Փետրվարի 28, 2007

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ  Ազգային ժողովի կողմից հեռարձակման օրենսդրության փոփոխություններն ընդունելու կապաակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի կողմից ս.թ. փետրվարի 26-ին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի ընդունումը վկայում է, որ ո՛չ Հայաստանի կառավարությունը, որը նախապատրաստել է այդ նախագծերը, ո՛չ խորհրդարանը՝ պատրաստ չեն կամ չեն ցանկանում կատարելագործել հեռարձակման օրենսդրությունը, այն համապատասխանեցնել խոսքի ազատության ժամանակակից սկզբունքներին եւ միջազգային չափանիշներին: Հերթական անգամ մենք բախվեցինք խոսքի ազատության ոլորտին վերաբերող օրինագծերի ծածուկ, «ընդհատակյա» նախապատրաստմանն ու դրանց հապշտապ, ռազմական զորակոչի ոճով քննարկմանն ու քվեարկությանը Ազգային ժողովում:

Փաստարկը, թե իբր օրենքը փոփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջն էր թելադրում արագացված ընթացակարգ, որեւէ քննադատության չի դիմանում: Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց անցել է մեկ տարուց ավելի, եւ ինչպես կառավարական, այնպես էլ խորհրդարանական կառույցները բավականին ժամանակ ունեին քննարկումներ, լսումներ անցկացնելու, եղած առաջարկություններն ուսումնասիրելու, փորձագետների գնահատականներ ստանալու համար: Օրինաստեղծ գործընթացը այսրոպեական քաղաքական կոնյունկտուրային ծառայող իրավական ակտերի պարզունակ դրոշմմանը հանգեցնելը բոլորովին էլ հայկական իշխանությունների կողմից հռչակված ժողովրդավարության սկզբունքներին եւ եվրոպական ինտեգրացման գործընթացներին նրանց հավատարմության մասին չի խոսում:

Երեւանի մամուլի ակումբը եւ գործընկեր կազմակերպությունները 2005 թվականին բազմիցս հայտարարություններ են տարածել, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի` տեղեկատվության ոլորտին, մասնավորապես` հեռարձակվող ԶԼՄ-ներին վերաբերող դրույթները բարենպաստ պայմաններ չեն ստեղծում լրատվամիջոցների ոլորտի օրենսդրության բարեփոխման համար, առաջարկել են փոփոխությունների այլընտրանքային տարբերակներ: Սակայն խորհրդարանական մեծամասնությունն այլ առիթներով կիրառելու արժանի համառությամբ առաջ էր մղում սեփական ձեւակերպումները: Իրադարձությունների հետագա զարգացումն ապացուցեց մեր գնահատականների հիմնավորվածությունը. փոփոխված Սահմանադրությունը էականորեն սահմանափակեց հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը կարգավորող մարմնի անկախությունն ապահովող օրինաստեղծ գործընթացի հեռանկարները:

Միաժամանակ, ս.թ. փետրվարի 26-ին ընդունված, հեռարձակման ոլորտի օրենսդրության փոփոխությունները չեն օգտագործում նույնիսկ այն դրականը, որ կա փոփոխված Սահմանադրության` համապատասխան դրույթներում: Նախ` կարգավորող մարմնի (Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի)` նախագահի կողմից նշանակվող եւ խորհրդարանի կողմից ընտրվող անդամների` Հիմնական Օրենքով սահմանված հարաբերակցությանը, այս փոփոխություններով, հնարավոր է հասնել  միայն 2011 թվականին` այն բանից հետո, երբ ՀՌԱՀ-ն արդեն հաճախականությունների տրամադրման մի ամբողջ շարք մրցույթներ անցկացրած կլինի: Երկրորդ` փոփոխությունները չեն ապահովում ՀՌԱՀ-ի կազմի հասարակական-քաղաքական բազմազանությունը. ըստ առաջարկվող ընթացակարգերի՝ Ազգային ժողովի կողմից ՀՌԱՀ անդամներ ընտրելու որոշումը կկայացնի խորհրդարանական մեծամասնությունը, որը, ինչպես ցույց է տալիս Հայաստանի քաղաքական պրակտիկան, միշտ Նախագահի հետ նույն ճամբարում է: Այլ խոսքով` կարգավորող մարմինը, ինչպես որ նախկինում, կձեւավորվի բացառապես իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժերի կողմից, եւ այս առումով օրենսդրության փոփոխությունն էական նորություն չի մտցնում: Երրորդ` ինչպես եւ նախկինում, չեն ապահովվում հասարակության մասնակցությունը ՀՌԱՀ-ի ձեւավորմանը եւ նրա կողմից որոշումների ընդունման թափանցիկությունը: Չորրորդ` պահպանվում է ՀՌԱՀ-ի անդամների բաժանումը վճարվողների (մշտապես աշխատող ՀՌԱՀ նախագահ եւ փոխնախագահ) եւ չվճարվողների, ինչը պայմանավորում է նրանց լիազորությունների միջեւ մեծ ճեղքվածքը եւ խախտում է որոշումներ ընդունելու կոլեգիալության սկզբունքը: Հինգերորդ` ՀՌԱՀ-ի իրավասությունների ոլորտի լայնացմանն ու դրա մեջ հանրային հեռարձակումը ներառելուն, ինչը նախատեսված է փոփոխված Սահմանադրությամբ, չի հետեւում Ազգային հանձնաժողովի կողմից Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության կարգավորման մեխանիզմների սահմանումը:

