Սեպտեմբերի 26, 2006

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի կապակցությամբ

2006 թվականի սեպտեմբերի 25-ին շրջանառության մեջ է դրվել եւ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկվելու է հեռարձակման ոլորտին վերաբերող օրինագծերի փաթեթ, որի մեջ Է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը:

Մեզ՝ լրագրողական հասարակական կազմակերպություններիս, մտահոգում է հետեւյալը.

1) Նախագիծը շրջանառության մեջ է դրվել հապճեպ, առանց շահագրգիռ կողմերի՝ հեռուստառադիոընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների:

2) Որպես օրինագծի ընդունման հիմնավորում բերվում է միայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը: Փոփոխությունների բովանդակության այլ հիմնավորումներ չկան, եւ, ըստ էության, նախագծի միայն 21-րդ հոդվածը կարող էր հիմնավորվել Սահմանադրության 83.2 հոդվածի պահանջով:

3) Օրենքի նախագծում առկա են մի շարք վիճելի դրույթներ, որոնք լուրջ մտավախություններ են առաջացնում խոսքի ազատության եւ հեռուստառադիոհեռարձակման շուկայի արդար ու օբյեկտիվ կարգավորման տեսակետից։ Մասնավորապես՝

ա) Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմավորման առաջարկվող մեխանիզմը, մեր կարծիքով, չի լուծում բազմիցս բարձրացված խնդիրը՝ ՀՌԱՀ-ի անկախությունը։ Մեր համոզմամբ, առաջարկվող մեխանիզմը չի կարող սահմանադրական փոփոխությունների կյանքի կոչման լավագույն տարբերակ  համարվել։ Նախագծում առաջարկվող 21-րդ հոդվածի բովանդակությունը չի համապատասխանում Սահմանադրության 83.2 հոդվածի պահանջին, քանի դեռ հստակեցված չեն թե՛  Ազգային հանձնաժողովի անդամների փոխարինումը սահմանադրական պահանջին համապատասխան, թե վերջինիս կյանքի կոչման ժամկետները, Հանձնաժողովում ՀՀ Նախագահի կողմից նշանակված անդամները գերակշիռ դիրքերում են մնում։ Այսպիսով փորձ է կատարվում օրենսդրությունը Սահմանադրության փոփոխությանը համապատասխանեցնել ապագայում։ Փոխարենը, հաշվի առնելով այն, որ ներկա անդամները նշանակված են ՀՀ Նախագահի կողմից, առաջարկում ենք Հանձնաժողովը համալրել Ազգային ժողովի կողմից ընտրված եւս 8 անդամով, որի արդյունքում կապահովվի անդամների «կես-կես» նշանակման/ընտրության պահանջը եւ չի խախտվի  Սահմանադրության 117 հոդվածի 11-րդ պարբերության պահանջը, ըստ որի՝ «գործող անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչեւ «Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը», ինչպես նաեւ  կերաշխավորվի Հանձնաժողովի հավասարակշռված աշխատանքը:

բ) Նախագծի 16-րդ հոդվածի «գ» կետը, որը վերաբերում է Օրենքի 28-րդ հոդվածին, մասնավորապես՝ Հանրային հեռուստառադիոընկերությունում հեռարձակվող առեւտրային գովազդի ընդհանուր հաղորդումների 5% տեւողության, ինչպես նաեւ հեռարձակվող հաղորդումներն առեւտրային գովազդով  չընդհատելու սահմանափակումների վերացմանը,  մեր կարծիքով, ավելի է առեւտրականացնում հասարակական նշանակություն ունեցող Հանրային հեռուստառադիոընկերությունը։  Կարեւորենք այն փաստը, որ բացակայում է տվյալ առաջարկի հիմնավորումը, ինչն այս պարագայում անընդունելի է։

գ) Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ Ազգային հանձնաժողովն ըստ անհրաժեշտության է հայտարարում ազատ (չզբաղեցված) հաճախականությամբ հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթ, կարծում ենք, ընդլայնում է Ազգային հանձնաժողովի  գործառույթները, ինչը հղի է անկանխատեսելի եւ անվերահսկելի հետեւանքներով: Ինչպե՞ս է որոշվելու անհրաժեշտության չափանիշը, եւ արդյոք դա չի դառնա շուկան սահմանափակելու միջոց։

դ) Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասը, մեր կարծիքով, հակասում է գործող օրենքի (Հոդված 50) եւ օրենքի նախագծի (Հոդված 27) պահանջին: Վերջինս ամրագրում է Ազգային հանձնաժողովի այն պարտավորությունը, որի համաձայն Հանձնաժողովը  «պետք է պատշաճ կերպով հիմնավորի լիցենզավորված անձին ընտրելու, լիցենզիա տալը մերժելու եւ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները»։ Իրականում, մրցույթին մասնակցողի զուտ պարտությունը չի կարող համարվել որպես պատշաճ կերպով հիմնավորում, նմանապես՝ հաղթող ճանաչված մասնակցի հաղթանակի պարագան չի կարող լինել հիմնավորում։ Այդ իսկ պատճառով, կարծում ենք,  պատշաճ կերպով հիմնավորումը պետք է պարունակի հստակ պատճառներ (արտոնագրման չափանիշներ) եւ/կամ թերություններ։

4) Օրենքի նախագիծը հաշվի չի առնում ԵԽ Նախարարների կոմիտեի 1996 թվականի  սեպտեմբերի 11-ի «Հեռարձակման հանրային ծառայության անկախության երաշխավորման վերաբերյալ» R (96)10 եւ 2000 թվականի դեկտեմբերի 20-ի «Հեռարձակման բնագավառը կարգավորող  մարմինների անկախության եւ գործառույթների վերաբերյալ» Rec (2000)23 Հանձնարարականների պահանջները, մասնավորապես՝ կարգավորող մարմինների անկախության եւ նրանց՝ քաղաքական ուժերի միջամտությունից զերծ պահելու վերաբերյալ: Հատկանշական ենք համարում նաեւ այն, որ Նախագծի 31-րդ հոդվածը, որը վերաբերում է վարչական տույժերի կիրառմանը, հակասում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի վերը հիշատակված թիվ (2000)23 Հանձնարարականի  23-րդ կետին, ըստ որի՝ «Օրենքով սահմանված պատժամիջոցների շարքը պետք է մատչելի լինի եւ սկսվի նախազգուշացմամբ»։ Նախագիծը չի նշում «նախազգուշացումը» որպես պարտադիր առաջնահերթ, նախնական պատժամիջոց:

Հաշվի չեն առնված նաեւ այն դիտողությունները, որոնք առկա են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտի՝ 2006 թվականի հուլիսի 26-ի «Մամուլի ազատության իրավիճակը» Հայաստանում զեկույցում: Մասնավորապես՝ հետեւյալ դիտողությունը.

«Որպես առաջին քայլ, Սահմանադրության փոփոխությունով ենթադրվող օրենսդրական փոփոխությունները կառավարության կողմից պետք է նախագծվեն, հրապարակային քննարկվեն քաղաքացիական հասարակության անդամների մասնակցությամբ եւ խորհրդարանի կողմից ընդունվեն հնարավորինս շուտ` անկասկած մինչ 2007 թ. խորհրդարանական ընտրությունները: Այնուամենայնիվ, օրենսդրական փոփոխությունները չպետք է սահմանափակվեն «կիսանախագահական-կիսախորհրդարանական» խորհրդով: Բոլոր խորհուրդների կազմերը պետք է արտացոլեն երկրի քաղաքական-հասարակական բազմազանությունը եւ պետք է ներառեն ՀԿ-ներ եւ մասնագիտական ընկերակցություններ»:

Մենք՝ լրագրողական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին՝ մինչեւ կառավարության ներկայացրած՝ հեռարձակման ոլորտին վերաբերող օրինագծերի փաթեթը քննարկելն ու ընդունելը կազմակերպել հասարակական լսումներ, որի ժամանակ մենք պատրաստ ենք ներկայացնել մեր դիտողություններն ու առաջարկությունները փոփոխությունների բովանդակության վերաբերյալ:

Երեւանի մամուլի ակումբ
Հայաստանի ժուռնալիստների միություն
Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