, քանի որ զգում էինք, որ ժողովրդավարության եւ ազատ լրագրության կարեւոր արժեքները խիստ վտանգված են։
Մենք երախտապարտ ենք Եվրոպական լրագրողների ֆեդերացիայի անդամ Էդրիեն Քոլինի արդյունավետ ու արգասաբեր աշխատանքի համար, որը նա իրականացրել է AIPCE- ի եւ կասեցված անդամների միջև միջնորդ հանդիսանալով՝ նպատակ ունենալով հաղթահարել պառակտումը: Սա մեզ օգնեց դուրս գալ փակուղուց եւ քայլեր ձեռնարկել AIPCE-ի վերամիավորման ուղղությամբ: 2023 թվականի օգոստոսին AIPCE- ն քվեարկեց ռուսաստանանյան խորհուրդը AIPCE- ի անդամակցությունից զրկելու օգտին: AIPCE-ի համակարգող նախկին կոմիտեն իր մանդատը փոխանցեց ժամանակավոր համակարգման կոմիտեին, որի արդյունքում 2023 թ.-ին Անտվերպենում կայանալիք ամենամյա ընդհանուր ժողովին մենք ընտրելու ենք համակարգող նոր կոմիտե:
Այս գործընթացի համար մենք նաեւ շնորհակալ ենք AIPCE-ի միջնորդական թիմին’ Գերմանիայի խորհրդի Ռոման Պորտակին, Նիդերլանդների խորհրդի Դաֆնի Քոենին եւ Հունգարիայի խորհրդի Բալաշ Վեյերին’ կառուցողական եւ արդար մոտեցման համար, ինչը մեզ հնարավորություն տվեց հասնել վերամիավորման:
Որպես դաշինք, AIPCE- ն պետք է հաստատակամորեն պաշտպանի էթիկական լրագրության ու ժողովրդավարության արժեքները: Հույս ունենք, որ AIPCE-ի կանոնադրական փոփոխությունները կօգնեն մեզ ավելի թափանցիկ ու ճկուն դառնալ:
Ուրախությամբ հայտարարում ենք, որ այսօր կարող ենք կրկին միանալ դաշինքին: Խոստանում ենք առաջ մղել դաշինքի նպատակները՝ պահպանել լրագրողական էթիկան ու խթանել խոսքի ազատությունը: Ուրախ ենք, որ կարող ենք Ուկրաինային ողջունել դաշինքում:
Հայաստանի, Բելգիայի (ֆրանսալեզու և գերմանալեզու CDJ), Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Իռլանդիայի, Մոլդովայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի մամուլի խորհուրդներ