Հերթական անգամ բաց թողնվեց հնարավորությունը` կատարելագործելու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն ամբողջությամբ, վերացնելու բազմաթիվ այն թերությունները, որ առկա էին նրանում` 2000 թվականի հոկտեմբերին ընդունվելու պահից, եւ ոչ թե սահմանափակվելու միայն այն դրույթներով, որոնք հակասում էին փոփոխված Սահմանադրությանը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի մշակման եւ ընդունման ողջ գործընթացը ցույց տվեց լրագրողական հանրության կարծիքի բացահայտ եւ ցինիկ անտեսումը կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության կողմից: Հասարակական կազմակերպությունների ոչ մի առաջարկություն` ներկայացված փորձագիտական եզրակացության, հեռարձակման օրենսդրության բարեփոխումների հայեցակարգի, վերջապես` պատրաստի օրինագծի տեսքով, այդպես էլ ուշադրության չարժանացավ: Հաշվի առնվեցին միայն առանձին դիտողություններ, որոնք մատնանշում էին պաշտոնական փաստաթղթի ակնհայտ տեխնիկական սխալները: Ցավոք, շահագրգիռ կողմերի հետ ինչ-որ բան քննարկելուց իշխանությունների ցուցադրաբար հրաժարվելը ավանդույթ է դառնում հայկական օրենսդրական պրակտիկայում:

Ազգային ժողովում փետրվարի 26-ի քվեարկությամբ անտեսվեցին նաեւ մինչ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը ԵԽ փորձագետների հետ խորհրդակցություներ անցկացնելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կոչը ՀՀ իշխանություններին, ինչպես նաեւ` ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի հանձնարարականները եւ փոփոխությունների օրինագծերի փորձաքննություն անցկացնելու առաջարկությունը: Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխանող հեռարձակման օրենսդրության ձեւավորումը ԵԽ անդամ դառնալիս Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն էր, իսկ հետագայում դրա կատարելագործման անհրաժեշտությունը նշվել էր այդ միջազգային կազմակերպության բազմաթիվ փաստաթղթերում: Սակայն այդ գործընթացը մնում է երկրում ժողովրդավարական բարեփոխումներին դիմակայելու վկայություն:

Իշխող կոալիցիան ներկայացնող խորհրդարանական խմբակցությունների դիրքորոշումն այս հարցում դեռ կարելի է բացատրել փոխադարձ քաղաքական պարտավորություններով. ինչքան չլինի՝ փոփոխությունների նախագծերը ներկայացված էին հենց կոալիցիոն կառավարության կողմից: Իսկ իրենց «ընդդիմադիր» կամ «անկախ» համարող, սակայն օրինագծերին կողմ քվեարկած եւ դրանով իսկ դրանց ընդունմանը նպաստած առանձին պատգամավորների պահվածքը նույնիսկ մեկնաբանելն էլ անհարմար է: Չէ՞ որ հենց նրանք են անընդհատ բողոքում հեռարձակվող ԶԼՄ-ների վրա իշխանությունների վերահսկողությունից, մինչդեռ իրենց քվեարկությամբ ամրապնդում են գոյություն ունեցող իրավիճակը:

Վերն ասվածը մտահոգություն է առաջացնում ոչ միայն երկու օրինագծերի ընդունման պատճառով, այլ նաեւ՝ հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երկրի հասարակական-քաղաքական իրավիճակն ընդհանրապես: Չափազանց շատ են այն բանի նախանշանները, որ սպասվող ընտրարշավը քաղաքական ուժերի կողմից որոշակի արժեքներին հավատարմություն հռչակելու փոխարեն սպառնում է վերածվելու ցինիզմի, հետադիմական տրամադրությունների եւ հարմարվողականության պաշտամունքի ցուցադրության: